Վերջին 10-ը տարում ավելի քան 600 լրագրող եւ ԶԼՄ աշխատակից է սպանվել՝ մասնագիտական պարտքը կատարելիս, տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջից : Ըստ աղբյուրի, փաստորեն յուրաքանչյուր շաբաթ աշխարհում որեւէ լրագրող է զոհվում՝ մասնագիտական պարտքն իրականացնելիս:
Լրագրողների հանդեպ բռնությունները կանխարգելելու նպատակով ՄԱԿ-ի կոորդինացիոն խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ իր պատմության մեջ առաջին անգամ գործողությունների պլան է մշակել՝ լրագրողների անվտանգության ապահովման եւ անպատժելիության խնդրի վերաբերյալ:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի, նոյեմբերի 22-23-ին Վիեննայում՝ հերթական խորհրդակցության ժամանակ էլ կհստակեցվեն հետագա անելիքները: Խորհրդակցությունը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Հանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ:
Ի դեպ, նոյեմբերի 23-ը հայտարարված է անպատժելիության դեմ պայքարի միջազգային օր:
Կարդացեք նաև
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, մասնավորապես դատապարտելով այս տարվա վերջին 9 ամիսների ընթացքում 100 բլոգերների ու լրագրողների սպանության փաստը, նշել է, որ հանցավորությունը նախորդ տարիների համեմատ աճել է: Իր զեկույցում խոսելով լրագրողների անվտանգության ապահովման եւ նրանց դեմ ուղղված ոտնձգությունների անպատժելիության մասին, տիկին Բոկովան նշել է, որ լրագրողների մի ստվար մասն էլ ենթարկվում է անօրինական ձերբակալությունների, ահաբեկությունների ու ֆիզիկական հաշվեհարդարի, եւ սա այն դեպքում, երբ
լրագրողի մասնագիտական պարտքը կատարելիս խոչընդոտած անձանց միայն 10 %-ին է մեղադրանք առաջադրվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ