Այսօր լրագրողների հետ հանդիպեց մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը: Նա պատմեց, որ առաջին անգամ ռեկորդ նվաճելու ցանկություն ունեցել է 2005 թվականին: Այդ ժամանակ պտտաձողի վրա կատարել է 307 պտույտ, որը չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
2009 թվականին հայտ է ներկայացրել 350 պտույտի համար: Վեց ամիս անց ստացել է առաջին ռեկորդի դրական պատասխանը: Դրանից հետո փորձել է հեղինակային ռեկորդ սահմանել. մեկ ձեռքով պտտաձողի վրա կատարել է 75 պտույտ: Դա նույնպես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Երրորդ ռեկորդը Ֆահրադյանը սահմանել է երկու ձեռքով: Անցյալ տարի նոյեմբերին կատարել է 670 պտույտ: Ասում է` երրորդի ժամանակ խնդիր է առաջացել սերտիֆիկատի ստացման համար: Նրա խոսքով, ցանկացել են ուրիշ ազգի ներկայացուցչի տալ, այլ ոչ թե հայի:
Կարդացեք նաև
«Որեւէ մարմնամարզիկ չի ունեցել երրորդ սերտիֆիկատը մարմնամարզությունից: Դրանից հետո ունեցել եմ 1144 պտույտ, սակայն այն գրանցել եմ հայոց դյուցազնագրքում»,-ասաց մարմնամարզիկը:
Ֆահրադյանի խոսքով, դժվարություններ եղել են մարզումների ժամանակ: Ունեցել է մեծ ֆիզիկական ծանրություն: Օրինակ` մեկ ձեռքով պտույտ կատարելու համար մարզվել է 3-5 ամիս:
Ռեկորդներ սահմանելով մարմնամարզիկը ցանկացել է իմանալ իր հնարավորությունների սահմանը:
Դյուցազնագրքի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով, ներկա դրությամբ 10 հայորդի գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ դժվար է այդ գրքում գրանցվելը: Ըստ նրա, Դավթի արածը հերոսություն է: «Երկար բեղերի ու մազերի ռեկորդները արագ գրանցում են, բայց նման դժվարություններ հաղթահարելուց՝ երկար քննարկում են»,- փաստեց Թովմասյանը: Նա կարծում է, որ աշխարհում շատ քիչ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան անցնել Դավթին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ