«Փյունիկ» – «Գանձասար» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
«Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը տեղեկություններ չունի: Նա Aravot.am-ի զրույցում վերահաստատեց տեղեկությունը, թե ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը հեռացվել են աշխատանքից: Ըստ պարոն Դանիելյանի, բժիշկն ու դարպասապահների մարզիչը ալկոհոլի ազդեցության տակ են եղել այդ օրը ու հեռացվել դրա համար, իսկ գլխավոր մարզիչը ալկոհոլ չի օգտագործել. «Ուղղակի կարգապահական, մարզական բան կա, որի հետեւանքով հեռացվել է»:
Պարոն Դանիելյանը խաղից հետո բժշկի հետ Կապանից վերադարձել է նույն ավտոբուսով . «Այդ ժամանակ միասին ենք եղել: Հետո կարգապահական տույժերը հետեւել են ակումբի գործադիր տնօրենի կողմից, այդ հարցերը քննարկվել են ու հեռացվել է աշխատանքից: Ես մեկ շաբաթ է՝ նրանց չեմ տեսել»:
Մեր հարցին, առիթ կա՞ր, որ ակումբի անձնակազմը ալկոհոլ էր օգտագործել, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Քեֆ, ուրախություն չէր: Վերադառնում էին Կապանից, երեւի երկար ճանապարհ է, չեմ կարող ասել, ամեն մեկի խնդիրն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե բժշկի մասին տեղեկություններ կան, որ անհետ կորած է ու ընտանիքի անդամներն էլ գտնվելու վայրի մասին չգիտեն, պարոն Դանիելյանը պատաասխանեց, որ անհետ կորած չէ. «Նա հայտնի մարդ է, չեմ կարող ասել, երեւի հեռախոսն անջատել է: Նման տեղեկություն չունեմ: Ասում եմ ՝ մենք վերադարձել ենք ամսի 7-ի գիշերը, որից հետո ոչ գլխավոր մարզիչին, ոչ դարպասապահների մարզիչին, ոչ էլ բժշկին չեմ տեսել»:
Պարոն Դանիելյանի տեղեկացմամբ, Վարդան Մինասյանն արդեն նշանակվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, իսկ դարպասապահների մարզիչի ու բժշկի պաշտոնակատարները դեռ չեն նշանակվել: Ըստ նրա, կադրային խնդիր կա:
Հիշեցնենք, որ ըստ մի քանի լրատվամիջոցներում հրապարակված լուրերի՝ «Փյունիկ» – «Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ծեծել է ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին ու նրա գտնվելու վայրն այս պահի դրությամբ անհայտ է: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել, մանրամասներն ուսումնասիրում են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ