Այսօր «Հայացք» ակումբում բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը եւ հոգեբանական գիտությունների թեկնածու Գայանե Ղազարյանը խոսեցին նոյեմբերի 14-ին նշվող շաքարային դիաբետի դեմ պայքարի օրվա ու այդ հիվանդության մասին:
Բայբուրդյանի խոսքով՝ շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը կարեւոր հիշեցում է հանրությանն այն մասին, որ դիաբետի տարածումը տարեցտարի անշեղորեն մեծանում է եւ ներկայումս աշխարհում գրանցված է մոտ 250 մլն մարդ, որոնք ունեն շաքարային դիաբետ, եւ յուրաքանչյուր հիվանդի կողքին կանգնած է այն մարդը, ոը եւս հիվանդ է, բայց ախտորոշված չէ, ու հետեւաբար այդ թիվը կրկնապատկված է: «Յուրաքանչյուր 12-15 տարին մեկ հիվանդների թիվը կրկնապատկվում է: Տպավորություն է, որ շաքարային դիաբետը կրում է լուրջ ինֆեկցիոն համաճարակի բնույթ: Հիվանդների 10-15 տոկոսը կազմում է մանկական դիաբետը: Հայաստանում առողջապահության նախարարության տվյալներով՝ 1-18 տարեկան մոտ 370 երեխա կա շաքարային տիպ 1 դիաբետով հիվանդ, իսկ մեծահասակների թիվը կազմում է 56 հազար, որի մոտ 10 տոկոսը տիպ 1 շաքարային դիաբետով է հիվանդ. դա ինսուլին կախյալն է, այսինքն՝ այն, որ կա ինսուլինի բացարձակ անբավարարություն եւ այս անձը անպայման պետք է ստանա ինսուլինի թերապիա, իսկ տիպ 2-ը՝ ինսուլին անկախ է, կամ եթե անգամ դրա պահանջն առաջանում է, ապա դա լինում է հիվանդությունը սկսելուց 15-20 տարի հետո»,-տեղեկացրեց Բայբուրդյանը, բացատրելով, թե ինչից է առաջանում տիպ 2 շաքարային դիաբետը: Ըստ բժշկի՝ դրա համար կարեւոր է ժառանգական նախատրամադրվածությունը, ճարպակալումը: Իսկ տիպ 1-ի համար՝ ավելի շատ ռիսկի գործոնն է՝ վիրուսային հիվանդությունները, գրիպի, ջրծաղիկի համաճարակից հետո հավանականությունը մեծանում է:
Ինչ վերաբերում է հանրության մեջ տարածված այն տեսակետին, ճի՞շտ է, արդյոք, որ վախից առաջանում է շաքարային դիաբետ, բժիշկն ասաց. «Մեր ամբողջ կյանքը սթրես է, բայց վախից շաքարային դիաբետ չի առաջանում, պիտի լինի ժառանգական նախատրամադրվածություն, որ սթրեսային ֆակտորը առաջացնի նման հիվանդություն»:
Կարդացեք նաև
Ղազարյանն էլ հավելեց, որ շաքարային դիաբետը համարվում է փսիխոսոմատիկ հիվանդություն, այսինքն՝ նախատրամադրվածությունը պարտադիր է, բայց ոչ բոլոր մարդկանց մոտ է այն արթնանում. «Ապացուցված է, որ հիմնական արթնացուցիչ, նպաստող պայմանը դա հոգեբանական խնդիրներն են: Համարվում է այն մարդկանց մոտ, որոնց մոտ կա հակում դեպրեսիաների նկատմամբ, վերջինների 65 տոկոսի մոտ ռիսկը շաքարային դիաբետի հանդեպ մեծանում է: Իսկ նրանք, որոնց մոտ արդեն կա շաքարային դիաբետ, նրանց մոտ դեպրեսիաները շատ են, իսկ դա բավական լուրջ խնդիր է»,- հավելեց հոգեբանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ