«Ուսանողը հասարակության մի մասն է կազմում: Երկրում տիրում է սոցիալական ծանր վիճակ, ուսանողությունը նույնպես այդ վիճակի կրողն է, քանի որ աշխատունակ չէ: Երթը քաղաքական ենթատեքստ չունի, բխում է ուսանողության շահերից, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին կազմակերպում է բողոքի երթ՝ ուսանողության խնդիրները վերհանելու համար:
Մհեր Ղազարյանի պնդմամբ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2 տարի առաջ էլ է զանգվածային միջոցառում իրականացրել ուսանողների կրթաթոշակների եւ այլ խնդիրների վերաբերյալ.
«Մեր խմբակցությունն ամենաակտիվն է: Անդրադառնում է ժողովրդի ազգային, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում խնդիրներին վերաբերող ցանկացած հարցի»:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանի համոզմամբ՝ տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են կուտակվել ուսանողության շրջանում: Բանախոսը կարծում է, որ կառավարությունը իր վրա դրված գործառույթները հստակ չի կատարում.
«Երթը ավարտվելու է ցույցով Կառավարության շենքի դիմաց: Կառավարությանը կհանձնվի նամակ, որտեղ գրված կլինեն մի շարք խնդիրներ: Խնդիրներից մեկը մենտրոպոլիտենի հարցն է, տրանսպորտային միջոցների կազմակերպման, ճաշարանների ստեղծման, ուսման վճար եւ այլ խնդիրներ: Հաշվի ենք առել մի շարք ուսանողների կարծիքներ, կատարել ենք մասնագիտական ուսումնասիրություններ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ