Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց. «2013-ի պետբյուջեի նախագիծը այլ կերպ չեմ կարող անվանել, քան կոնսերվացման բյուջե: Նախագիծն ընթերցելիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի մասին է: 2013-ին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Դա նշանակում է, որ աշակերտների թվը 2013-ին լինելու է 6800-ով պակաս: Պաշտոնական կանխատեսմամբ՝ աշակերտների թիվը լինելու է 27000-ով պակաս, քան 2009-ին: Եվ կառավարությունը սա համարում է պատեհ առիթ՝ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի ֆոնդը կրճատելու համար: Սա այլ կերպ, քան արտագաղթի խրախուսում, դժվար է անվանել, որովհետեւ եթե աշակերտների նվազմանը համապատասխան քո արձագանքն այն է, որ մարդկանց գրպանից 542 մլն դրամ ետ ես վերցնում, նշանակում է՝ գործընթացը քեզ չի անհանգստացնում»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է արտագաղթածների գումարը տաս չարտագաղթածներին, որ ուղերձ ստանան եւ մնան: Իսկ եթե դա չեն անում, նշանակում է՝ կառավարում են արտագաղթը:
Նա առաջարկեց այդ փողը տալ սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներին՝ որպես աշխատավարձ, քանի որ սահմանամերձ, լեռնային գոտում ուսուցչական կադրերի խնդիր կա եւ պետք է շահագրգռել. «Նրանք գործող կառավարության համար պոտենցիալ հեղափոխականներ են, ահա եւ նա մաշեցնում է այդ հեղափոխական պոտենցիալը»:
Նա նաեւ նշեց, որ սոցիալական ոլորտի ծախսերն էլ են կրճատվում 4 մլրդ դրամով, սոցիալական կենսաթոշակի ֆոնդը պակասել է 203 մլն դրամով, աշխատանքային կենսաթոշակի ֆոնդը՝ 1.6 մլրդ դրամով. «Զարհուրելին այն է, որ չկա որեւէ բացատրություն, թե ինչու են մարդիկ պակասում: Ոչինչ ասված չէ արտագաղթի տեմպերի, չափերի մասին: Սփյուռքահայ լսարանի առջեւ արտագաղթի մասին կեսբերան մտահոգություն հայտնելը ընդամենը մտահոգություն հայտնել է: Քանի որ չկա կոնկրետ ոչինչ, արտագաղթի մասին Սերժ Սարգսյանի արած մտահոգությունները բաժակաճառի նշանակություն են ստանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ