Նոյեմբերի 9-11-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ գիտության, կրթության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաժողովի անդամներով արտագնա նիստ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։
Արտագնա նիստը եղել է համատեղ, որին մասնակցել են նաեւ ԼՂՀ խորհրդարանականները։ Նիստը կայացել է Շուշիում՝ Արցախի մշակույթի նախարարության նորակառույց շենքում։ Նիստի օրակարգում երկու հարց է եղել. մշակույթի եւ կրթության ոլորտների բարեփոխումները՝ որպես երկու երկրների հզորացման եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման նախապայման։ Համատեղ աշխատանքի արդյունքում հայ եւ արցախցի խորհրդարանականները 9 կետից բաղկացած հուշագիր են ստորագրել, որում ներառվում են կրթության, գիտության, սպորտի եւ մշակոււյթի բնագավառներում հետագա համատեղ գործունեության, այսպես ասած, ծրագրային դրույթներ։
Հայաստանցի եւ արցախցի խորհրդարանականները այցելել են տեղի հակաօդային զորամաս, ճաշել զինվորների հետ, ծանոթացել նրանց առօրյային։ Եղել են այցելություններ նաեւ պատմամշակութային տեսարժան վայրեր՝ Սբ. Ղազանչեցոց, Գանձասար եւ Դադիվանք եկեղեցիներ։
Պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանն իր խոսքում կարեւորեց սույն ձեռնարկին՝ երկու երկրների գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը։ Պատգամավորի կարծիքով՝ քանի դեռ ԼՂՀ-ն ներկայացված չէ բանակցային գործընթացներում, շատ կարեւոր է, որ Հայաստանի գործադիր իշխանությունը նշված ոլորտներում հավուր պատշաճի կարողանա ներկայացնել Արցախը աշխարհին։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ