Համեստ Կարապետյան
Լրացավ հայ իրականության մեջ գործող ամենահայտնի գրական ամսագրերից մեկի՝ «Բագինի» 50-ամյակը: Տպագրվելով Բեյրութում՝ նա ոչ միայն տեղ է տվել ու բացահայտել մեր մեծ գրողներին, այլեւ մշտապես միավորել է աշխարհասփյուռ հայությանը:
«Բագինն» իր վերջին համարում տպագրել է մեր հայրենակից Ասքանազ Ավագի Կարապետյանի հետաքրքիր ու տառապալից հուշերը՝ քաղբանտարկյալի՝ իր կյանքից: Մարդ, որ լուռ ու հպարտ ապրում էր իր կյանքի մնացած բաժինը մեր կողքին, բայց ոդիսեւսյան առանձին համառությամբ ու հույսերով սպասում էր եւ տեսավ հայոց անկախությունը. երկար պայքարել էր սիբիրյան բանտերում՝ ազգային գաղափարներ ու կամք արտահայտելու համար, եւ միշտ մերժվել կոմունիստական հասարակարգում: «Սուլթան Համիդն ու Էնվեր փաշան չկարողացան հայոց ոգին կոտրել, դուք եւս չեք կարող». հնչեցրել է նա սովետական դատարանում 1949թ., ասել է ու… Այս խոսքերի մասին ինքը չի պատմել. հարազատների ու ընկերների վկայությունն արձանագրել է նրա դուստրը՝ Համեստ Կարապետյանը, ով նաեւ հավաքել ու խմբագրել է հուշերը՝ «Ծանր վարագույր» վերտառությամբ:
Ներկայացնում ենք այդ ամենից մի քանի հատված.
«Առավոտյան Անդրեեւը ինչ-որ տեղ գնաց: Հետո հասկացա, որ նա ստուգում էր գետանցի հնարավորությունը. բանն այն էր, որ մայիսի սկզբներին Չումիշն սկսում էր ազատվել սառույցի հաստ կապանքներից, որոնք գոյանում էին նոյեմբերին: Դեկտեմբերից սկսած, սովորաբար սառցաշերտի հաստությունը հասնում էր մեկ մետրի, եւ ողջ ձմռան ընթացքում նույնիսկ բեռնատարներն ու այլ մեխանիզմներ հանգիստ անցուդարձ էին անում նրա վրայով: Մարտ-ապրիլին հսկիչները ծակում -ստուգում էին սառույցի հաստությունը, եւ, եթե այն մոտենում էր քսան սանտիմետրի սահմանագծին, արգելվում էր երթեւեկությունը՝ մինչ հալոցքի ավարտը:
Այդ օրը գետն իր ողջ լայնությամբ լի էր հսկա սառցաբեկորներով, եւ գետանցն՝ անհնար: Հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ինձ տարան գետափ ու նավակ նստեցրին: Երեքական աժդահա տղամարդիկ սկսեցին թիավարել, իսկ երկուսն էլ երկաթածայր, երկար ձողերով, ամբողջ ուժով հեռու էին վանում սառցակտորները. այլապես, մի քանի բախում դրանց հետ, եւ մենք ջրասույզ կլինեինք…
Չնայած «քաղաքական» ծանր վիճակիս՝ չէի կարողանում կտրվել բնության այդ հրաշքից ու չհիանալ դրանով: Գետի ալիքները երբեմն իրար վրա էին նետում սառցակտորները, որոնք ճայթյունով կտոր-կտոր էին լինում, մանրանում ու դանդա՜ղ լողում ջրի ընթացքով: Պղտոր ալիքները մի պահ ետ էին քաշվում ու նոր ուժով դրանք իրարով տալիս: Այդպես գետը հետզհետե ազատվում էր սառույցից, վերստանում բնական տեսքը: Տեսարանը, գրավելուց բացի, նաեւ մտորումների տեղիք էր տալիս. ահա, գետն այսօր-վաղը կլինի ազատ, հանգիստ ու հպարտորեն կընթանա դարավոր հունով, իսկ մարդը… Մարդը, որ ստեղծվել է, ըստ ավանդույթի, Արարչի կերպարանքով ու համարվում է ամենազորն աշխարհում, դեռ երկա՜ր պիտի հանդուրժի մեկ կամ մի քանի բռնակալների՝ խնամքով ու ամուր ագուցած շղթաները…»:
«Ժամանակ առ ժամանակ ինձ տանում էին հարցաքննության: Երբեմն ծեծում էին, երբեմն ողջ գիշեր գամում աթոռին ու հարցաքննում, նույնիսկ բնական պետքով դուրս գալ չէր թույլատրվում: Ուզում էին խոստովանություն կորզել. իբր ազգայնամոլ եմ, դաշնակցականների հետ կռվել եմ խորհրդային զորքերի դեմ (ծնվել եմ 1924 թ.) եւ այլն: Քսանչորս ժամ պահեցին սառնարանում, որտեղ բետոնե առաստաղից կաթում էր սառը ջուրը, թրջում հագուստս՝ մինչեւ վերջին թելը…»:
«Մի օր էլ տեղամաս բերեցին մեզ արդեն ծանոթ Մաքսիմ Սեմենյուկին ու պրոֆեսոր Շերյաեւին: Նրանց դատապարտել էին քսանհինգ տարվա ազատազրկման: Սեմենյուկը, այնուամենայնիվ, չէր կորցրել իրեն հատուկ լավատեսությունը:
-Ոչինչ, այդ ընթացքում կամ էշը կսատկի, կամ իշատերը…
Արդեն երկու պրոֆեսորների բարեկամությունն էի վայելում: Մյուսը Սկիբիեւսկին էր՝ ֆիզիկական հետազոտությունների ասպարեզում հայտնի մի անձնավորություն, որի խորհուրդները երիտասարդիս շատ բան էին տալիս՝ աշխարհայացքի ընդլայնման տեսակետից:
Մեկ այլ, շատ հայտնի մարդու էլ էր վիճակված ծանոթանալ: Այդ մարդու մականունը Կովկասյան Վագր էր (իսկական անունը Լյովա՝ Շամախուց): Նա փոքր- ինչ կուզիկ էր, բայց տպավորիչ. հանցագործ, որի ահից այն ժամանակ դողում էր ողջ խորհրդային քրեական աշխարհը: Լյովայի՝ գաղութ գալու օրվա երեկոյան իմացանք, որ քրեականների բարաքներից մեկում թունել են գտել, որով կալանավորները պետք է փախչեին, այնուհետեւ մատնիչը հայտնաբերվել է եւ, ինչպես պատմում էին, ստիպված է եղել կախվել. Կովկասյան Վագրի պահանջն էր դա: Նրա «օրոք» տիրում էր կարգ ու կանոն. բացառվում էր ծեծկռտուքը, մատնությունը, սպանությունը, բոլորն էլ զգաստանում էին…»: