Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում ոսկե մեդալ կլիներ, եթե գերծանր քաշային ծանրորդին չզրկեին հավաքներից

Նոյեմբեր 14,2012 13:50

Էյլաթում անցկացված ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունում Հայաստանի ութ ուսանող մարզիկներից վեցը մեդալ նվաճեցին: Ընդ որում, չորսը` արծաթե, երկուսը` բրոնզե:

Վերադարձից հետո «Առավոտը» զրուցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:

– Պարոն Ալավերդյան: Ստացվել է այնպես, որ վերջին տարիներին հայ մարզասերը մեր ծանրորդներից հաղթանակներ է ակնկալում: Եվ եթե նրանք միջազգային մրցասպարեզներից վերադառնում են առանց ոսկե մեդալների, դա որպես անհաջողություն է գնահատվում: Այս առումով Էյլաթի մրցելույթները բավարա՞ր եք գնահատում:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, բավարար է: Ութ մասնակցից վեցը երկամարտում մրցանակային տեղ է զբաղեցրել: Ընդ որում, երկուսը հավասար արդյունքով ոսկին զիջեցին միայն անձնական ավել քաշի պատճառով:

– Դա ընդամենը պատճառաբանություն չէ՞:

– Ոչ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, հատկապես +105 կգ Հայկ Հակոբյանը պատրաստ էր հաղթել ամենահեղինակավոր գերծանր քաշային կարգում, եթե մեր բանակի մարզական ակումբը նրան ուսումնամարզական վերջին հավաքից չտաներ սպորտային վաշտ:

– Ավելի հանգամանալից կպատմե՞ք:

– Աշխարհի առաջնության մեկնարկից մոտ 15 օր առաջ նախապատրաստական վերջին հավաքն էինք անցկացնում: Հայկն էլ հավաքականի հետ էր: Սակայն անհասկանալի պատճառներով որոշվել էր, որ ծանրորդը պետք է գտնվի սպորտային վաշտում: Ու նրան տարան` մարզումները կիսատ թողնելով: Բանակում ծառայելը բոլորի պարտականությունն է: Դրանում երկու կարծիք չկա: Սակայն բացառություններ կան: Մարզիկը պատրաստվում է մի քանի օրից հանդես գալ աշխարհի առաջնությունում, որտեղ նրանից հաղթանակ է ակնկալվում: Նա պատրաստ է Հայաստանի դրոշը բարձրացնել եւ օրհներգը հնչեցնել: Բայց չգիտես ինչ տրամաբանությամբ նրան չեն թողնում շարունակել նախապատրաստվելը եւ վերադարձնում են սպորտային վաշտ: Դրա դեմ էլ ոչինչ չէի ունենա, եթե մարզումները վաշտում շարունակելու պայմաններ լինեին: Այնտեղ ծանրամարտով զբաղվելու ոչ մի հարմարություն, անգամ վարժասարք չկա: Ի՞նչ էր շահելու մարզիկը. այդ 15 օրում նրա զինվորական պատրաստվածությո՞ւնն ավելացավ, ի՞նչ անհետաձգելի անհրաժեշտություն կար հենց նրան շտապ ու անհետաձգելի տանել վաշտ: Ոչ մի: Արդյունքում ի՞նչ ունեցանք: Այդ մի քանի օրը մարզիկի ներկայությունը սպորտային վաշտում խիստ անհրաժեշտություն չէր, ու նրա ոչ մի հմտություն այնտեղ չավելացավ: Դրա փոխարեն՝ նա զրկվեց ծանրորդի համար հատուկ սննդաբաժնից, մարզվելու, գոնե մարզավիճակը պահպանելու հնարավորությունից, որի ընթացքում անձնական բավականին կիլոգրամներ կորցրեց ու արդեն մրցավայրում ցույց տվեց իր իրական հնարավորություններից ցածր արդյունք:

– Մոտ ժամանակներս նույն վայրում կայանալու է Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունը: Մեր մարզիկներն ինչպե՞ս են նախապատրաստվում: Ավելի ճիշտ, ուսանողների աշխարհի առաջնության մասնակիցներից կրկին մեկնելո՞ւ են Իսրայել:

– Երկու տարիքային խմբերի մեր ծանրորդները նախապատրաստվում են: Մտադիր ենք ամբողջական թիմերով հանդես գալ: Հիմա մի փոքր վաղ է անուններ տալ: Բայց Հայկ Հակոբյանն ամենայն հավանականությամբ կմեկնի, որովհետեւ նրա հետ այս անգամ էլ ոսկե մեդալի հույսեր ունենք կապված: Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում երկու աղջիկ էլ ունենք: Իզաբելլա Յայլյանը 53 կգ քաշային կարգում կմասնակցի 20 տարեկանների, իսկ +75 կգ քաշային Նաիրա Հարությունյանը 23 տարեկանների առաջնությանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930