Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնացած գվարդիան» պետք է զիջի իր տեղը

Նոյեմբեր 14,2012 13:48

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ թատրոնի եւ սերնդափոխության մասին

Վերջերս ավարտվեց Երիտասարդ բեմադրիչների հանրապետական 7-րդ փառատոն-ստուգատեսը։ Ամենամյա այս թատերական միջոցառումը, արդյոք, չի՞ նմանվում այն որոշ փառատոների, որոնք կազմակերպվում են «գալոչկայի» համար։ Մանավանդ, որքան էլ խոսում ենք երիտասարդներին տեղ տալու մասին, փաստն այն է, որ մեր գրեթե բոլոր թատրոնները ղեկավարում են տարեց մարդիկ։

«Առավոտը» հանդիպեց թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության ¥ՀԹԳՄ) վարչության քարտուղար, փառատոնի ժյուրիի անդամ Լեւոն Մութաֆյանին։

«Մեր որոշակի անգործությունը վարժվել ենք լցնել տարբեր տեսակ փառատոներով։ Երիտասարդական այս փառատոնն ունի գործնական եւ հեռանկարային նշանակություն, որովհետեւ ներկայացումների դիտումը վերածվում է մասնագիտական խոսակցություն-քննարկումների։ Երբեմն էլ ճռճռան հայտարարություններ են արվում, թե վարպետության դասեր անցկացնելու նպատակով հրավիրում են մասնագետների՝ «դրսից»։ Այս փառատոնում նման դասեր են տեղի ունենում՝ թատերական բանավեճի մշակույթ ձեւավորելու համար»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե ի՞նչ հեռանկարայինի մասին է խոսքը, պրն Մութաֆյանն ասաց. «Այս փառատոնն ընդգրկված է «Թատերական միությունների միջազգային համադաշնություն» ծրագրում։ Հետեւաբար՝ լավագույն ներկայացումների հեղինակներն արդեն 7-րդ անգամ հրավիրվում են ինչպես «Չեխովյան փառատոնին», այնպես էլ՝ «Մոսկովյան ամառային թատերական դպրոցի» դասախոսություններին»։

Թատերագետը հավելեց, որ փառատոնին ներկայացված 9 բեմադրիչներից 3-ը 2013 թ. կմասնակցեն հիշյալ միջոցառումներին։

Ինչ վերաբերում է մեզանում երիտասարդներին տեղ տալուն, պրն Մութաֆյանը հայտնեց. «Ավագները ձեւավորել են հարուստ ավանդույթներ, բայց արդեն իսկ սերնդափոխման քայլերը կան։ Օրինակ, հենց փառատոնի ընթացքում ՀԹԳՄ-ն միջնորդեց 24-ամյա բեմադրիչ Գոռ Մարգարյանին վստահելու Գորիսի պետական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Որտե՞ղ է լսված, որ ավագները հեշտությամբ զիջեն իրենց դիրքերը… Բայց, խնդրեմ, նախադեպը ստեղծվեց, ինչը առաջին լավագույն լուծումն է մարզային մի շարք թատրոնների, որոնք բառացիորեն վերածվել են ինքնագործ խմբերի։ Այսօր բեմադրիչների պակաս կա Կապանի, Արտաշատի պետական թատրոններում։ Իսկ Գավառի թատրոնը կարծես ջնջվել է թատերական քարտեզից»։

Անդրադառնալով կայացած փառատոն-ստուգատեսին՝ հարցրինք, թե մասնակից երիտասարդ բեմադրիչները, արդյոք, պահանջվա՞ծ կլինեն հայաստանյան, այդ թվում՝ երեւանյան խաղացանկային թատրոններում։ Լեւոն Մութաֆյանը պատասխանեց. «Լյուբիմչիկներին ու ստեղծագործական առումով գեղարվեստական ղեկավարներին հպատակվողների ժամանակը անցնում է, «հնացած գվարդիան», ուզած-չուզած, իր տեղը պիտի զիջի երիտասարդներին։ Հասկանալ է պետք, որ մեր թատրոններից շատերում նեխածության ու մգլահոտության մթնոլորտ է տիրում»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930