Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Միրզախանյան. «Ձգտում եմ լինել լավ ռեկտոր ուսանողների համար»

Նոյեմբեր 14,2012 13:42

Հարցազրույց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նոյեմբերի 19-ին կբացի իր թանգարանը: Բուհի 18-րդ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում է, որ այն կդառնա հետազոտական կենտրոն. «90 տարին հսկայական պատմություն է մանկավարժական համալսարանի համար: Դա պատմություն է ժամանակի մասին, որովհետեւ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, իր արտահայտությունն ուներ ուսուցչական կադրերի պատրաստման գործում»:

Ռեկտորին խնդրեցինք ներկայացնել բուհը՝ Բոլոնյան գործընթացի համատեքստում, արդյոք ամեն ինչ «մարսվա՞ծ» է, եւ ինչ մարտահրավերներ կան:

«Թե իմ, թե դասախոսական կազմի եւ թե ուսանողության մեծամասնության կողմից այդ գործընթացից ելնող դրույթներն ընկալվում են դրական: Նոր համակարգը թույլ է տալիս ավելի հաճախակի եւ օբյեկտիվ գնահատել ուսանողի գիտելիքները, ի վերջո այդ ամենը հիմնված է առաջավոր կրթական հաստատությունների փորձի վրա: Դրա հետ մեկտեղ, հանգամանքներ կան, որոնք կարծես մեզ համար չեն: Բոլոնյան գործընթացն, օրինակ, ենթադրում է ազատ տեղաշարժ. ուսանողը մեկ սեմեստրը կարող է սովորել Ֆրանսիայի համալսարաններից մեկում, հետո վերցնելով կրեդիտները՝ շարունակել ուսումը այլ երկրի բուհում: Համաձայնենք, որ նման հնարավորությունները հայաստանցի ուսանողի համար չեն, մինչդեռ Եվրոպայում պատկերը այլ է. ե՛ւ սահմաններն են կրում խորհրդանշական բնույթ, ե՛ւ տարադրամն է ընդհանուր»,- ասում է պարոն Միրզախանյանը:

Նա հավելում է, որ Հայաստանում չպետք է ամեն ինչ մեխանիկորեն կրկնօրինակվի. «Ինտեգրացիոն պրոցեսը կարող է լինել տրամաբանական եւ արդյունավետ, եթե հաշվի են առնվում ազգային, կրթական առանձնահատկություններն ու ավանդույթները, հակառակ դեպքում այդ ամենը դառնում է ծիծաղելի եւ ոմանց համար ընդամենը հնարավորություն՝ մասնակցելու տարբեր կոնֆերանսների եւ ժողովների, այնտեղ խմելու կոկտեյլներ եւ շրջելու խանութներով»:

Մեր դիտարկմանը, թե ըստ Բոլոնյան գործընթացի տրամաբանության, դրան միացած Հայաստանը եւս դառնում է եվրոպական ընդհանուր կրթական տարածքի մաս, մանկավարժական համալսարանի ռեկտորը պատասխանում է՝ նախ պետք է ճշտել, ո՞ր կրթական տարածքում ենք գտնվում իրականում:

«Իսկ մենք գտնվում ենք կրթական նույն տարածքում եւ ունենք միջպետական համաձայնություն ՌԴ-ի հետ, որը ընդհանրապես իր դրսեւորումներում շատ տարբերվում է եվրոպական կրթական համակարգից: Ի դեպ, մի շարք ռուսական առաջավոր եւ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում խորհրդային շրջանից մինչ այսօր գրեթե ոչինչ չի փոխվել: Ես չեմ ասում՝ դա ճիշտ է կամ սխալ, ուղղակի փաստում եմ: Կա նաեւ մի պարզ ճշմարտություն՝ մենք պետք է ունենանք մեր յուրահատուկ, առաջավոր փորձի վրա հիմնված կրթական զարգացումը, որը եթե տա իր կոնկրետ արդյունքները, արդեն պարզ կլինի, թե որ կրթական տարածքում ենք»,- նշում է ռեկտորը:

Մեր զրուցակիցը արձանագրում է՝ թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ համալսարանը, որոշում է երկու հանգամանք. ովքե՞ր են դասավանդում, եւ ովքեր են շրջանավարտները: Ըստ նրա, սրանք ցուցիչներ են, որոնցով առաջնորդվում են նաեւ հանրահայտ բուհեր. «Օրինակ, տեսնում ես՝ Հարվարդի համալսարանը առաջատարների ցուցակում մի տարի առաջինն է, մեկ էլ հաջորդ տարի հայտնվում է երկրորդ հորիզոնականում: Պարզվում է, պատճառն այն է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր դասախոսների թիվը երկուսով պակասել է»:

Ռուբեն Միրզախանյանի համոզմամբ, միշտ չէ, որ ականավոր գիտնականը լավ դասախոս է լինում, բայց նաեւ կարեւոր է, որ լսարան մտնի տվյալ ասպարեզում հեղինակություն ունեցող մասնագետը: Նրա խոսքով. «Մենք փորձում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանում դասավանդեն մեր հանրապետության անվանի մասնագետները, հեղինակություն վայելող անձնավորություններ…Երբ ասում եմ՝ ովքեր են դասավանդում, անշուշտ կարեւոր է նաեւ, թե ինչպես են դասավանդում, արդյո՞ք դասախոսությունը ինտերակտիվ է: Այսօրվա ուսանողի պահանջը դասախոսից այն չէ, ինչ տարիներ առաջ: Երբ դասախոսը լսարան է մտնում կոնսպեկտով, ու անգամ առանց կոնսպեկտի, դա հիշեցնում է թելադրություն, մինչդեռ ժամանակակից տեխնիկական միջոցներն ունեն արհամարհական վերաբերմունք այս ամենի նկատմամբ: Ի վերջո ցանկացած դասախոսություն եւ ցանկացած նյութ ուսանողը կարող է ստանալ թեկուզ իր հեռախոսով: Այսօրվա դասախոսությունը պետք է լինի ինտերակտիվ, դասախոսը պետք է բազմակողմանի զարգացած անհատ լինի, որը բացառիկ տիրապետում է առարկային: Վերջին երկու տարվա ընթացքում մանկավարժականում սկսել են դասավանդել ԳԱԱ իսկական եւ թղթակից 17 անդամներ, մոտ 5 տասնյակով ավելացել է դոկտորների թիվը: Շատ անձնավորություններ կան, որոնցով հպարտանում ենք: Ուրախ եմ, որ մանկավարժական համալսարանի սպորտի եւ շախմատի ամբիոնի վարիչը Սմբատ Լպուտյանն է, էկոլոգիայի ամբիոնի վարիչը՝ Կարինե Դանիելյանը, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը՝ Մարիամ Հարությունյանը, ռեժիսուրայինը՝ Արմեն Էլբակյանը:

Տարիքն էլ չպետք է որոշիչ լինի մանկավարժական գործունեության համար: Ճիշտ է՝ մանկավարժական գործունեությունը ենթադրում է նաեւ փորձառություն, բայց լավ դասախոսը կարող է լինել ինչպես տարեց, այնպես էլ երիտասարդ»: Ռեկտորը չափազանցված է համարում խոսակցությունները, թե այլ բուհերից պրոֆեսորադասախոսական կազմի հոսք կա դեպի մանկավարժական, մյուս կողմից էլ՝ հավելում է. «Ծայրաստիճան շահագրգիռ ենք ու հետաքրքրված, որ մեզ մոտ դասավանդեն լավագույն մասնագետները, եւ բոլորովին դեմ չենք, որպեսզի նրանք աշխատանքը մեզ մոտ համատեղեն մեկ այլ վայրում աշխատանքի հետ: Ի վերջո, բոլորս գիտենք, որ ամսականները ոչ մի տեղ էլ այնպիսին չեն, որպեսզի հայաստանցի պրոֆեսորը ապրի արժանապատիվ կյանքով»: 12-ամյա կրթակարգին անցնելը բոլոր բուհերին «խփել» է դիմորդների առումով, իսկ մանկավարժականը դրան նախապես էր պատրաստվել, ըստ պարոն Միրզախանյանի, յուրատեսակ փոխհատուցում է տեղի ունեցել մագիստրատուրայի մասով՝ 800-ից ավելի ուսանող են ունեցել: Դիմորդների սակավությունն էլ, ըստ նրա, չի խանգարել, որ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը 2 անգամ բարձրացվի: Ռեկտորը կարծում է, որ մանկավարժականը կարող է դիմորդներ ներգրավել ԱՊՀ երկրներից եւ Արեւելյան Եվրոպայից. վերջին 15 տարիներին Հայաստանից գնացածները բազմաթիվ պատճառներով կցանկանան, որ երեխաները հեռակա կրթություն ստանան Հայաստանում:

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մանկավարժական բուհի լավ ռեկտորը, եւ նախորդ 17 ռեկտորներից ո՞ւմ է հիշում:

«Ես 18-րդ ռեկտորն եմ, բայց հիշում եմ մանկավարժականի ռեկտորներից առնվազն 10-ին: Ինչքան ես ինձ հիշում եմ՝ հիշում եմ մանկավարժական համալսարանում, քանի որ այստեղ 50 տարի աշխատում էր իմ հայրը (Կառլեն Միրզախանյանը-Գ.Հ.): Ես 53 տարեկան եմ, բայց մի 50 տարի գիտեմ բոլոր ռեկտորներին՝ դեմքերով, նույնիսկ գիտեմ, ով ինչ մեքենա ուներ, ով ինչպիսին էր: Եվ Կամո Ուդումյանին եմ հիշում, եւ Համազասպյանին, ով ամենաերկարատեւը պաշտոնավարեց: Ոմանց համար այս կամ այն ռեկտորը լավն էր, ոմանց համար վատը: Այնպես, որ բոլորի համար՝ նույն ռեկտորը լինի լավ, կարծեմ թե չի եղել, եւ ես էլ շատ հստակ գիտակցում եմ, որ ոմանց համար այնքան հաջողված չեմ իրենց կարծիքով կամ ճիշտ իրենց պատկերացումով չեմ: Բայց կարող եմ ասել, թե ինչի եմ ձգտում ես: Ես ձգտում եմ, որ լինեմ լավ ռեկտոր՝ ուսանողների համար: Ամեն ինչ արել եմ եւ կանեմ, ոչ թե նրա համար, որ հաճոյանամ ուսանողներին, ոչ թե այն պատճառով, որ նրանց ուսման տարիները դյուրին եւ խոհրդանշական լինեն, այլ՝ որպեսզի նրանք այստեղից հեռանան գիտելիքներով: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու համար կյանքի լավագույն տարիները ուսանողական շրջանն է: Ի դեպ, մեր կայքում չկա «Հարցեր ռեկտորին» բաժինը, քանի որ ես ամեն հինգշաբթի հանդիպում եմ բոլորի, այդ թվում՝ ուսանողների հետ ու գնահատելով ժամանակակից տեխնոլոգիաների դերը, կարեւորում եմ կենդանի շփումը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930