Երեխան նիհարում է, գիշերամիզություն ունի, անընդհատ ջուր է խմում: Սրանք այն ախտանշաններն են, որոնք հուշում են երեխայի շաքարային դիաբետի մասին: Այսօր «Տեսակետ» ակումբում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ծնողներին կոչ արեց նման երեւույթներ նկատելիս անմիջապես դիմել բժշկի. «Որքան շուտ հայտնաբերվի, այնքան շուտ կխուսափեն բարդություններից»:
Այսօր մեր հանրապետությունում գրանցված է դիաբետով հիվանդ մինչեւ 18 տարեկան 380 երեխա: Ըստ տիկին Աղաջանովայի, նրանց համար անհրաժեշտ դեղորայքն ու արյան մեջ գլյուկոզան չափելու սարքավորումները բավականին ծախսատար են ծնողի համար: Գլյուկոմետր սարքն արժե 10-15 հազար դրամ, բայց դրա հետ օգտագործվող ստրիպերը մշտական ծախս են պահանջում, ամսական 30-40 հազար դրամ միայն ստրիպերի համար պետք է վճարեն: Շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին օգնում է «Երազ» բարեգործական հիմնադրամը, որն անվճար տրամադրում է այդ սարքավորումները:
Բանախոսների ներկայացմամբ, տարածաշրջանում Հայաստանն առաջինն է դիաբետիկների թվով եւ մահացությամբ: Թե ինչն է պատճառը ,«Aravot.am»-ի հարցին՝ Ելենա Աղաջանովան ասաց, որ որեւէ ուսումնասիրություն չկա, այն պայմանավորված է էկոլոգիայով, սննդով, սոցիալական վիճակով, թե բուժօգնության անհասանելիությամբ, միայն հստակ հայտնի է, որ այն ժառանգական հիվանդություն է:
Դիաբետով հիվանդ երեխաներին հասարակությունից չմեկուսացնելու համար,
դպրոցներում կանցկացվեն դասընթացներ, որպեսզի, ըստ Ելենա Աղաջանովայի, նրանց դասընկերները տեղեկացված լինեն եւ ճիշտ պատկերացում կազմեն շաքարային դիաբետի մասին, իսկ հարկ եղած դեպքում նաեւ իմանան, թե ինչ օգնություն ցուցաբերեն. «Դիաբետով հիվանդ երեխաները հասարակության լիարժեք անդամներ են, նրանք կարող են ընտանիք կազմել, անել այն աշխատանքը, որը կուզեն, զբաղվեն սպորտով, մենք ապահովում ենք նրանց նորմալ սեռական եւ ֆիզիկական զարգացումը»,-վստահեցրեց էնդոկրինոլոգ Ե. Աղաջանովան:
Հիմնադրամի պատասխանատուներն էլ նշեցին, որ այսօր Հայաստանում չունենք շաքարախտի դեմ պայքարի ազգային ծրագիր, ինչը մեծ բաց է. «Ինչպես բոլոր երկրներում, այդ հիվանդության դեմ պայքարի համար պետք է բյուջեից գումարներ հատկացվի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ