Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում պատասխանեց մի քանի լրագրողների հարցերին՝ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր բացակայության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավորները մի քանի օր է՝ դժգոհում էին, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեն եւ որ անկախության տարիներին սա առաջին դեպքն է, որ վարչապետը չի ներկայացնում այն:
Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ազգային ժողովում պետական բյուջեն միշտ ներկայացնում է ֆինանսների նախարարը: Դուք քանի որ երիտասարդ եք, չեք իմանում: Եթե վերցնեք այսքան տարիների պատմությունը, կտեսնեք, որ այդ ավանդույթը խախտվել է իմ կողմից: Վերջին 3 տարիների ընթացքում ես հանդես էի գալիս բյուջեի քաղաքականության հիմքերը ներկայացնելով: Այս տարի ես այդ հիմքերը ներկայացրեցի բյուջետային քննարկումների ամենասկզբից: Դուք էլ լրատվամիջոցներով տարածեցիք այդ ամենը: Այնպես որ, ոչ մի արտառոց բան չկա»:
Վարչապետն ասաց, որ ուշանում է, պիտի գնա, բայց այսօր ավելի ուշ ԱԺ-ում անպայման սիրով կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ