Արդեն երկու ամիս է, ինչ 52-ամյա Եղիա Քեոշկերյանին զրկել են սնունդից, եւ նա արժանանալով հալածանքների ու սպառնալիքների՝ ստիպված է լինում շան միս ուտել: 1979 թվականին Սիրիայում սպանվել է Եղիայի հայրը: Դա եղել է պատճառ, որ Եղիան դուրս է եկել Ասադի դեմ եւ Սիրիայում որոշակի պայթյուններ կատարել, որի հետեւանքով դարձել է քաղաքական հետապնդման զոհ: 1994 թվականին վերցրել է Սիրիայի քաղաքացիության անձնագիրն ու փախուստի է դիմել Հայաստան: Դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը (ՄՊԾ)՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն նրան մերժել են: «Տասնութ տարի առաջ գնացել եմ Միգրացիոն պետական ծառայություն, որ ինձ որպես փախստական ընդունեն, սակայն Գագիկ Եգանյանը չէր ընդունել, ընդ որում՝ դիմել եմ մի քանի անգամ, սակայն այդպես էլ չընդունեցին, որովհետեւ ես փախել եմ Սիրիայից քաղաքական հետապնդման պատճառով: Լիբանանում եղել եմ պատերազմի մեջ՝ Ասադի դեմ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պատմում էր Եղիան: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս վերջին ժամանակներում Սիրիայում տեղի ունեցած գործողությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան ներհոսքի հետ կապված, օգտվելով առիթից, Եղիան ապաստանի հայցով դիմել է ՄՊԾ-ին եւ 20.06.2012թ. ստացել ապաստանի մասին վկայական: Նա բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի «հատուկ» կացարանում, որտեղ բնակվում են այն մարդիկ, ովքեր ապաստանի հայցով դիմել են տվյալ պետությանը՝ այս պարագայում Հայաստանի Հանրապետությանը: Փաստորեն, Եղիան 18 տարի անց ՄՊԾ-ից ստացել է փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում, որի հիմամբ էլ նա պետք է դիմի Նոր Նորքի ոստիկանության անձնագրային բաժին՝ փախստականի անձնագիր ստանալու համար: Նկատենք, որ Եղիան կարգավիճակը հաստատող անձնագրի մասին որոշումը ստացել է միայն տասնութ տարի անց, մինչդեռ տասնութ տարի շարունակ իրեն մերժել են, իսկ «Հատուկ» կացարանում է արդեն հինգ ամիս: ՄՊԾ-ի կողմից ստանալով կարգավիճակը հաստատող որոշում, նա պետք է լքի «Հատուկ» կացարանը, սակայն, թե որտեղ է բնակվելու, այդ մասին ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել: Չի աշխատում, բնակվում է միայնակ: Արդեն երկու անգամ վիրահատվել է, ինչպես անկեղծանում է Եղիան. «Ես հիվանդ էի, դիմեցի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն իր հերթին դիմեց ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակին, որն էլ իր հերթին վիրահատության ամբողջ ծախսերը վերցրեց իր հովանու ներքո: Երկու վիրահատություն եմ տարել: Մինչեւ հիվանդանոց գնալս ինձ սնունդ էին տալիս, իսկ երբ ասացին, որ արդեն ընդունվել եմ որպես փախստական՝ սնունդից զրկեցին: Գնացի հիվանդանոց ու երբ ետ եկա կացարան՝ ինձ ասացին, որ այլեւս սնունդ չի հասնում: Ես ասացի, որ գիտեմ, խնդրեցի կացարանի տնօրեն Զամանյանին, որպեսզի միջնորդի պարոն Եգանյանին՝ ինձ սնունդ տան՝ մինչեւ վերականգնվեմ, որովհետեւ երկու վիրահատություն էի տարել ու եթե չսնվեի, ապա կվատանայի…այդպես էլ չտվեցին: Ես ստիպված եղա շուն բռնել եւ շան միս ուտել, որը նաեւ նկարել են: Նելլին՝ «Հատուկ» կացարանի աշխատակցուհին, ինձ ասաց, որ ես Սիրիայի բոմժ եմ, նաեւ շտապեց մի քանի այլ անպատկառ բառերով ինձ վիրավորել: Ով է տեսել մի աղջիկ, որ իմ երեխայի տարիքին է, իր հոր տարիքի մարդուն այդպիսի բաներ ասի: Այդպես են ինձ վերաբերվում այստեղ»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Եղիան պնդում է, թե ունի ձայնագրություն, որտեղ նկարահանել է, թե ինչպես են «Հատուկ» կացարանի աշխատակիցները կրճատում օգնությամբ տրամադրված իրենց սնունդը: Կապված այդ խնդրի հետ, Եղիան շեշտեց, որ իրենից պարզապես ուզում են ազատվեն, քանի որ նա փաստացի բոլոր ապացույցները կարող է ներկայացնել՝ եւ սննդի կրճատման, եւ վիրավորանքների վերաբերյալ: Անգամ այն աստիճանի է հասել լարվածությունը, որ Եղիային փորձել են տեղափոխել հոգեբուժարան: Ինչպես պատմում էր Եղիան. «Տնօրենը՝ Զամանյանը, կանչում է հոգեբուժարանի աշխատակիցներին, որպեսզի ինձ տանեն, սակայն եկան Նորքի ոստիկանները եւ չթողեցին»: Նշենք նաեւ, որ այդ հարցերով Եղիան դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Նրան տանջում է ոչ հատկապես այդ վերաբերմունքը, որին արժանանում է, այլ այն հարցը, թե. «Եթե ինձ ընդունել են որպես փախստական եւ տվել են փախստականի կարգավիճակ, ապա ինձ պետք է նաեւ հատկացնեն մեկ այլ սենյակ «Հատուկ» կացարանից դուրս եւ ինչո՞ւ չեն հատկացնում: Ես այդ կարգավիճակը վերցնեմ ո՞ւր գնամ, որտե՞ղ ապրեմ»:
Մինչդեռ Եղիան փորձում է հասկանալ, թե ինչպես է ապրելու, առաջացել է մեկ այլ խնդիր՝ նա հիվանդ է եւ երրորդ վիրահատության անհրաժեշտությունն ունի:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ