Երեկ համացանցում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, թե ով էր Փարիզի «Օրլի» օդանավակայանում դիմավորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Համեմատություններ էին արվում ներկա եւ նախկին նախագահների այցերի միջեւ: «Առավոտը» դիմեց արտգործնախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե վերջին 5 այցերի ընթացքում ֆրանսիացի որ պաշտոնյաներն են դիմավորել մեր նախագահներին օդանավակայանում: Պատկերը հետեւյալն է՝ 2001 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցի ժամանակ նրան օդանավակայանում դիմավորում էր պետական վարչակազմի եւ բարեփոխումների նախարար Միշել Սապենը, 2007 թվականին՝ երկրորդ նախագահի պաշտոնական այցի ժամանակ, բնապահպանության նախարար Նելլի Օլանը: Ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիա այցելում է երրորդ անգամ: 2010 թվականին նրան օդանավակայանում դիմավորում էր Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեւեջյանը, 2011 թվականին՝ համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը: Վերջապես երեկ ավարտված այցի ժամանակ Սերժ Սարգսյանին դիմավորում է արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվեյը:
«Առավոտ» օրաթերթ