Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավազակապետությունը պետք է կազմաքանդվի», կեցցե «ավազակապետությունը»

Նոյեմբեր 14,2012 13:21

«Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը վերջացած են…»,- կարծում էր Լ. Տեր-Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան, երբ դեռ չկային 10 զոհերը:

Նոյեմբերի 12-ին՝ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցան առաջին պաշտոնական-հրապարակային բանակցությունները: Բանակցող կողմերի հայտարարություններից հայտնի դարձավ, որ նախագահական ընտրությունների թեկնածուների հարցը կարող է քննարկվել բանակցությունների երկրորդ փուլում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չբացառեց հնարավորությունը, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում կարող են ունենալ նախագահի միասնական թեկնածու: Իսկ հարցին, թե արդյոք հավատո՞ւմ են, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ի հետ միասին կարող է զանգվածային միջոցառումներ կազմակերպել, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ դա չպիտի համարեմ հնարավոր: Ես հնարավոր համարում եմ, մնացած հարցերը իրենցից ճշտեք»:

Մեր օրերի քաղաքական ինտրիգի մեկնարկն, այսպիսով, տրված է. առաջիկա շաբաթներին, ամիսներին քաղաքական դաշտում քննարկումների թեմաների պակաս վստահաբար չի զգացվի: Թե որ թեմաների վրա կծանրանան բանակցող կողմերը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ խորհրդակցություններից բացի՝ կքննարկվե՞ն նախագահական ընտրություններում հնարավոր ընտրակեղծիքները (քաղաքական նպատակով իրականացվող բարեգործությունը, բուն ընտրությունների օրը՝ ընտրախախտումները) բացառելու հնարավորությունները՝ ցույց կտա ժամանակը։

Սակայն հրապարակային այս գործընթացներից բացի՝ պարզ է, որ այս մակարդակով բանակցությունները չեն, որ որոշելու են ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի պահվածքը առաջիկա ամիսներին։ Կուլիսային դաշտում ընթացող գործընթացներն են առաջիկա շաբաթներին լուծելու Սերժ Սարգսյանին այլընտրանք հանդիսացող ուժերի մարտավարության հարցը։ Ավելին՝ վճռորոշը մեկնարկած բանակցությունների հիմքով այս երկու ուժերի «հոգեւոր հայրերի»՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն է լինելու (անկեղծորեն նշեմ՝ կասկածում եմ, որ առաջիկա նախագահական ընտրություններին Լ. Տեր-Պետրոսյանը կառաջադրվի, եւ նույնքան թերահավատությամբ եմ մոտենում ՀԱԿ անդամների անկեղծությանը, երբ վստահեցնում են, որ ՀՀ առաջին նախագահին են միակ թեկնածու համարում եւ հետեւաբար նրա առաջադրմանն են սպասում)։

Ներքին քաղաքականության մեջ ռեալ պոլիտիկը, կամ՝ «չկան հավերժ բարեկամներ, կամ հավերժ թշնամիներ» բանաձեւը որոշների համար բացարձակապես անընդունելի ու վտանգավոր դիրքորոշում է, իսկ որոշների համար՝ քաղաքականությամբ զբաղվելու վարպետության նրբերանգներին տիրապետելու իրական արվեստ, որը ոչ բոլորն են ընդունակ հասկանալու։ Սակայն մյուս կողմից՝ հինգ տարիները բավական քիչ ժամանակ են հզոր ընդդիմադիր ուժի դիրքորոշումների շեշտակի փոփոխությունները առանց հարցականների ընկալելու համար։ Քաղաքական ուժերին բարոյականության դասեր տալը անշուշտ՝ անիմաստ, անտեղի զբաղմունք է, միեւնույն է՝ նրանք շարժվելու են այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար գտնում, եւ բացի այդ, շատ դեպքերում դրա հետեւանքով հասարակական թիրախավորված կարծիք պարտադրելը կարող է ընկալվել որպես հիմնական խնդիրներից հասարակությանը շեղելու ձգտում, իսկ երբեմն էլ՝ դավադրություններ ստեղծելու բացահայտ փորձ։

Սակայն հրապարակային քաղաքականության թերեւս միակ թերությունն այն է, որ լայն դաշտ է թողնում հայացքը հետ ուղղելու եւ վերհիշելու բոլոր ճշգրիտ փաստերը, հնչած գնահատականներն ու ներկայացված պահանջները, որոնք էլ արդարացիորեն հիմք են ծառայել նույն հասարակական կարծիքի ձեւավորմանը ոչ վաղ անցյալում։

Նոյեմբերի 9-ին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՀԱԿ համակարգողը ուշագրավ հայտարարություն արեց. «ԲՀԿ-ն, որպես կոալիցիային մաս կազմող քաղաքական ուժ, Մարտի 1-ի ողբերգության համար կրում է քաղաքական պատասխանատվություն»: «Քաղաքական պատասխանատվությունը» նաեւ անցյալում ունեցած սեփական դիրքորոշումների նկատմամբ պակաս կարեւոր չէ, մանավանդ, երբ իշխող ռեժիմը բազմիցս բնորոշվել է «հանցավոր»։ Այսօր ունենք այն, ինչ ունենք… Այժմ մարտի 1-ի զոհերի հարազատների կողմից մամուլում տարբեր ենթատեքստերով հայտարարություններ ու պահանջներ են հնչում նաեւ ՀԱԿ-ի ուղղությամբ։ Նրանց վիշտը սփոփել չի լինի, բայց նրանց մարդկայնորեն հասկանալ կարելի է:

Ինչեւէ, կարեւորելով ցանկացած ուժի «քաղաքական պատասխանատվության» հարցը՝ արժե փոքր պատմական էքսկուրս անել ոչ վաղ անցյալին, մի շրջան, որը մեր հասարակության մի ստվար զանգվածի մոտ իսկապես մեծ հույս էր արթնացրել՝ երկրում շրջադարձային փոփոխություններ իրականացնելու։

Այսպես, 2008թ. հունվարին նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի՝ մինչ այժմ մարդկանց հիշողության մեջ դեռեւս թարմ մնացած ամրագրումը սա էր. «2008թ. նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնարավորություն են ընձեռում ընտրություն կատարելու իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։ Դրանցից մեկը Հայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտադրության մղձավանջային հեռանկարն է։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում ձեւավորված ավազակախումբը, աստիճանաբար վերացնելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իր ձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր եւ դատական իշխանությունները՝ Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլ բացարձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեական աշխարհի կանոններով»:

2008թ. փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքները չընդունվեցին ընդդիմության եւ հասարակության կողմից, սակայն տասը օր տեւած խաղաղ ցույցերից հետո մարտի 1-ի գիշերը իրավապահները Ազատության հրապարակը «մաքրեցին»: Մարտի 1-ի առավոտյան Լ. Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հրավիրած մամլո ասուլիսում մի շարք ուշագրավ գնահատականներ տվեց, որոնք լույս էին սփռում այն ժամանակվա իշխանությունների ապօրինի գործողությունների վրա։ «Ես նստել եմ հրապարակում երկու պատճառով, առաջին՝ ես չէի կարող լքել այդ ժողովրդին, նրանց վտանգի ենթարկել, ես նրանց հետ պետք է լինեի, երկրորդ՝ իմ ներկայությունը նվազեցնում էր վտանգը, որովհետեւ ես նախագահի թեկնածու եմ, անձեռնմխելի, եւ ցանկացած հարձակում հրապարակի վրա կդիտվեր որպես հարձակում ինձ վրա: Սա բարդացրել էր իշխանությունների գործը, նրանք սա վաղուց կանեին, եթե ես չմնայի հրապարակում: Բայց արեցին…»,- նշել էր Լ. Տեր-Պետրոսյանը ու հավելել, որ սկսած 2008-ի հոկտեմբերի 23-ից՝ ամբողջ ընտրական գործընթացը անցել է «կոպտագույն ֆիզիկական բռնություններով»։

«Մեկ-երկու տասնյակ դիտորդ է մնացել, արտասահմանցի լրագրողներ համարյա չեն մնացել, սրանից էլ օգտվեցին: Հետեւաբար կատարվածը մարտահրավեր էր ոչ միայն մեր ժողովրդին, մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կողմից»,- նկատել էր Լ. Տեր-Պետրոսյանը: Նա պարզաբանել էր, որ իշխանությունները «հեշտ ու հանգիստ չէին կարող գնալ», ինչպես իրենք գնացին. «Մենք գնացինք առանց վախի: Ես չեմ պատկերացնում, թե միջազգային հանրությունը ինչպես է հանդուրժելու այս գիշեր կատարվածը: Տեղի ունեցածը կոպիտ, ցինիկ, լկտի բռնություն է ոչ միայն մեր ժողովրդի կամքի, այլեւ մարմնի հանդեպ, ֆիզիկական բռնություն է: Որ ժողովուրդը չի հաշտվելու այս իրականության հետ՝ ես չեմ կասկածում, մենք արդեն ունենք նոր ժողովուրդ, վախը իր միջից հանած ժողովուրդ, այս հինգ ամսվա ընթացքում մենք ստեղծեցինք նոր հասարակություն, գիտակից, քաղաքացիական հասարակություն: Նույնիսկ եթե հրաշք կատարվի՝ Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ես չեմ պատկերացնում՝ այդ նախագահը ինչպես է իշխելու այդ ժողովրդին, բացառված է, անհնար է, այս ժողովուրդը արդեն ազատության շունչը շնչել է, նա չի ենթարկվի ուղղակի… Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ նրանք տասը օր չեն դիմանալու Հայաստանում»,- նշել էր նախագահի թեկնածուն: Իշխանությունների կողմից իր դեմ հորինված՝ «իշխանությունը յուրացնելու» քրեական գործի առիթով ընդդիմության առաջնորդը մարտի 1-ի առավոտյան նշեց, որ կա նման գործ, այն մոտավորապես կրում է հետեւյալ անվանումը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պետական հեղաշրջման փորձ», եւ որ այդ օրերին իրավապահները փորձում էին նյութեր նախապատրաստել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Շարունակությունը՝ «Առավոտ»-ի

հաջորդ համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930