Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր «քաղաքական օրակարգն» է առաջարկում

Նոյեմբեր 14,2012 13:19

«Առաջարկը եղել է հրապարակային»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, ընդունել ԲՀԿ-ի առաջարկները եւ քաղաքական կոնսուլտացիաների փուլ մտնել: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում նաեւ «Ազատ դեմոկրատների» հետ են բանակցելու: Առաջարկը հնչեցնելու պահին խորհրդարանում կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը բացակայում էին Հայաստանից: Նրանք վերադարձել են նախօրեին: Իսկ ԲՀԿ-ն արդեն իսկ առաջին փակ հանդիպումներն է անցկացրել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ:

Քոքոբելյանը նկատեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումն իրենց ծրագրային դրույթներից է, եւ կուսակցությունում այն սկզբունքային են համարում: Ինչ վերաբեում է խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին. «Ինքս գտնում եմ, որ դրանով ԲՀԿ-ն զուտ քաղաքական տեխնոլոգիա է կիրառում: Դա իր իրավունքն է: Այն ԲՀԿ-ի շուրջ համախմբման ենթատեքստ ունի: Եվ որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսում են այն մասին, թե անձերը կարեւոր չեն, ես գտնում եմ, որ անձերն էլ շատ կարեւոր են: Միայն ծրագիրը չէ, որ պետք է կարեւորել: Միշտ կարելի է այնպիսի պլատֆորմ ներկայացնել, որը բոլորի համար ընդունելի կլինի, ու շատ կարեւոր է, թե ինչպիսի անձերով են առաջնորդվելու, իրագործելու այդ ծրագիրը»: Վերջնական որոշումներ «Ազատ դեմոկրատները» դեռ չունի: Դրանք կկայացվեն այսօր կայանալիք կուսակցության վարչության նիստում, որտեղ կքննարկվեն Հայաստանի նախընտրական իրավիճակին վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի առաջարկն ընդունել-չընդունելու հարցը: Կհստակեցվի առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը:

«Առավոտի» դիտարկմանը՝ երեկ տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես «մեսիջ» էր հղել քաղաքական ուժերին՝ ԲՀԿ-ի շուրջ համախմբվելու, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես նման «մեսիջ» չտեսա: Այլ «մեսիջ» տեսա՝ ինքը փորձում է ներկայացնել, որ այս պահին ինքը ԲՀԿ-ի հետ անտեսանելի թելերով կապված չէ»: Ինչ մնում է Ռոբերտ Քոչարյանի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին դիտարկումներին, Քոքոբելյանն ասաց. «Ժամանակին իրենք այդ հնարավորություններն ունեցել էին, եւ եթե այդքան ցանկություն ունեին 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու, իրենց հնարավորությունը կարող էին օգտագործել»: «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին՝ ընտրատարածքների սահմաններում, ընդ որում՝ իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք, այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը: Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կամ ո՞ր քաղաքական ուժի հասցեին է մեղադրանքներ հնչեցնում Քոչարյանը, Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու Ռոբերտ Քոչարյանին»:

Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» եւ ՀՀՇ-ի պատվիրակությունները Դուբլինում մասնակցում էին Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցության հերթական համագումարին: «Ազատ դեմոկրատները» այդ համագումարին մասնակցում էր ասոցացված անդամի կարգավիճակով: ԵԼԴ-ին անդամակցության հայտն արդեն ներկայացրել են ու մոտ ապագայում կհամալրեն եվրոպական ընտանիքի շարքերը: Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իբրեւ քաղաքական գործիչներ՝ վաղուց են գործակցում ԵԼԴ անդամ կուսակցությունների ղեկավարների, առանձին քաղաքական գործիչների հետ: «Մեզ համար նոր բան չկար, այն առումով, որ լիբերալ դեմոկրատական ուժերի կողմից որդեգրված մշակույթ է: Դա մեզ համար հոգեհարազատ դաշտ է, մենք շարունակաբար գործում ենք այնտեղ: Այդ ուժին անդամակցությունն էլ մեզ համար ազատական դաշտում աշխատելու համար լրացուցիչ հնարավորություն է՝ թե եվրոպական կառույցներին ինտեգրվելու, թե, ինչու ոչ, թող ամպագոռգոռ չթվա՝ եվրոպական քաղաքական ուժերի կողմից վարվող քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար: Որպես կանոն, ազատականները կրկնակի ստանդարտներով չեն շարժվում, եւ կարծում եմ՝ ՀՀ-ի հետ կապված, ՀՀ քաղաքացիների շահերից բխող շատ խնդիրներ կան, որոնց լուծումներին կարելի է հասնել Եվրոպայի ազատականների միջոցով»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ հոգեբանորեն խնդիրներ չե՞ն ունեցել՝ ներկա գտնվելով մի վայրում մի կուսակցության պատվիրակության հետ, որի անդամ էին ժամանակին իրենք: «Ոչ: Մենք որեւիցե մարդու հետ երբեւէ անձնական խնդիր չենք ունեցել եւ քաղաքական դաշտում երբեք անձնային հարաբերություններով չենք առաջնորդվել»,- վրա բերեց մեր զրուցակիցը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930