ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանի դիտարկումները՝ այս եւ ներքաղաքական այլ զարգացումների վերաբերյալ
– Որքանո՞վ եք հավանական համարում ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ ալյանսը նախագահական ընտրություններից առաջ՝ նկատի ունենալով երեք կուսակցությունների հրապարակած առաջարկները եւ ընթացող փակ խորհրդակցությունները:
– Ալյանսները ձեւավորվում են ընդհանուր սկզբունքների եւ մոտեցումների հիման վրա՝ կոնկրետ խնդիր լուծելու նպատակով: Նշված երեք քաղաքական ուժերի հայտարարություններն ու գործողությունները, այդ ուժերը ներկայացնող քաղաքական գործիչների հրապարակային ելույթները, հոդվածները եւ այլն վկայում են, որ գոնե խնդրի առաջին փուլի մասով պատկերացումները գլխավոր գծերով նման են. այն է՝ անհրաժեշտ է ապամոնտաժել Հայաստանում ստեղծված հակասահմանադրական, կոռուպցիոն, կեղծիքի եւ բռնության վրա հիմնված հանցավոր համակարգը: Քաղաքական այս երեք ուժերը խնդիրը տարբեր կերպ են ձեւակերպում, տարբեր է հռետորաբանությունը, սակայն էությունը կարծես նույնն է: Խնդիրը վերջնականապես ձեւակերպելուց հետո կմնա հայտարարի գալ սկզբունքների եւ մոտեցումների շուրջ: Նկատի ունենալով, որ խորհրդարանական ընտրությունների շրջանում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը կարողացան գտնել ընդհանուր հայտարար, կարծում եմ՝ այս անգամ նույնպես դա հնարավոր է:
Կարդացեք նաև
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դատելով այս հավակնություններից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այս հարցի շուրջ շարունակվող լռությունից՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը լինի ընդդիմության միասնական թեկնածու, որին կսատարի նաեւ ՀԱԿ-ը: Ի դեպ, միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը ԲՀԿ-ի հետ առաջին հանդիպումից հետո չէր բացառել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
– ԲՀԿ-ում գերիշխող տեսակետը բնական ու հասկանալի է: Նույնչափ հասկանալի է նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների միասնական տեսակետը, որ համակարգի դեմ պայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանն այլընտրանք չկա: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուին, ապա այդ որոշումը կայացնելուց առաջ նախ՝ պետք է, ինչպես վերը նշեցի, վերջնականապես հստակեցնել խնդրի վերաբերյալ կողմերի պատկերացումները, ապա հայտարարի գալ սկզբունքների եւ մոտեցումների շուրջ: Գլխավորը, որ թե ձեւակերպված խնդիրը, թե սկզբունքներն ու մոտեցումները համահունչ լինեն հասարակական պահանջին: Այդժամ էլ կպարզվի, թե նախագահի հավանական թեկնածուներից ով կարող է լավագույնս դրանք իրագործել: Այսպիսի հարցերում միագիծ հայտարարներ չեն լինում, այն պետք է բազմակողմանի լինի: Մենք սովորական մի իրավիճակում չենք, գործ ունենք միջոցների մեջ խտրականություն չդնող, ապօրինություններից եւ հանցագործությունից չխորշող ավազակապետական համակարգի հետ: Համաժողովրդական շարժման հնգամյա պայքարը ցույց տվեց, թե որքան ծանր է այդ ուղին, եւ ինչ մեծ նշանակություն ունեն առաջնորդի քաղաքական փորձառությունն ու հմտությունները, վճռականությունը, միջազգային վարկն ու հեղինակությունը, հասարակության համար նրա անձի ընկալելի լինելը, բարդագույն իրավիճակներում լուծումներ առաջարկելու, պատասխանատվություն ստանձնելու ունակությունը, մոբիլիզացիոն հնարավորությունները եւ այլն: Շտապելու կարիք չկա: Այս բոլոր գործոնները մանրակրկիտ կվերլուծվեն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ:
– Սա ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ ինչ. ժամանակին ՀՅԴ-ն եւ ՀՀՇ-ն քաղաքական մոլի հակառակորդներ էին, հիմա կարող են դաշնակիցներ դառնալ, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը ՀԱԿ-ի համար «մարտի 1»-ի մեղավորների առաջին շարքում էին, այժմ, պարզվում է՝ անմեղ են:
– Սա արդեն հարց չէ, այլ պնդում կամ դատողություն, տեսակետ: Ընդ որում, լրատվամիջոցների մի մասի կողմից ինտենսիվորեն, զարմանալիորեն միատիպ ձեւով տարփողվող տեսակետ: Այն վերլուծության չի ենթարկվում, դրա քաղաքական բաղադրիչը չի քննարկվում եւ հասարակությանը հետեւողականորեն մատուցվում է որպես ոչ թե քաղաքական, այլ բարոյական մի խնդիր:
Արցախյան ազատամարտի տարիներին ՀՅԴ-ի ջոկատներն ու ՀՀՇ-ի երկրապահները կողք կողքի մարտնչում էին նույն խրամատներում: Եվ որեւէ մեկի համար գաղափարական տարաձայնությունները նշանակություն չունեին: Պատճառը մեկն էր՝ այդ զինվորների Հայրենիքին, նրանց երեխաներին մի մեծ վտանգ էր սպառնում, այսինքն՝ կար ընդհանուր խնդիր, այսինքն՝ ընդհանուր հայտարարի անհրաժեշտություն: Հետեւաբար, եթե կա ընդհանուր սպառնալիքի, ընդհանուր խնդրի գիտակցում, քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը տարօրինակ չէ, տարօրինակ է դրա բացակայությունը: Երբ այսօր Հայաստանը դատարկվում է, երբ քաղաքացին իր երկրի հետ հեռանկար չի կապում, մի՞թե կա ավելի ծանրակշիռ պատճառ ընդհանուր հայտարարի գալու:
«Մարտի 1»-ի եւ բարոյականության մասին: «Մարտի 1»-ի վերաբերյալ Կոնգրեսի գնահատականները չեն փոխվել եւ երբեք չեն փոխվի: Այն է՝ «մարտի 1»-ը Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գլխավորած ավազակապետական համակարգի կողմից ծրագրված եւ իրականացված ոճրագործություն էր՝ ժողովրդական ընդվզումը արյան մեջ խեղդելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված իշխանությունը պահելու նպատակով: Այո, «մարտի 1»-ի եւ դրան նախորդած ժամանակաշրջանում ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, առանձին անհատ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ ավազակապետական համակարգի մաս են կազմել եւ ունեն «մարտի 1»-ի համար իրենց պատասխանատվության բաժինը: Բայց փաստ է, որ այսօր այդ երկու ուժերն էլ սահմանազատվում են համակարգից եւ պատրաստ են ձեռնոց նետել նրան: Հիմա իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում «մարտի 1»-ի թեմայով «բարոյական» դասեր տվող հոդվածներում ընթերցող մեր քաղաքացիներին առաջարկում եմ երեք հարցի պատասխան գտնել՝ սահմանազատվելով համակարգից՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում են «մարտի 1» իրագործած հանցագործ ռեժիմին: Հետեւաբար, քաղաքական առումով ՀԱԿ-ը պետք է ընտրի նրանց հետ համագործակցելո՞ւ, թե՞ առճակատվելու ուղին: Ապա՝ ավազակապետության դեմ դուրս գալով՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մեծացնո՞ւմ, թե՞ փոքրացնում են ռեժիմի կողմից նոր «մարտի 1»-եր իրագործելու հավանականությունը: Ուստի, բարոյական է նրանց դիրքորոշումն ու գործողությունները քաջալերե՞լը, թե՞ պարսավելը: Ինչպես նաեւ՝ ռեժիմի դեմ միասնական ճակատ կազմելու փոխարեն՝ ԲՀԿ-ի դեմ «բարոյական» երկրորդ ճակատ կազմելը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ մեր պետության եւ հասարակության համար ոչ միայն նախագահական ընտրությունների, այլեւ առաջիկա տասնամյակի կտրվածքով, ո՞ւմ է դա ձեռնտու: Այս հարցերի պատասխաններն իր համար գտնելուց հետո ընթերցողը թող գնահատի իրեն հրամցվող «բարոյական» դասի արժեքը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ