Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեոդալիզմի արմատները

Նոյեմբեր 14,2012 13:10

Արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ ֆեոդալիզմ, այդ բառի դասագրքային իմաստով, այսինքն՝ այնպիսի կարգ, որը հիմնված է փակ, բնական տնտեսության եւ ապրանքների պարզ փոխանակման վրա, Հայաստանում չկա: Երբ մենք ասում ենք «ֆեոդալիզմ», նկատի ունենք այդ բառի փոխաբերական իմաստը՝ տվյալ տարածքում ստեղծված այնպիսի համակարգ, այնպիսի հարաբերություններ, որտեղ մեկ մարդ ունի անսահմանափակ, անվերահսկելի իշխանություն եւ իրեն պահում է միջնադարյան ֆեոդալի նման: Օրինակ՝ բացականչում է՝ ո՞վ է այն տղամարդը, որը կկարողանա ինձ գահից գցել, կամ հրամայում է իր թիկնապահին սպանել իրեն սխալ բարեւած մարդուն: Կամ՝ մեղավոր մարդկանց գցում է քացու տակ՝ վստահ լինելով, որ իրեն՝ ֆեոդալին, դրա համար ոչինչ չի լինելու:

Այդ իմաստով չակերտավոր «ֆեոդալական» հարաբերություններ Հայաստանում կան, եւ Ռոբերտ Քոչարյանը իրավացի է, որ մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է այդ հարաբերություններին. նախընտրական շրջանում ֆեոդալը հանդես է գալիս «բարեգործություններով», մոբիլիզացնում է ամբողջ ուժային եւ վարչական ռեսուրսն ու ապահովում է իշխանության թիմի հաղթանակը: Բայց նախ՝ ես չեմ հիշում, որ երկրորդ նախագահն իր իշխանության օրոք մեծամասնական համակարգի դեմ առանձնապես ընդվզեր, եւ երկրորդ՝ Ազգային ժողովի ընտրությունների կարգը ամենակարեւոր գործոնը չէ, որը նպաստում է ֆեոդալիզմին:

Չեմ ուզում խնդիրը պրիմիտիվացնել եւ անձնավորել՝ գրելով այն, ինչ մակերեսի վրա է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք հայկական ֆեոդալիզմը զարգացել է, ծաղկել է եւ ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը: Բայց եթե խնդրի արմատները թաքնված լինեին նախագահների «քաղաքական կամքի» մեջ, մենք այդ բարքերից վաղուց արդեն կազատվեինք: Ամբողջ ցավն այն է, որ եթե, Աստված մի արասցե, ես կամ, ասենք, Ավետիք Իշխանյանը լինեինք հանրապետության նախագահ, մենք նույնպես կնպաստեինք ֆեոդալիզմի պահպանմանը:

Այս հարաբերություններն առաջանում են ոչ թե առաջին դեմքերի եւ նրանց «վեզիրների» կամքով, ոչ էլ նույնիսկ ֆեոդալների ցանկությամբ: Գլխավոր պատճառը նրանում է, թե մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ինչ է ակնկալում իշխանությունից: Նա սպասում է, որ իրեն «հերություն անեն», խնամեն, իր մասին հոգ տանեն: Եթե մարդը սպասում է հորը՝ բարի, ուժեղ, ներողամիտ, ապա ո՞վ կարող է հանդես գալ այդ դերում, եթե ոչ՝ ֆեոդալը:

Ընդ որում, այդ սպասելիքն է հասարակական մթնոլորտի դոմինանտը՝ մնացածի նկատմամբ քաղաքացիների մեծ մասը անտարբեր է: Երեկ, օրինակ, Վերաքննիչ դատարանը բացահայտ ապօրինի որոշում կայացրեց: Քանի՞ հոգի բողոքեց դրա դեմ: Ֆեոդալիզմին նպաստում են հենց նրանք, ովքեր չեն բողոքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Նորից գերագնահատում եք «հասարակության» (միայն հասարակության) դերը։
    Հասարակության համակարգային փոփոխությունը, նախ և առաջ պետք է ձևավորվի մարդկանց ուղեղում, այստեղ իրավացի եք ( ավելի շուտ, ոչ թե բոլոր մարդկանց, այլ «մտածող» մարդկանց, այդպիսիք բոլոր հասարակություններում կազմում են բացարձակ փոքրամասնություն)։ Այդ առումով Հայաստանում վիճակը վատ չէ, «անցման» անհրաժեշտության մասին մտածող մարդկանց կոնցենտրացիան մինիմում կրտիկականից բարձր է։
    Այլ է վիճակը «արտադրության» բնագավառում, որը հենց «բնատնտեսական» է։ Այն որ, դուք ստանում եք աշխատավարձ, որը խանութում փոխանակում եք հացի հետ՝ դեռ չի նշանակում, որ դուք կապիտալ-ապրանք-կապիտալ ցիկլում եք։ ( Նույն է տրանսֆերտների դեպքում՝ ( ստանալ փող- գնել ապրանք- վաճառել- ստանալ փող՝ ցիկլի իմիտացիա է)։
    Տեսական մասը բաց կթողնեմ (շատ երկար է), մի քանի հետևանք
    Այն ինչ տեսնում եք (արտագաղթը) ընդհամենը ֆեոդալիզմի հետևանքն է՝ միևնույն տարածքում ֆեոդալիզմը կարող է կերակրել ավելի պակաս բնակչություն քան կապիտալիզմը ( նույնիսկ քան ՍՍՀՄ «կոմունիզմը»( իրականում պետական-մոնոպոլիստական կապիտալիզմ)) ։ Ֆեոդալական Հայաստանը ազատվում է « ավելորդ» բնակչությունից։
    «Արտադրության» ֆեոդալականացումից հետո, լինելու է հողի ֆեոդալականացում (չգիտեմ արդեն կա թե ոչ, եթե դեռ ոչ մոտակա 10տարում կլինի)։
    Առաջանալու է արիստոկրատիա (ոնց որ արդեն կա)։
    Հասարակությունը «կաստայավորվելու» է, ( կարծես դեռ չկա, շուտով կլինի)։
    Եթե համոզված եք, որ Հայաստանի «տնտեսությունը» բնատնտեսություն չէ, փորձեք պատասխանել 1 հարցի։
    Ւնչու Հայաստանում չկա արտադրական երկար ցիկլով ոչ մի արտադրություն?
    (Չմոռանամ նշել, որ «բանկերը» որ ունեք Հայաստանում, դրանք բանկ չեն՝ դրանք մեծ լոմբարդներ են …)))… )։
    Ւ վերջո շատ մի անհանգստացեք…)))… աշխարի մոտ 200 երկրներից մի 100-ում մոտավորապես նույն վիճակն է…)))..

  2. Վահան says:

    Արսենի մեկնաբանությունները շատ հետաքրքիր են…..կառաջարկեի Առավոտին իրեն կից ստեղծել ֆորում, որտեղ ընթերցողները կարողանային հարց-պատասխանի ձեւով շփվել, քննարկումներ անել….հետաքրիր է, որ 2012-ի նոյեմբերին գրված այս հոդվածը թե ես, թե Արսենը կարդացինք միայն 2014-ին….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930