Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Միշտ էլ փնտրելու են Քոչարյանի ստվերները»

Նոյեմբեր 14,2012 12:56

«Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ փորձելով վերջ դնել բոլոր այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ի՝ քաղաքական քննարկումներ սկսելու առաջարկի հետևում կանգնած է ինքը: Որպես իր հայտարարածի փաստարկ՝ Ռ. Քոչարյանը նշում է. «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ»:

Արդյոք Ռ. Քոչարյանի հայտարարությունը իսկապես արտացոլում է ԲՀԿ-Քոչարյան կապի ներկայիս տրամաբանությունը, թե՞ երկրորդ նախագահի հայտարարության մեջ առկա են ինչ-ինչ մանիպուլյացիաներ, մասնավորապես ԲՀԿ-ի հետ կապ չունենալու՝ Քոչարյանի պնդման մասով: Aravot.am-ը այս հարցերի պատասխանները ստացավ քաղաքագետների հետ զրույցում:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց. «Արտառոց ոչինչ չեմ տեսնում, հատկապես եթե հաշվի առնենք, որ երկրորդ նախագահը բավականին հաճախ է քաղաքական մեկնաբանություններով հանդես գալիս՝ մեկ- երկու ամիսը մեկ: Նրա հայտարարությունն ուղղված էր ոչ միայն նրանց, ովքեր ԲՀԿ-ի և Քոչարյանի միջև կապ են փնտրում, այլև հենց ԲՀԿ-ին, որ ավելի հստակ գործեն իրենց անունից և չփորձեն խառնել երկրորդ նախագահի անունը: Չեմ ուզում տրվել բոլոր այն գնահատականներին, որ մամուլում կան, թե որքանով է ԲՀԿ-ն կառավարվում Քոչարյանի կողմից: Հենց այդ գնահատականներն էլանհանգստացնում էին երկրորդ նախագահին, ապա բնական էր, որ նա պարզաբանմամբ հանդես կգար»:

Հ. Մելիք-Շահնազարյանը համամիտ չէ Ռ. Քոչարյանի այն մտքին, թե «մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին»: Նա պարզաբանեց. «Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակի պատճառը մեծամասնական ընտրակարգն է: Մասնավորապես այն, որ օրլիգարխիկ տրամաբանություն ունեցող գործիչները իրար մեջ գործունեության ոլորտները բաժանում են՝ իրար չխանգարելու համար և որպես պատգամավորության թեկնածու հանդես են գալիս այն տարածքներից, որտեղ իրենց ազդեցության ոլորտներն ավելի մեծ են»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշում է. «Քոչարյանը խոսեր, կամ չխոսեր, միևնույն է՝ կարծիքներ էին հնչեցնելու, թե նրա ստվերը կանգնած է ԲՀԿ-ի հետևում»: Քաղաքագետը նաև հավելեց. « Երկրորդ նախագահը փորձեց պարզաբանել, թե ինչու ինքը այդ առաջարկի հետևում կանգնած չէ՝ հայտարարելով, որ ինքն այնքան էլ համաձայն չէ այդ առաջարկին: Նախկին նախագահների ազդեցությունը մեր երկրում միշտ էլ մեծ է եղել, այդ պատճառով էլ անկախ նրանից, Քոչարյանը խոսեց, թե ոչ, միշտ էլ խոսելու են, որ նրա ազդեցությունը մեծ է, միշտ էլ փնտրելու են նրա ստվերները: Ինչպես որ ժամանակին ասում էին, թե ՀԺԿ-ի հետևում Լևոն Տեր-Պետրոսյանի ականջներն են երևում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930