ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԲՀԿ-ն չի տարանջատում իշխանությունից ու կարծում է, որ ժամանակն է ՝ այդ քաղաքական ուժը կողմնորոշվի որ դաշտում է գտնվում: «Ոչ իշխանություն է իրեն հռչակում, ոչ՝ ընդդիմություն: Պետք է հստակ կողմոնորոշվի ու խնդիրներ չունենա ընդդիմադիր դիրքորոշման մասին հայտարարել, եւ ինստիտուցիոնալ այդ դաշտում էլ գտնվի»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց Զ. Փոտանջյանը:
Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի եւ Դաշնակցության նախաձեռնած հանդիպումների շարքը կհամախմբի՞ ընդդիմադիր դաշտին, նա ասաց, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը չպետք է դիտարկել ԲՀԿ
պաշտոնական կարծիք. «Եթե այն լիներ այդ քաղաքական կազմակերպության պաշտոնական տեսակետը, դեռ երկու տարի առաջ, երբ ՀՀ ընտրական օրենսգիրքն էր ընդունվում , նրանք էլ իշխանության մեջ էին, այդ կարծիքը պետք է այն ժամանակ հետապնդեին: Մենք էլ աջակից կլինեինք, դա մեր ծրագրային դրույթն է եղել: Նախընտրական շրջանում մի քաղաքական գործչի կարծիքը հրապարակել եւ դա դիտարկել պաշտոնական տեսակետ՝ սխալ է: Սա ընդամենը նախընտրական փուլում տեղի ունեցող հայտարարություն է , որն ունի իր ուրույն նպատակը: ԲՀԿ-ն չեմ տարանջատում իշխանությունից, որովհետեւ, տարիներ շարունակ լինելով իշխանության, կոալիցիայի մեջ նույնիսկ հնարավորություն չունեն այդքան հեշտ տարանջատվել կոալիցիայից, դրա համար էլ չեն կարողանում իրենց ընդդիմադիր հռչակել: Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս նորից կընդգրկվեն իշխանության մեջ պաշտոնապես: Նույնիսկ չեմ էլ կարծում, որ 2-րդ եւ 3-րդ նախագահներն իրարից անջատ քաղաքականություն են վարում: Սա երկու քաղաքական գործիչների ծրագիրն է, իրագործում են եւ դաշտը նորից իրենց տիրապետության տակ պահելու խնդիր ունեն»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ հավելեց, թե փորձում է այդ քաղաքական կոնսուլտացիաների մեջ դրական հատիկ գտնել եւ ուզում է հավատալ, որ քաղաքական ուժերը կարող են ինչ-որ հարցի շուրջ համախմբվել. «Եթե կա հանուն գաղափարի համախմբում, դրան կողմ եմ: Բայց նախկինում էլ ունեցել են դեպք, երբ միացյալ շտաբ էր ձեւավորվում, այնուհետեւ տեսանք՝ ինչ տհաճ ու մանր կենցաղային զրույցներ դուրս եկան արեւի երես: Համախմբվելն այս պահին այլեւս անհնար է: Եթե խնդիրը վերաբերում է խորհրդարանական կառավարման ձեւին, ինձ համար անհասկանալի է, որովհետեւ ամբողջ քաղաքական դաշտը հիմա պատրաստվում է նախագահական ընտրությունների: Կարծում եմ՝ ճիշտ չէ՝ այս հարցը վերհանել հիմա: Իսկ եթե որոշ քաղաքական ուժերի բանաձեւն է, որով ուզում են մտնել նախագահական ընտրապայքարի մեջ, դա իրենց խնդիրն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ