Եթե ապօրինի ծառահատումների դեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սկսած կատաղի պայքարը նմանվի 1993-1994-ին նրա ծավալած պայքարին՝ Սեւանա լճից ապօրինի ձկնորսությունն արգելելու գործընթացին, ապա միանշանակ կարելի է ասել, որ մեր անտառները չեն «քաչալանա»: Բայց արդյո՞ք այդպես է։
Հիշեցնենք, որ Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա։ Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա։ Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ եւ այլն։ Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից միայն մեկն է ձերբակալված։
Իհարկե, ոստիկանությունը պնդում է, որ իր թիրախը ո՛չ փայտ տեղափոխող վարորդն է, ո՛չ էլ փայտահատ գյուղացին, որոնց անվճար 8 խորանարդ մետր վառելափայտ է հատկացվում, այլ «մեծ ձկները»։ Սակայն առայժմ չեն շտապում «ուռկանն ընկածների» մասին բարձրաձայնել կամ էլ դեռ չեն որսացել։ Միայն հայտնի է, որ աշխատանքից ազատվել են ոստիկանության Իջեւանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալը, Դիլիջւսնի եւ Իջեւանի բաժնի աշխատակիցներ։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել՝ ովքեր են ձերբակալվել կամ հարցաքննվել անտառներից արված գողության գործի շրջանակներում։ Սակայն նրանք առայժմ հրաժարվեցին կոնկրետ անուններ տալ՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը։ Անշուշտ, հասկանալի է, որ այդպես էլ պետք է պատասխանեին, քանի որ Հայաստանի անտառների հաշվին հարստացածները պատահական մարդիկ չեն. նրանք առնվազն մարզային մակարդակով բարձրաստիճան չինովնիկ են, որոնք տարբեր թելերով կապված են իշխանության ամենաբարձր օղակների հետ։ Հետեւաբար, նրանց պատժելն այնքան էլ դյուրին գործ չէ։
Եվ որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպւսրյանն իր հրապարակային ելույթը գործի վերածի, ոչ միայն ոստիկանական մեթոդներով պետք է կանգնեցնի փայտահատ գողերի ու «ցեխավիկների» գործունեությունը, այլեւ հին ու փորձված տարբերակով։ Նախկին Սեւանի ավազանի, այսօր Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակիչ հիշում է, որ Սեւանից ձկնագողությունը գրեթե վերացավ մեր երկրի համար ամենադաժան ու ամենասոված օրերին՝ 1993-1994-ին, երբ Սեւանի տարածքային ՆԳ վարչության պետն էր Վովա Գասպարյանը։ Ու դա միայն վախի արդյունք չէր։ Պարզապես Վլադիմիր Գասպարյանն իր բոլոր հանդիպումների ժամանակ հրապարակային հայհոյում էր այն մարդուն, որը, բացի իր ընտանիքի անդամներին կերակրելուց, այլ նպատակով (նկատի ուներ վաճառքը) ձուկ կորսա Սեւանա լճից։ Ու շատ մարդիկ, հիշելով այդ խոսքերը, ամաչում էին անգամ լճին մոտենալ։ Արդյունքում՝ Սեւանա լճում ձկնապաշարն իսպառ չվերացավ։ Այլ հարց է, որ հետագայում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «կերավ» ձկները։
Հիմա հերթը անտառտնտեսություններինն է. հո բոլորին չի՞ լցնելու բերդերը։
Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«Ժողովուրդ»