Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության քաղաքական ճգնաժամը

Նոյեմբեր 14,2012 12:05

 Ներքաղաքական վերջին «զարգացումները» ակնհայտ ցույց են տալիս, որ ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությունը, գտնվում են անհուսալի եւ անհեռանկար դրության մեջ
Թեեւ թվում էր` քաղաքական զարգացման համար բարենպաստ բոլոր պայմանները կային. քննադատիր, ի ցույց դիր, բացահայտիր, եւ բոլորը քեզ կսատարեն: Ընդդիմությունը քննադատության առումով ժլատություն չի անում` աջուձախ եւ վերեւից ներքեւ: Բայց նրանց կողմնակիցների թիվը կարծես չի ավելանում, եթե չասենք` պակասում է:

Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն հավատում իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներին, որոնք անխնա քննադատում են իշխանություններին` հանուն «տառապյալների» ազատության եւ ապագա բարեկեցության:
Խնդիրն այն է, որ իշխանությունները նման ընդդիմությանը չեն լսում ու չեն էլ լսելու, քանի որ փրկիչները որեւէ կառուցողական օրակարգ, այս կամ այն բնագավառի զարգացմանը, ընդհանուր առաջընթացին վերաբերող որեւէ այլընտրանքային ծրագիր չեն ներկայացրել:

Ի՞նչ է նշանակում նախագահի ընտրություններից հարյուր օր առաջ կազմակերպվող այս ուրախ միջոցառումների շարքը` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարում, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակա՞րգ, թե՞ ոչ եւ այլն: Քննարկումներ, քննարկումներ: Սա չի՞ խոսում առանձին վերցրած կառույցի անելիքի բացակայության մասին: Երեւույթ, որ կարելի է անվանել ընդդիմության ճգնաժամ:

Հիմա էլ, ըստ ընդդիմադիր որոշ գործիչների, քննարկումները կարող են անցկացվել երկու փուլով: Մեր համեստ հաշվարկներով, «երկրորդ փուլը» հաջորդելու է նախագահի ընտրություններին, այսինքն՝ դառնում է աբսուրդ: Նույն արդյունավետությամբ կարելի է քննարկել ֆուտբոլի չեմպիոնների լիգայի հանդիպումները: Թե քանի փուլով` որոշելու հարց է:

Գործող քաղաքական համակարգից դժգոհ մարդիկ պատրաստ են միավորվել եւ պահանջել հատկապես իրենց շահերին առնչվող խնդիրների լուծում, քննադատել իշխանությունների այս կամ այն քայլը, բայց ոչ ամբողջ համակարգը: Ընդդիմությունը կարծես լիովին չի ըմբռնել սա, որի հետեւանքով հասարակության կողմից զգալի աջակցություն չի ստանում:
Մարդկանց հետաքրքրող կոնկրետ քայլերի մասին որեւէ ծրագիր այսօր քննարկվո՞ւմ է: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը իրականում կուսակցությունների համար պատգամավորական տեղերը հարյուր տոկոսով «իր տակով» անել է նշանակում:

Քանի անգամ ենք տեսել համամասնական ցուցակներում թաքնված, բանից անտեղյակների, որ ցուցամատի շարժումով հայտնվել են ԱԺ-ում: Բայց թե ինչ ճանապարհով` անհայտ է: Ավելի ճիշտ, ճանապարհը հայտնի է, անհայտը «բերման» գործընթացն է: Վերոհիշյալ ընտրակարգը նշանակում է միայն հինգ տոկոսը հաղթահարած կուսակցությունների ղեկավարների լիազորությունների ընդլայնում: Ուրիշ ոչինչ:
Եթե ընդդիմության կազմակերպած քննարկումները ինչ-որ արժեք ունենային, բոլորն էլ կհետեւեին դրանց ընթացքին` կոնկրետ ակնկալիքով: Կարո՞ղ է այսօր մեկն ասել, թե քաղաքական կուսակցություններից եւ լրագրողներից բացի, որեւէ մեկին հետաքրքրում են այդ քննարկումները:

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, առանձին գործիչների անունները բոլորին հայտնի են, բայց նրանցից որեւէ մեկը նմա՞ն է մարդկանց «լուսավոր ապագա» տանող առաջնորդի:
Այստեղից էլ գալիս է նրանց քաղաքական փոքր ներուժը: Ընդդիմադիրների մեջ մարդիկ տեսնում են ոչ թե իրենց համախոհներին, իրենց շահերի պաշտպաններին, այլ հաշվենկատ քաղաքական գործիչների, որոնք ամեն կերպ փորձում են իշխանությունից մաս պոկել: Ընդդիմության հեղինակությունը երերաց հատկապես ներքին հակասությունների պատճառով, որոնք ապացուցեցին, որ վերջնական նպատակը իշխանության ռեսուրսն է եւ ոչ երկիր փրկելը:
Մի հանգամանք եւս. արդյոք այս քննարկումները համախմբելո՞ւ են ընդդիմությանը: Խիստ կասկածելի հեռանկար է: Հիմա ՀԱԿ-ը առիթը բաց չի թողնում ԲՀԿ-ի հետ միավորման զեղումներ անելու համար, թեեւ ԲՀԿ-ի կողմից որեւէ կոնկրետ արձագանք այս առումով չկա: Քարոզչական հայտնի հնարք է, որի հետեւից երեւում են արեւմտյան ականջները. անընդհատ խոսել չեղած բանի մասին, որ բոլորը լսեն ու հետո, եթե կայանա, չզարմանան:
Բայց պատկերացնենք մի պահ, որ վերջին պահին ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կուսակցության հասցեին ի՞նչ բնորոշումներ են հնչելու ՀԱԿ-ից: Մի բան պարզ է` ամենահաճախ լսվողը լինելու է «դավաճանը»:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930