Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում, պատասխանելով մարտի մեկի մասին հարցին, ասում է. «Եթե ճանաչում եք մեկին, ով գիտե, թե ճշգրտորեն ինչ է տեղի ունեցել այդ օրը, ինձ ցույց տվեք այդ մարդուն»։ Մի քիչ հետո ավելացնում է. «Եթե մի օր կարողանանք օբյեկտիվորեն վերլուծել պատահածը, եթե անվիճելի փաստեր ունենանք, մենք բոլորս կընդունենք դա»։
Ուզում եմ ասել, որ մեկը, որին փնտրում է պարոն Օսկանյանը՝ ե՛ս եմ, եւ ես ճշգրտորեն գիտեմ, թե ի՛նչ է տեղի ունեցել այդ օրը: Իհարկե, համոզված եմ, որ ես միայնակ չեմ, ու Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք նույն ճշգրտությամբ գիտեն այդ իրողությունը։ Խոսքը բնավ էլ դետալների մասին չէ, խոսքը խնդրի էության մասին է, որն ավելի քան պարզ է։
Նախքան, սակայն, բուն թեմային անցնելը, մի երկու խոսքով փորձեմ գրելիքս ճիշտ շրջարկի (կոնտեքստի) մեջ տեղադրել։ Այսօր ամեն մի երիտասարդ հանրապետական քնից արթնանալով մտածում է, թե ինչպես անի, որպեսզի Օսկանյանի անցյալն ու ներկան ավելի թունդ քննադատի, ձեռի հետ էլ հեռահար ուղերձներ («հայերեն» մեսիջներ) ուղարկի նախկին «հանցավոր ռեժիմի» հասցեին։ Քանի որ այդ կարմիրշորտիկավոր խմբակի ներկայացուցիչներին որեւէ պարագայում ցանկություն չունեմ լավություն անելու, ոչ էլ անցյալի նկատմամբ ընդդիմադիրների հոծ շարքերը համալրելու, միանգամից նշեմ, որ մարտի մեկի թեման որքանով որ Օսկանյանի հետ առնչվում է, ապա նրանց եւ նրանց քաղաքական թիմի հետ տասնապատիկ ավելի է կապված, քանի որ հենց նրանք են, որ վայելում են իրենց պաշտոններն ու դիրքը՝ շնորհիվ տասը հոգու սպանդի։
Կարդացեք նաև
Քանի դեռ ավազակապետությունը գլխավորում են ՍԵրժ Սարգսյանն ու Հանրապետականը, նրանք էլ մնում են եւ մնալու են չարյաց մեծագույնը, այլ ոչ թե փոքրագույնը, ինչպես «շուստրիկավարի» մտածում են ընդդիմադիր համարում ունեցող շատերը։ Անցյալի մերկացման ցանկացած փորձ ներկաների կողմից ոչ միայն ծիծաղելի է, այլեւ մարդկայնորեն գարշելի։ Այսքանը որպես նախաբան, իսկ այժմ՝ բուն խնդիրը։
Շատ պարզ են հիմնավորումներս ու որեւէ իրական նորույթ կամ սենսացիա չեն պարունակում։ Բավական է տարրական տրամաբանության համակցումը տարրական բարոյականության հետ։ Մարտի մեկի առումով եղել է պաշտոնական վարկած։ Դրա հիմնական դրույթներն էին՝
1. Ազատության հրապարակում անժամկետ ցույց անոդ ընդդիմությունը զինված էր։ Ոստիկանությունը մարտի մեկի առավոտյան Հրապարակի զննման փորձ կատարեց եւ, հանդիպելով դիմադրության, ցրեց հանրահավաքը։ Ապա նույն Հրապարակում գտնվնց ընդդիմադիրներին պատկանող զինամթերք, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ։
2. Մարտի մեկի երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց մեջ նույնպես զինված անձինք կային, որոնք, ըստ այն ժամանակվա նախագահ Քոչարյանի, կրակում էին ոստիկանության վրա, ավտոբուսների հետեւում թաքնվելով, եւ որի կադրերը մեզ խոսք էին տվել ցույց տալ։
3. Մարտի մեկի երեկոյան ցուցարարները սկսեցին թալանել խանութները եւ վառել ավտոմեքենաները։ Այս ամենի արդյունքում իշխանությունը ստիպված էր ուժ կիրառել։ Պետք է միանգամից նշեմ, որ այդ վարկածից դե ֆակտո վաղուց հրաժարվել են բոլորը։ Ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանությունը ներկայացնող որեւէ մեկը, այդ թվում եւ ինքը՝ Օսկանյանը, ոչ միայն չեն պնդում, այլ նույնիսկ չեն հիշատակում դա։
Խնդիրն այն է, որ նշված կետերից եւ ոչ մեկը նույնիսկ ՀՀ պաշտոնական արդարադատության կողմից չի հաստատվել։ Պատկերացրեք մարտի մեկից հետո 100-րց ավելի ընդդիմադիր է ձերբակալվել, մեծ մասը դատվել է ոստիկանին հրելու, մի փոքր մասն էլ՛ «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեղադրանքով։ Բայց ոչ մեկին չի ներկայացվել
1. Զինված լինելու մեղադրանք մարտի մեկի առավոտյան կամ երեկոյան։ Հրապարակում իբր գտնված զենքի որեւէ տեր այդպես էլ չբացահայտվեց, մոռացվեց դրա առկայությունն իսկ։
2. Այդպես էլ չտեսանք ավտոբուսի հետեւհց կրակողների կադրերը, եւ չիմացանք կրակողների անունները, էլ չեմ ասում՝ նրանց նկատմամբ դատի մասին։ Հասկացե՛ք, ոստիկան հրեյու համար մարդիկ դատվել են (բացարձակապես ոստիկանների ցուցմունքով), իսկ կրակելու համար՝ ոչ։ Հրաշք չէ՞ սա, եթե պաշտոնական վարկածին հետեւենք։
3. Որքան գիտեմ՝ ոչ ոք չի դատվել նաեւ մեքենա վառելու համար, իսկ խանութ թալանելու համար մի քանի հոգու բռնել են, որոնց շատ արագ բաց են թողել, որովհետեւ, եթե հիշողությունս չի դավաճանում, դրանք արտաշատցի էին եւ Մկան հետ կապ են ունեցել (ցանկության դեպքում՝ սա հեշտ է ստուգել, համենայն դեպս փաստ է, որ ընդդիմությունից եւ ոչ ոք թալանի համար չի դատապարտվել):
Պարոն Օսկանյան, դուք հաստատ հիմար մարդ չեք, ի՞նչ է այս ամենից հետեւում։ Ըստ իս, միանշանա՛կ հետեւում է, որ իշխանության կողմից ուժային գործողությունների դիմելու բոլոր հիմքերը հօդս են ցնդում։ Պետք չէ կարդալ ոչ մի զեկույց, խորանալ որեւէ մանրամասնության մեջ. ահա՛ մարդը, որը ձեզ ասում է՝ գիտեմ՝ ինչ է եղել ամենայն ճշգրտությամբ եւ
օբյեկտիվությամբ։ Հուսամ, որ պատասխանը չի ուշանա եւ կլինի հրապարակային, ազնիվ եւ տրամաբանական։
Հրանտ ՏԵՐ–ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Հայկական ժամանակ»