Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների պարբերական դարձած փոխայցելությունների ավանդույթը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին այն շարունակական հետաքրքրության համար, որ նա ցուցաբերում է Հայաստանի և հայությանը հուզող հարցերի նկատմամբ, ինչպես նաև բազմակողմ աջակցության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սենատոր Կոլոմբի անուրանալի ներդրման ու Երևան-Լիոն հարաբերությունների ձևավորման գործում ունեցած ավանդի համար: Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել նաև ի շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների գործընկերության ու բարեկամության:
Հանդիպման ավարտին Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:
Կարդացեք նաև
Լիոնում Նախագահը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նախագահը խոսել է Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այդ ոլորտում հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:
«Անցյալ տարվանից Հայաստանում գործում է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը», և Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը երեկ առաջարկեց, որպեսզի այն դառնա առևտրաարդյունաբերական պալատ: Մենք հաճույքով կողմ ենք դրան: Այս ակումբը տրամադրում է մասնագիտական, տեղեկատվական աջակցություն, կազմակերպում պարբերական թեմատիկ հանդիպումներ և կոչված է նպաստելու Հայաստանում ֆրանսիական գործարար համայնքի ամրապնդմանն ու ֆրանսիական նոր ընկերությունների ներգրավմանը հայաստանյան շուկա: Միաժամանակ բարձր եմ գնահատում Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության` առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Այս գործակալության աշխատանքի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, քանի որ գիտենք նրա հնարավորությունները, քանի որ գիտենք Ֆրանսիայի ղեկավարության ցանկությունները, և քանի որ ինքներս պատրաստակամ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի գործակալության գործունեությունը Հայաստանում լինի հաջողված»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակից գործարարներին մաղթել է հաջողություններ հետագա ձեռնարկումներում ու համատեղ ծրագրերում՝ ի շահ հայ-ֆրանսիական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:
Ավելի ուշ Լիոնի քաղաքապետարանում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի պատիվ ՀՀ նախագահի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից տրվել է ընդունելություն: Լիոնի քաղաքապետն ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Լիոնի Պատվո հուշամեդալը:
«Երևանի և Լիոնի մտերմության ցայտուն արտահայտությունն են բազմազգ Լիոնի կենտրոնում՝ Հայաստանի փողոցում գործող Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցին, Բելկուրի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հուշակոթողը, և, վերջապես Երևանում բացված Լիոնի այգին, որի հանդիսավոր բացումը պարոն Կոլոմբի մասնակցությամբ` դեռ թարմ է մեր հիշողության մեջ:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ամեն անգամ Ֆրանսիա այցելելիս` ինձ զգում եմ հարազատ օջախում և, ակամայից, մտովի թերթում եմ մեր անխախտ բարեկամության հարուստ հուշամատյանը` իր զարմանալի պատմական զուգահեռներով: Եվ ակամայից ցանկություն է առաջանում շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի ֆրանսիացիներ, հարգելի լիոնցիներ, որ մեր կողքին եք եղել մեր ամենածանր պահերին:
Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և մենք պետք է ավելի կազմակերպված դարձնենք մեր համազգային պայքարը, որպեսզի մարդկության դեմ կատարած հանցագործությունը այլևս երբեք չկրկնվի: Համոզված եմ, որ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ: Եվրոպայի հետ աղերս ունենալու համար դա, թերևս, նվազագույն պայման է, և ինչի մասին երեկ բացահայտ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավարտելով եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ