Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Անկեղծության եւ վստահության պակաս է զգացվում»

Նոյեմբեր 14,2012 10:48

Մեր զրուցակիցը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ է

   -Ձեր կարծիքով, ո՞ւր են տանում «արտաիշխանական» ուժերի քաղաքական օրակարգերի համադրման նպատակադրումով ընթացող միջկուսակցական քննարկումները. ԲՀԿ-ի նախաձեռնությամբ սկսված այս գործընթացը հեռանկար ունի՞։
-Միշտ ասել եմ՝ քաղաքական ուժերի միավորումը պետք է լինի ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ, որովհետեւ դա քաղաքական դաշտի կայացման գլխավոր, գուցեւ ինչ-որ տեղ միակ նախապայմանն է։ Շատ լավ կլիներ, որ այս դեպքում էլ գաղափարի շուրջ համախմբման հարց դրվեր, բայց, անկախ ձեւակերպումներից, ինձ թվում է՝ ավելի շուտ անձի շուրջ համախմբվելու փորձ է արվում։
Ինչքան էլ ասվի, թե անձերի հարց չի քննարկվում, ամեն վայրկյան այդ հարցը առկա է, եւ հասկանալի է, որ խոսքը նախագահական ընտրություններից առաջ կոնկրետ անձի շուրջ համախմբման մասին է։ Այսինքն՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների, խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցադրումը, որպես բուն նպատակ, ինչ-որ տեղ անկեղծ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ կան ուժեր (նկատի ունեմ ե՛ւ Դաշնակցությունը, ե՛ւ «Ժառանգությունը»), որոնք իրենց ծրագրային հիմնադրույթներում միշտ ունեցել են այդ մոտեցումները։
Անկեղծ լինելու դեպքում ԲՀԿ-ն կարող էր ուղղակի արձանագրել, որ այս ուժերը վաղուց հետամուտ են նշված խնդիրներին, եւ անշահախնդիր ու անկեղծ սատարել այդ ուժերին։
Տա Աստված, որ սխալվեմ, բայց, ամեն դեպքում, քաղաքական կոնյունկտուրայով թելադրված ինչ-որ արհեստական իրարանցում եմ տեսնում մեր քաղաքական առօրյայում՝ ժամանակի անիմաստ կորստով եւ մշուշոտ հեռանկարով։

-Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ, ԲՀԿ-ի հրավերը չմերժելով հանդերձ՝ «Ժառանգությունը» չի տեսնում իր դերակատարությունն այս «միավորիչ գործընթացում»։
-Գիտեք, որ «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները երեկ հանդիպել են (հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այդ հանդիպմանը չի մասնակցել.- Լ.Պ.), եւ վարչությունը դեռ պետք է քննարկի հանդիպման արդյունքները։
Առայժմ քննարկում չի եղել, բնականաբար ես ներկայացնում եմ իմ անձնական տեսակետը, եւ չեմ կարծում, թե այս քննարկումները կարող են բերել ընդդիմության համախմբմանը՝ ոչ թե այն պատճառով, որ ցանկություն չկա, այլ որովհետեւ անկեղծությունը եւ միմյանց նկատմամբ վստահությունն է պակասում, ինչը շատ կարեւոր է։

-Ամեն անգամ՝ ընտրություններից առաջ եւ հետո, ասվել է, որ ընդդիմության աքիլլեսյան գարշապարը անջատ-անջատ գործելն է, բողոքավոր ընտրազանգվածի ձայները փոշիացնելը։ Այդ գիտակցումը կարո՞ղ է ստիպել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ վերանայելու նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունը։
-Ես մի քիչ այլ կարծիքի եմ։ Ի վերջո, անկախ մեզանում ժողովրդավարության մակարդակից, չէի ուզենա Հայաստան պետությունը դիտել որպես մի երկիր, որտեղ քաղաքական պայքարն ընդամենը սեւ-սպիտակ հարթության վրա է։ Այդ հարցադրումը՝ ինչու ընդդիմությունը միասնական չէ, չի համախմբվում մեկ թեկնածուի շուրջ եւ այլն, արհեստական եմ համարում եւ վերապահումներ ունեմ այդ գնահատականների նկատմամբ։
Իհարկե, լավ կլինի, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն գաղափարական հենքի վրա, ոչ թե ստեղծվի անհասկանալի մի կոնգլոմերատ, որը, որպես կանոն, երկար կյանք չի ունենում։ Դրանք կարող են լինել 2, 3, 4 ուժերից բաղկացած միավորումներ, բայց առնվազն հստակ կլինի, որ միավորումները գաղափարական հենքի վրա են։ Նման մոտեցումը պետությանը, քաղաքական դաշտին ավելի ազատ շնչելու հնարավորություն է տալիս։ Այլապես, երբ պայքարը սեւ-սպիտակի միջեւ է, միշտ չարյաց փոքրագույնը ընտրելու խնդիր է առաջանում։
Ցավոք, այդ գաղափակական հենքի վրա համախմբումն է, որ չկա այսօր, որովհետեւ սուբյեկտիվ գործոնը այստեղ գերակայում է օբյեկտիվ գործոնի նկատմամբ։ Բայց, էլի եմ կրկնում, քաղաքական դաշտի կայացման հիմքում պետք է դրված լինի գաղափարական հենք ունեցող ուժերի համախմբման հեռանկարը։
Դա կստակեցնի քաղաքական դաշտը՝ միաժամանակ պահպանելով քաղաքական խճանկարի բազմազանությունը, կնպաստի, որ քաղաքական դաշտը կայանա, ժողովուրդն էլ կհասկանա՝ հստակ գաղափարական մոտեցումներ ունեցող ինչ ուժեր են մասնակցում քաղաքական քարտեզի ձեւավորմանը, եւ ընտրությունների ժամանակ կկարողանա ճիշտ կողմնորոշվել։

-Վարչապետի հրավիրած «հակակոռուպցիոն» խորհրդակցությունից հետո թվում էր, թե նախադրյալներ են ստեղծվել կոռուպցիայի դեմ պայքարն ընդդիմությանը վստահելու ձեր առաջարկությունը մարմնավորելու համար, բայց մեծամասնությունը մերժեց այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» նախաձեռնությունը։ Այդ հեռանկարն այլեւս սպառվա՞ծ համարենք։
-Մի առիթով ասել եմ՝ եթե նույնիսկ կառավարության այդ նախաձեռնության տակ քաղաքական հաշվարկ կա, այսինքն՝ ինչ-որ ձեւով կապված է առաջիկա ընտրությունների հետ, բայց կարող է տալ իրական արդյունք՝ իսկապես համակողմանի եւ համալիր պայքար կոռուպցիայի դեմ, «Ժառանգությունը» պատրաստ է իր մասնակցությունը բերել այդ պայքարին։
Ցավոք, առայժմ լավատեսության հիմքեր չունեմ, եւ ոչ միայն այն պատճառով, որ մեր նախաձեռնությունը չի ընդունվել։ Այս երկու ամիսների ընթացքում ահագին բացահայտումներ եղան նախագահի կողմից, բայց չեմ տեսնում, որ իշխանությունը հետեւողական է եւ իսկապես վճռական՝ ջրի երես հանելու «մեծ ձկներին», արմատական պայքար սկսելու կոռուպցիայի դեմ։
Մենք ունենք տխուր ավանդույթ՝ տարբեր նախընտրական փուլերում լինում են նման բացահայտումներ, բայց այդ բացահայտումներն ավարտվում են այն պահին, երբ ավարտվում են ընտրությունները։ Վախենամ՝ սա էլ նույն ճակատագիրն ունենա։ Տա Աստված, որ սխալվեմ, բայց այն դինամիկան, որը պետք է հաջորդեր այդ բացահայտումներին, առայժմ տեսանելի չէ։
Այստեղ ուզում եմ անդրադառնալ վտանգավոր մի երեւույթի։ Տարիներ շարունակ թե՛ խորհրդարանական ամբիոնից, թե՛ դրանից դուրս, մշտապես բարձրացրել ենք այս հարցերը։ Այսինքն՝ սրանք ճշմարտություններ են, որոնց մասին բոլորը գիտեն. չկա որեւէ հեռավոր գյուղ, որտեղ հողագործը չիմանա «ատկատների» մասին, առավել եւս չիմանա՝ ովքեր են գլխավոր «ատկատիստները»։ Եվ ի՞նչ՝ ամեն անգամ, մեր հարցադրումներին ի պատասխան, մի բան է ասվում՝ սա քաղաքական շահարկում է, պոպուլիզմ է, եւ դրանով հարցը փակվում է։
Նույն նվազագույն աշխատավարձի հետ կապված՝ նշում ենք աղբյուրները, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները։ Անգամ կառավարությունն ընդունում է, որ 35 տոկոս ստվերային տնտեսություն ունենք, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները խոսում են մինչեւ 55 տոկոսի, մեր մասնագետները՝ 65-70 տոկոսի մասին։ Այսինքն՝ խոսքը մինչեւ 2 միլիարդ դոլարի ստվերային տնտեսության մասին է, այն դեպքում, երբ ընդամենը մոտ 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը գոնե նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու համար։
Երբ ԱԺ ամբիոնից ասում ես այդ մասին, եւ միակ հակափաստարկը պոպուլիզմի մեջ մեղադրելն է դառնում, կամ նորից ասում են՝ փող չկա, իսկապես բանավեճը անիմաստ է շարունակել։

 

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930