Լրահոս
Օրվա լրահոսը

Ակամա մարդասպանը դատապարտվեց 250 հազար դրամ տուգանքի

Նոյեմբեր 14,2012 10:37

Մեղադրյալի աթոռին Տավուշի մարզի Հաղածին գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Դավիթ Հարությունյանն էր: Նա 2012թ. մարտի 4-ին Գանձաքար գյուղում վիճաբանել է Իջեւանի բնակիչ Գագիկ Զաքարյանի հետ, վիճաբանությունը առնչվել է Դավթի՝ Գ. Զաքարյանին ունեցած գումարային պարտքին:

Այդ ժամանակ մոտակայքում գտնվող «ՈՒԱԶ-469» ավտոմեքենայից իջել է Գանձաքարի բնակիչ Քաջիկ Մալաքյանը, ում հետ Դավիթը գործնական կապերի մեջ էր: Ք. Մալաքյանը զբաղվում էր փայտի գործով եւ անասնապահությամբ, Դավիթն էլ իր տրակտորով նրա համար գործ էր կատարում: Այդ ժամանակ Քաջիկի ձախ ձեռքին եղել է մեքենայի շարժիչը գործարկելու պտուտակ: Նա հանկարծակի աջ բռունցքով հարվածել է Դավթի դեմքին, վերջինս պատասխան հարված է հասցրել Քաջիկի դեմքին: Վերջինս կռացել է , ապա պտուտակն աջ ձեռքն է փոխանցել, պատրաստվելով նոր հարված հասցնել:

Դ. Հարությունյանը լինելով միայնակ 5 հոգու դիմաց, անհրաժեշտ պաշտպանության սահմաններն անցնելով՝ ծնկով հարվածել է Քաջիկի ճակատին: Հաջորդ օրը ստացած վնասվածքից առողջական վիճակի վատթարացման հետեւանքով Ք. Մալաքյանին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մարտի 12-ին մահացել է:

Դ. Հարությունյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առառին ատյանի դատարանում կայացած նոյեմբերի 12-ի նիստում Դ. Հարությունյանը միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել: Դատավոր Սամվել Մարդանյանը հարցնելով կողմերի կարծիքը՝ միջնորդությունը բավարարեց:

Նախկինում Դ. Հարությունյանը որպես հուղարկավորման ծախսերի փոխհատուցում Մալաքյանների ընտանիքին տվել էր 700 հազար դրամ: Նա պատրաստակամ էր դատարանում Մալաքյաններին եւս 500 հազար դրամ տրամադրել: Քաջիկ Մալաքյանի այրին՝ երեք երեխաների մայր Վարդիթեր Հակոբյանը պնդում էր եւս 1 միլիոն դրամի հատուցում: Դատական ընդմիջման ժամանակ Դ. Հարությունյանը Մալաքյանների ընտանիքին ստացականով տվեց իր մոտ եղած 500 հազար դրամը:

Կայացավ արագացված դատաքննություն: Դատախազ Արարատ Ազիբեկյանը Դ. Հարությունյանին մեղավոր համարելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու համար,նաեւ նկատի ունենալով, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն մեղավոր է համարել, անչափահաս 3 երեխա ունի, պահանջեց նրան տուգանել 200 հազար դրամի չափով:

Դատավոր Մարդանյանը Դ. Հարությունյանին դատապարտեց 250 հազար դրամ տուգանքի: Դատավորը Վարդիթեր Հակոբյանին պարզաբանեց, որ նա կարող է հետագայում հուղարկավորման ծախսերի հետ կապված դատարան քաղհայց ներկայացնել:

Դատարանում Դավիթ Հարությունյանը գլխահակ էր, նա ասաց, որ ինքը թշնամանք չի ունեցել Քաջիկ Մալաքյանի նկատմամբ, կատարվածի համար զղջում է եւ ամեն տարի իր հնարավորությունների սահմանում կօգնի նրա ընտանիքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930