Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Լիոնի հայ համայնքին կոչ արեց ավելի կազմակերպված պայքար տանել Ցեղասպանության ճանաչման հարցում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 14,2012 04:37

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում, նոյեմբերի 13-ին մեկնել է Լիոն, հանդիպել քաղաքապետի հետ, իսկ երեկոյան Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gerard Collomb) հետ մասնակցեց  Լիոնի քաղաքապետարանում հրավիրված ընդունելությանը, որին մասնակցում էին Լիոնի եւ նրա մերձակայքի ավելի քան 60 հազարանոց հայ համայնքի մոտ 1000 ներկայացուցիչներ:

 

 

Հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցողներն այնքան շատ էին, որ 1651 թվականին կառուցված Լիոնի ամենաշքեղ շինությունը համարվող քաղաքապետարանի շենքի ամենամեծ դահլիճում, որը կրում է Լիոնի նախկին քաղաքապետերից մեկի` Ժյուստին Գոդարի անունը,անգամ կանգնելու տեղ չկար, եւ ինչ-որ պահից սկսած ոստիկաններն ուղղակի ներս չէին թողնում ցանկացողներին:

Ծավալուն ելույթներով հանդես եկան ինչպես քաղաքապետ Ժերար Կոլոնը, այնպես էլ նախագահ Սարգսյանը:

Պարոն Կոլոնը հիշեց, թե ինչպես էր 1988-ի երկրաշարժից հետո եղել Հայաստանում` օգնություն բերել, ապա նկատեց, որ երբ անցյալ տարի եղավ Երեւանում, զարմացել էր, թե ինչ «մետամորֆոզների» է ենթարկվել մեր մայրաքաղաքը, որը դարձել է զարգացող, բարգավաճող մի քաղաք ու «լի է կենսունակությամբ եւ զարգանալու ցանկությամբ»: Հիշեցնենք, որ պարոն Կոլոնի մասնակցությամբ նախորդ տարի Երեւանում բացվեց Լիոնի այգին, որը, ինչպես ասաց պարոն Կոլոնը` «Լիոնի մի մասնիկն է Երեւանում»: Պարոն Կոլոնի խոսքը հուզական էր եւ տարբեր մեջբերումներով լի` Շեքսպիրից մինչեւ Ալֆրեդ դե Մյուսե, դիպնում էր հայ հոգու լարերին, երբ խոսում էր Ցեղասպանության ճանաչումից, երկրաշարժից, ու բնականաբար պարբերաբար ընդհատվում էր բուռն ծափահարություններով, իսկ երբ պարոն Կոլոնը տեղեկացրեց, որ հունվարից ԵՄ անդամ երկրների բնակիչները կարող են առանց վիզայի մեկնել Հայաստան,դահլիճը ուղղակի հրճվեց:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը շեշտեց, թե այստեղ իրեն «հարազատ օջախում» է զգում, իր  խոսքում մեջբերում էր հիմնականում Անտուան դե Սենթ-Էքզյուպերիից, որը Լիոնի ամենահայտնի քաղաքացիներից էր: Պարոն նախագահը նույնպես անդրադարձավ Ցեղասպանության ճանաչմանը` կոչ անելով Ցեղասպանության մոտեցող 100- ամյա տարելիցի կապակցությամբ ավելի կազմակերպված պայքար տանել դրա ճանաչման համար, որպեսզի «մարդկության դեմ հանցագործություններն այլեւ երբեք չկրկնվեն»:

Սերժ Սարգսյանը նաեւ խոսեց Ղարաբաղի հարցից, այդ թվում` Սաֆարովի արտահանձնումից.«Ադրբեջանի ղեկավարությունը վախկոտ ու ողորմելի մարդասպանին արդարացնելով ապացուցեց, որ Արցախի ժողվուրդը երբեք չի կարող ապրել այդ պետության կազմում»: Նա նաեւ ներկաներին ասաց, որ Հայաստանը գնում է կայուն զարգացման ուղիով, որ գարնանը Հայաստանում  Ազգային ժողովի ընտրություններում գրանցվել է աննախադեպ առաջընթաց, իսկ առաջիկա նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու հարցում ՀՀ իշխանությունները հաստատակամ են:

 

Իսկ վերջում Լիոնի հայկական եկեղեցու երգչախումբը` Հովհաննես Բերբերյանի ղեկավարությամբ կատարեց Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները: Ի դեպ, նոյեմբերի 24-ին այս երգչախումբը տոնելու է իր գործունեության 50-ամյակը, ինչի կապակցությամբ պարոն Բերբերյանին Ֆրանսիայի կառավարության կողմից շնորհվել է շեվալյեի կոչում, որը տրվում է մշակույթի բնագավառում  մեծ ներդրում ունեցած անձանց:Պարոն Բերբերյանը տեղեկացրեց, որ այս հիսուն տարիների ընթացքում երգչախումբը առանց ընդմիջման գործել է, եւ այժմ էլ խումբը համալրվում է երիտասարդներով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Փարիզ-Լիոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930