Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի վերելակը շահովի է Արման Մուշեղյանի համար, զուգարանի դռները՝ փակ նրա առաջ

Նոյեմբեր 13,2012 22:32

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Aravot.am-ին խոստացել էր խորհրդարանում թեքահարթակի հարցը լուծել: Ինչպես հայտնի է, այն արդեն կառուցվել է, եւ ԱԺ-ում աշխատող «Ժառանգության» փորձագետ, «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանն արդեն կարողանում է ինքնուրույն եւ միայնակ մտնել խորհրդարան՝ սայլակով: Արմանն արդեն քանի օր է՝ սոցցանցերում, աշխատավայրում շնորհակալություն է հայտնում դրա համար եւ պատմում, թե ինչքան հարմար է:

Իրականում այդ թեքահարթակը լուծում է միայն հաշմանդամ մարդու՝ ԱԺ շենք մուտք գործելու խնդիրը, իսկ շենքում արդեն սովորական բնական կարիքները հոգալու, վերելակից օգտվելու եւ ասենք, երկրորդ հարկ բարձրանալու համար նա հայտնվում է նույն անելանելի վիճակում:

Այսօր մենք փորձեցինք Արմանի հետ շրջայց կատարել ԱԺ շենքում եւ պատգամավորներից ճշտել, թե ինչու չեն կատարում միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ միջավայրը չեն հարմարեցնում նրանց:

Արմանի սայլակը չմտավ անգամ ԱԺ-ի զուգարանի դռնից ներս, այսինքն՝ աշխատանքի ընթացքում նա պիտի հնարավորինս չմտածի «այդ ուղղությամբ»:

Փորձեցինք բարձրանալ 2-րդ հարկ: Վերելակ նրա սայլակը մի կերպ խցկվեց միայն մի տղամարդու օգնությամբ, որը վերելակի դռները ամուր հրեց ներս, իսկ վերելակից դուրս գալն արդեն մի դժվար պատմություն էր:

Արմանը մեզ հետ զրույցում պատմեց, թե մի քանի օր առաջ ինչպես է մի կերպ կարողացել դուրս գալ վերելակից. «Մտնելը մի խնդիր է, դուրս գալը՝ մեկ այլ խնդիր: Եթե վերելակը մի փոքր բարձր-ցածր է կանգնում, էլեկտրական սայլակն արդեն ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ: Վերելակ իմ մտնել-դուրս գալը շահովի է՝ կա՛մ ստացվի կամ չէ: Մի քանի օր առաջ ուղիղ 15-20 րոպե մնացել էի մեջը, չէի կարողանում դուրս գալ, չէր ստացվում»:

ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեր հարցին, թե ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջավայրը հարմարեցնելու համար՝ ձեռքը թափ տվեց եւ հեռացավ՝ միայն նետելով. «Այսինքն ի՞նչ ես հարցնում, կարող ա՞ անտարբեր ենք»:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Իմ տղան հաշմանդամ է, երկրորդ հարկ բարձրանալը մեծ պրոբլեմ է: Սեփական տանն ենք ապրում: Այդ պրոբլեմը բոլորի ընտանիքներում կա»:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ընդունեց, որ մեր երկրում իսկապես շատ անհարմար է միջավայրը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար. «Ինձ թվում է մենք այս հարցը սկզբնական շրջանում պետք է բարձրացնենք հանձնաժողովում, հետո ընդհանուր, որ մարդիկ կյանքից չկտրվեն, որովհետեւ իրոք, երբ համեմատում ենք եվրոպական երկրների հետ, էլ հանգստի մասին չեմ խոսում, թե ինչ պայմաններ կան: Առաջին հերթին, այո, պետք է հարմարեցված լինի Ազգային ժողովի շենքը, որովհետեւ օրենքն այստեղից է ընդունվում: Հետո պետք է պարտադրվի մյուսներին: Դա անհապաղ պետք է լուծվի: Մի քանի օր առաջ մենք այդ հարցը բարձրացրել ենք ներսում՝ տրանսպորտի հետ կապված: Ամեն ինչը պետք է է հարմարեցնել եւ արագացված կարգով»:

Մեծամասնականով ընտրված ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը սկզբում բարկացավ հարցերից. «Քո կարծիքով հարց ես տալիս, որ տուպիկ գցե՞ս՝ չես կարա»: Ավելի ուշ մոտենալով Արմանին, նա հարցուփորձ արեց, թե դեպքը երբ է եղել, բուժման ինչ կուրս է անցնում, նայեց Արմանի որդու՝ Դավիթի լուսանկարը: Երբ Արմանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան դաշտում եւ պետությունն ինչպես կարող է օգնության ձեռք մեկնել, ասենք՝ կարի ֆաբրիկայում հաշմանդամ մարդկանց տեղավորելով եւ պետպատվերները նրանց տալով՝ Մանվել Բադեյանը խոստացավ այդ խնդիրները առաջիկայում բարձրացնել ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է ԱԺ շենքի հարմարեցմանը, Aravot.am-ին փոխանցեցին, որ Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին հանձնարարել է զբաղվել խնդրով, եւ առաջիկայում կլուծվի նաեւ սանհանգույցի հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930