Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կարող են հանդես գալ «Ժառանգության» անունից

Նոյեմբեր 13,2012 21:58

«Սրանք անձի հայտարարության հիման վրա ինչ-որ հանդիպումներ են. մարդը եկել է, դուռը թակել է, խնդրել է հանդիպում, նրան ընդունել են»,- այսօր Ազգային ժողովում պատասխանելով iLur.am-ի թղթակցի հարցին՝ ասել էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ խորհրդարանական կառավարման և 100% համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի մասին:

«Նաիրա Զոհրաբյանը իր անձնական նախաձեռնությամբ գնում է տարբեր քաղաքական կազմակերպություններ: Կուսակցական դիրքորոշումը պետք է որոշմամբ ընդունված լինի: Եթե մի մարդ իրենց կուսակցությունից նախաձեռնում է կոնսուլտացիաներ՝ առանց որևէ որոշման, ապա ես չեմ կարող դիտարկել, որ դա ԲՀԿ պաշտոնական կարծիքն է»,- ասել էր Փոստանջյանը:

Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ Aravot.am-ի հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենք պաշտոնապես՝ ԲՀԿ անունից են դիմել մի քանի կուսակցությունների՝ այդ թվում նաեւ «Ժառանգությանը» եւ փոխանցել կուսակցության պաշտոնական առաջարկը՝ քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ. «Հանդիպման ընթացքում որոշվել է՝ այն առաջարկները եւ խնդիրները, որ ներկայացրել ու կարեւորել ենք մենք ու «Ժառանգության» ներկայացուցիչները՝ տեղափոխել երկու կուսակցությունների քաղաքական խորհուրդների քննարկման, որից հետո պարզ կլինի հետագա հանդիպումների շարունակականության խնդիրը: Ուստի բնական է, որ հանդիպումը, իհարկե, կրել է պաշտոնական բնույթ:

Ավելին՝ տվյալ հանդիպման ընթացքում մեզ ասվել է, որ «Ժառանգություն» կուսակցության անունից պաշտոնական տեսակետ հայտարարելու իրավունքը վերապահված է բացառապես կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին, իսկ արտաքին քաղաքական հարցերի շուրջ՝ նաեւ կուսակցության գլխավոր քարտուղար, արտաքին կապերի գծով փոխնախագահ Ստեփան Սաֆարյանին: Ինչից հետեւում է, որ այլոց տեսակետն իրենց մասնավոր, անձնական կարծիքն է: Ուստի հարկ չեմ համարում մեկնաբանել այլոց մասնավոր, անձնական կարծիքները»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեր զրույցում այս առնչությամբ նշեց. «Բացառում եմ, որ հանդիպման մասնակիցները այդպիսի անլուրջ հայտարարություններ արած լինեն»:

Սակայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ միասին մասնակցել էր ԲՀԿ-ի հանդիպմանը՝ Aravot.am-ին հաստատեց, որ հանդիպման ընթացքում ինքն իրոք արել է նման պնդում, թե ովքեր կարող են հանդես գալ «Ժառանգություն» կուսակցության անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930