Նոյեմբերի 13-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանին դատապարտեց 6, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին ՝ 3 տարվա ազատազրկման: Վերջինս կալանքի տակ չէր, նա համաներումով ազատվեց պատժի կրումից: Զինվորական դատախազ Ներսես Միսակյանը պահանջել էր Ս. Կարապետյանին դատապարտել 14, Հ. Դալլաքյանին ՝ 4 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանը պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալներին: Պետական մեղադրողը Ս. Կարապետյանին մեղադրանք էր առաջադրել քրեական օրենսգրքի 5 հոդվածներով: Դատարանը Ս. Կարապետյանին առաջադրված խուլիգանության եւ մարդու առեւանգման հոդվածներով նրան արդարացրեց եւ համարեց, որ նրան առաջադրված մնացած 3 հոդվածների՝ խոշտանգման, սպանության փորձի եւ պաշտոնական դիրքի չարաշահման ՝(375 հոդվածի 1-ին մաս) գործողությունները միասին վերցրած համապատասխանում են 375 հոդվածի 2-րդ մասի( պաշտոնական դիրքի չարաշահում) չափանիշներին: Գնդապետը դատապարտվեց սույն հոդվածով:
Ակնկալվում է, որ զինվորական դատախազությունը կբողոքարկի այս դատավճիռը: Դատավճիռը իր կողմից բողոքարկելու մտադրության մասին «Առավոտի» թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդ Թաթուլ Ենգիբարյանը:
Այս քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Այնտեղ տղաները ծեծվել եւ ահաբեկվել են, ահաբեկված երիտասարդները ցատկել են երկրորդ հարկում գտնվող Կարապետյանի աշխատասենյակի պատուհանից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ