Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը և կարևորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: «Դա մեզ համար ունի կարևոր նշանակություն: Մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս տեսանկյունից, կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը ևս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարևորել է համատեղ քննարկումները, միջկուսակցական երկխոսության պլատֆորմի զարգացումը և միմյանց միավորող արժեքների տարածումը:
ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խորհրդակցությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Վերջինս գոհունակություն է հայտնել քննարկումների արդյունքներից, որոնք ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական կայունության հետագա ամրապնդումը և մաղթել, որպեսզի Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և բարձր մակարդակով:
ՀՀ ԿԱՕԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ