Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողին խեղդել են, հետո` կախել, ոչ թե ինքնասպան է եղել». համոզված է մայրը (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2012 19:20

«Իմ տղային սպանել են Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, նա ինքնասպանություն չի գործել, ինչպես որ ասում են պաշտոնական վարկածով: Ես համոզված եմ, որ 2010 թվականի մարտի 15-ին ինքնասպանություն չի գործել, ես ապացույցներ ունեմ, նրան խեղդել են, հետո` կախել»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վիշտը պատմեց զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

Արդեն 2 տարուց ավելի է տիկին Նանան պարբերաբար բողոքի ակցիաներ է անում` պահանջելով արդար քննություն: Այսօր էլ զոհված զինծառայողի մայրը նախագահի նստավայրի մոտ էր: Մեզ հետ զրույցում տիկինն ասաց, որ բազմաթիվ ապացույցներ ունի, որ տղային խեղդել են, հետո` կախել, ցույց տալու համար, իբր թե կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել. «Անձամբ տեսել եմ`տղայիս թեւերի վրա բռնած մատների հետքեր կան, 2 կողմից բռնել են էրեխուս: Պարանոցի վրա պարանի 2 հետք կա, որ իմ էրեխուն խեղդել են հետո կախել: Ձեռքիս տակ կան նկարներ, որոնք պարզ ցույց են տալիս, որ տղայիս վրա հստակ բռնության հետքեր կան: Դատաբժշկական փորձաքննությամբ էլ պարզվել է, որ խորը ակոսին զուգահեռ կա ժապավենաձեւ արյունազեղում, որն էլ առաջին նշանն է, որ խեղդել են: Բացի այդ, իմ տղան կախված է լրիվ կանգնած վիճակում` ծնկները առաջ ծալած, նենց տպավորություն է, որ էնքան ա, որ հենվացրել են էրեխուս, որ էդ պարանի մեջը կախված լինի»:

Որդուն բռնությամբ խեղդելու եւ հետո կախելու մեջ տիկին Նանան մեկ այլ փաստարկ էլ բերեց, ըստ որի, որդու` Վալերի Մուրադյանի գլխի վրա հարվածների հետքեր կան. «Էրեխուս գլուխը ճղած ա, դա ծանր իրի հարված է` կամ փայտով կամ երկաթով: Ես չեմ հասկանում` ինքնասպան լինելուց այդքան հետքեր կար ա առաջանա՞, քթին սխմրտած հետքեր կան, մատներով էլ են խեղդել, օգնել են, որ խեղդվի, սպանեն, որ իրանց տականք գործն անեն: Էսօր մեր էրեխեքին ուղարկում ենք բանակ, որ հայոց սահմանները պաշտպանեն, սպանում են, բերում են տալիս ծնողներին»:

Տիկնոջ ներկայացմամբ` արդեն 2.8 տարի է գործը նախաքննության փուլում է եւ այս ամբողջ ընթացքում բողոքել է, որ քննիչները արդար քննություն չեն անում, սակայն բոլոր դատական ատյաններում նրա բողոքը մերժել են` անհիմն համարելով. «Այնինչ, իմ էրեխու գործով կարեւոր իրեղեն ապացույցները նենց են կեղծել ու կոծկել… առաջին քննիչ Արամ Ապրեսյանը, որի դեմ այսօր էլ բողոքում եմ`ինքը չի մարսելու իրա արածը, պատասխան ա տալու: Ո՞վ է տեսել` դեպքի վայրում, աթոռը իմ տղեն բերել է իրա տակը դրել ու կախվել է, բայց ինքը լրիվ կանգնած վիճակում է: Իրա բոյը կհասներ պարանին, եթե իրան պետք լիներ կախվել: Ասում եմ` ինչո՞ւ աթոռի վրայից հետքեր չեք վերցրել, ասում են` չենք վերցրել, ինչի՞ էդքան ապուշ ա քննիչը, որ կարեւոր իրեղեն ապացույցներ չի վեցրել:

Էրեխուս լրիվ մերկ են բերել,որ հարցրել ենք, ինչո՞ւ է մերկ, ասում են` շորերը վերցրել ենք փորձաքննության համար: Այնինչ` փորձաքնությունն արել են մահվանից 6 ամիս անց, երբ շորերի տոպրակը բացել են, մեջի շորերն արդեն բորբոսնած են եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930