Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյանի հայտարարությունը

Նոյեմբեր 13,2012 19:15

Այսօր պիտի խոսեմ մի երևույթի մասին, որն արմատացած է մեզանում և որի մասին մենք գրեթե չենք արտահայտվում: Խոսքս հասարակական հատվածի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների կամ շարժումների մասին վերաբերմունքի մասին է, որը հաճախ արտահայտվում է քամահրանքի, վիրավորելու, «գրանտակերներ» պիտակավորման կամ հայրենասիրական դիրքերից փնովման տեսքով: Ավելին ասեմ, առանձին շրջանակներում կա կարծրացած հավատամք նման կազմավորումների հանդեպ, որ չակերտավոր մշակույթ է դարձել:

Սա շատ ցավալի իրողություն է, որն իսկապես կա: Եվ չնայած, միևնույն է՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու ու վաղ թե ուշ այս երևույթը վերանալու է, մեր իսկ շահերից է բխում ժամ առաջ նման չակերտավոր համոզմունքներից ու անհարիր խոսքից հրաժարվելը:

Հավատացնում եմ ձեզ, որ այսօր մեր հասարակական կազմակերպություններում կենտրոնացած է մարդկային ու պրոֆեսիոնալ այնպիսի ներուժ, որն ունակ է շատ հեռուն գնալ:

Հավատացնում եմ ձեզ, որ նրանց աշխատանքին քամահրանքով վերաբերելը որևէ մեկին օգուտ չի բերի. նրանցից շատերն իսկապես մրցունակ են և ամեն հաջորդ օր նրանց ձայնն ավելի լսելի է լինելու:

Հավատացնում եմ ձեզ՝ պետականության ամրապնդման համար միայն գերատեսչական կաբինետներում կոստյում-փողկապով չեն աշխատում: Երբեմն վարձած բնակարանի մանրահատակին նստած ջինսով երիտասարդները շատ ավելին կարող են անել:

Հավատացնում եմ ձեզ, որ հազարավոր միջազգային համաժողովներում ու բնապահպանությունից մինչև գենդերային հավասարություն թեմաներով հանդիպումներում հենց այդ նույն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որ առանց հապաղելու արժանի հարված են հասցնում թուրք-ադրբեջանական կազմակերպված սադրանքներին: Ես ինքս բազում փառահեղ դեպքերի ականատեսն եմ եղել: Դիվանագետներն ամեն տեղ չեն հասնի, նեղ մասնագիտական հավաքներում ճյուղային պետական պաշտոնյաները կարող է լավ պատրաստված չլինեն, հասարակական ակտիվիստները շատ են, առանց բարդույթների են ու կռիվ են տալիս մինչև վերջ:

Հայրենասիրական դիրքերից հարվածողներին ուզում եմ հավատացնել, որ եթե վաղը սահմանին հարկ եղավ. չնայած ոչինչ էլ չեմ ուզում հավատացնել, հայրենասիրությունը գույք չէ, որ սեփականաշնորհեն ու դեռ իրար հետ էլ համեմատեն: Տա՛ Աստված, որ սխալված լինելում համոզվելու կարիքը ուղղակի չլինի:

Ամփոփեմ խոսքս խնդրանքով, մի՛ վիրավորեք հասարակական հատվածի ակտիվիստներին, մի՛ անվանեք «գրանտակեր» ու մի՛ ստացեք «հարկակեր» պատասխանը: Հարգե՛ք նրանց աշխատանքը և, հավատում եմ, ի պատասխան կստանաք բազմապատիկ հարգանք:

 ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930