Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ամենաբարձր ստվերայնություն ունեցող երկրների շարքում է

Նոյեմբեր 13,2012 18:58

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախօրեին հրապարակել է «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա. Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» անվանմամբ զեկույց, ըստ որի Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանը դեռեւս 2008 թվականին կատարված ուսումնասիրություններով ամենաբարձրերից մեկն է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ արելաեվրոպական եւ կենտրոնասիական երկրների շարքում:

Ըստ զեկույցի` Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը: Վրաստանում այդ ցուցանիշի կազմում է 30, իսկ Ադրբեջանում` մոտ 32 տոկոս: Ըստ ԱՄՀ-ի` Հարավային Կովկասում ստվերայնության մակարդակով առաջատար հանդիսացող Հայաստանից առավել նպաստավոր դիրքերում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ղազախստանը: Ընդ որում Ուզբեկստանի պարագայում ստվերայնությունը, ըստ ԱՄՀ-ի, կազմում է ընդամենը ՀՆԱ-ի 15 տոկոսը:

Ետխորհրդային երկրներից առավել լավ ցուցանիշ ունի Էստոնիան՝ տնտեսության ստվերայնության 10 տոկոսով: Դիտարկված 28 երկրների շարքում առավել վատթար վիճակ ԱՄՀ-ն արձանագրել է Ուկրաինայում: Տնտեսության ստվերային հատվածն այս երկրում կազմել է ՀՆԱ-ի մոտ 39 տոկոսը:

Արձանագրելով, որ ոչ ֆորմալ տնտեսության գնահատումը մեծ հետաքրքրություն է առաջացնում ակադեմիական եւ քաղաքական շրջանակներում, ԱՄՀ-ի զեկույցը ներկայացնում է տնտեսության ստվերայնությունը պայմանավորող հիմնական գործոնները: Դրանց թվում են կոռուպցիան, հարկային դաշտը եւ աշխատանքային հարաբերությունները կաշկանդող օրենսդրությունը, ոչ արդյունավետ բյուրոկրատական համակարգը եւ այլն: Զեկույցը նաեւ ահազանգում է, որ ստվերային տնտեսության պայմաններում աշխատողները գտնվում են սոցիալապես անպաշտպան վիճակում եւ չեն օգտվում օրենսդրությամբ սահմանված արտոնություններին, ինչը բացասաբար է անդրադառնում աշխատաշուկայի վրա: Այս համատեքստում բերվում է մի ուշագրավ դիտարկում եւս. Հայաստանում եւ Ղրղըզստանում աշխատուժի ավելի քան 58 տոկոսը կենսաթոշակային ծածկույթից դուրս է:

«Օրակարգ» պարբերականի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը, մեկնաբանելով այս զեկույցը, նշեց, որ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի համատեղ ուժերով կազմված այս գնահատականը բավականաչափ արժանահավատ է եւ անգամ փոքր-ինչ նվազեցված: Ըստ փորձագետի` Հայաստանին տրված այս մտահոգիչ գնահատականը, որը վստահաբար մինչ այսօր չի բարելավվել, լավագույնս բացահայտում է իբրեւ թիրախներ հռչակված կոռուպցիայի, ստվերային տնտեսության եւ բյուրոկրատիզմի դեմ պայքարի իրական որակը: Ներկայումս որոշ քայլեր, ըստ նրա, այնուամենայնիվ, կատարվում են:

«Քայլեր կատարվում են հարկայի վարչարարության ուղղությամբ, բայց դրանք որքանով են համակարգային, որքանով են ուղղված խնդիրները լուծելուն, այլ ոչ թե մակերեսային են, դրա մասին խոսում է հենց ստվերայնության 35 տոկոս ցուցանիշը», – ասաց Չատինյանը:

Ըստ փորձագետի` ստվերի անհանգստացնող չափերի մասին է խոսում նաեւ ԱՄՀ-ի այն դիտարկումը, ըստ որի Հայաստանի աշխատուժի ավելի քան 58 տոկոսը գտնվում է կենսաթոշակային դաշտից դուրս:

«Այսինքն աշխատող ռեսուրսների 58 տոկոսը կենսաթոշակային համակարգին գումարներ պարզապես չեն վճարում: Դա նույնպես ստվեր է: ԱՄՀ-ն որպես խնդիր նշում է նաեւ բարձր հարկադրույքները թե գործատուների, թե աշխատողների վրա: Այդ ուղղությամբ միգուցե կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի եւ գտնի այն միջին բեռը, որի դեպքում գործատուն եւ աշխատակիցը պատրաստ կլինեն վճարել հարկերը», – ասաց Չատինյանը` հավելելով, որ ստվերայնության այս բարձր ցուցանիշն բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության մեջ հետագա ներդրումների մակարդակի վրա:

Ըստ կառավարությանն առընթեր Ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի ստվերային տնտեսության ծավալն ավելի փոքր է:

«ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը մոտավորապես կազմում է ՀՆԱ-ի 25 տոկոսը», – նշված է ԱՎԾ-ի պաշտոնական կայքեջում:

Տիգրան ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930