Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց Կապանի նոր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, շնորհակալություն հայտնեց 4 տարիներին համայնքը ղեկավարած Արտուր Աթայանին` այդ տարիներին մարզկենտրոնում կատարած աշխատանքի համար, իսկ Կապանում անցկացված վերջին ՏԻՄ ընտրություններն ամենաքաղաքակիրթը համարեց:
«Առավոտի» նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Կապանում նախընտրական շրջանում լարված իրավիճակներին, ընտրությունների հետ կապված բնակիչների դժգոհություններին եւ այլն:
«Վստահեցնում եմ ձեզ, որ համայնքապետի վերջին ընտրությունները քաղաքում ամենացիվիլ, ամենաքաղաքակիրթ ճանապարհն էր եւ այսօր ձեզանից ոչ մեկը մտահոգվելու խնդիրը չունի, գործող քաղաքապետը իր հոժար կամքով հրաժարական տվեց, եւ նոր քաղաքապետն ընտրվեց: Չկար համառ պայքար, չկար մեկս մյուսին վարկաբեկելու որեւիցե հանգամանք, չի եղել մի դեպք, որը ցավացնի Կապանի բնակչությանը: Ես որպես մարդ մշտապես անաչառ եմ եւ անկողմնակալ, կարծես թե այս 9 տարիներին արդեն ձեզանից յուրաքանչյուրը ծանոթ է ինձ եւ իմ բնավորությանը, ես երբեք ինձ թույլ չեմ տա չեղածն եղած դարձնել եւ եղածը` չեղած: Այս 4 տարիներին Կապանում կատարված աշխատանքները մեզանից յուրաքանչյուրի աչքի առաջ է, բավականին հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, եթե կամեցողություն ունենանք, պետք է գնահատենք դրական: Բայց Կապանում դեռ շատ աշխատանքներ կան անելու, պետք է համախմբվենք եւ օգնենք գործող քաղաքապետին, որպեսզի հնարավորինս շատ խնդիրներ լուծվեն եւ արագ»,- ասաց պարոն մարզպետը եւ միեւնույն ժամանակ նշեց, որ Արտուր Աթայանի հետ աշխատել է համագործակցված ցանկացած խնդրի շուրջ եւ այսուհետ էլ միմյանց միջեւ կշարունակվեն ընկերական հարաբերությունները: Իսկ ավագանու անդամներին կոչ արեց աշխատել անաչառ, քաղաքի խնդիրներով մտահոգ եւ անօրինական քայլեր չանել:
Հանդիպման ժամանակ կարեւորվեց հետագա աշխատանքներում բոլորի համախմբվածությունը, որը միայն կնպաստի համայնքի զարգացմանը, որեւէ տարբերակում չպետք է դրվի մարդկանց միջեւ:
Կարդացեք նաև
«Այն մարդիկ ովքեր կկարողանան քաղաքապետի գործելակերպին, քաղաքապետի տեմպերին դիմանալ, իր հետ համատեղ աշխատել, այդ մարդիկ խնդիրներ չեն ունենալու, իսկ ովքեր կծուլանան, կթերանան` բնականաբար խնդիրներ կունենան», – հավելեց մարզպետը:
Հրաժեշտի խոսքում Արտուր Աթայանը վերջին անգամ շնորհակալություն հայտնեց իր հետ այս տարիներին աշխատած բոլոր գործընկերներին եւ ներկաներից խնդրեց, որպեսզի նոր քաղաքապետին օգնեն նույն կերպ, ինչպես իրեն են օգնել այդ ամբողջ ընթացքում: «Շնորհակալ եմ բոլորիցդ՝ 4 տարվա համատեղ աշխտանքի համար, իմ կարծիքով մենք լավ ենք աշխատել, ես միշտ ձեզ հետ եմ լինելու, միշտ պատրաստ եմ լինելու մեր քաղաքին օգնել», – ասաց Արտուր Աթայանը:
Իսկ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ պատրաստակամ է աշխատել ավագանու անդամների, քաղաքապետարանի եւ նրա ենթակայության կառույցների ներկայիս աշխատակիցների հետ, եթե համատեղ այդ աշխատանքը լինի կառուցողական: «Միայն քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ակնկալել, որ իսպառ կարող են լուծվել այն խնդիրները, որոնք առկա են մեր քաղաքում»,- իր խոսքում ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ