Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հաշմանդամներին դժկամ եւ անմարդկային են վերաբերվել

Նոյեմբեր 13,2012 18:14

Հաշմանդամության կարգ նշանակելու լավագույն եւ արդյունավետ մեթոդը` դա եվրոպական որոշ երկրներում կիրառվող մեթոդն է: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Մաղաքյանը: Իսկ եվրոպական տարբերակը, ըստ պարոն Մաղաքյանի, հետեւյալն է. «Երբ հաշմանդամը մոտենում է սոցիալական ծառայություն` ուղղակի հայտարարելով` ես ունեմ հաշմանդամություն: Այդքանը բավարար է, տարօրինա՞կ է հնչում: Հետո ասում են` լավ եղբայր, բարի, դու ունես հաշմանդամություն, այսինքն` դու ունես մյուսների հետ համահավասար հասարակական կյանքին մասնակցելու խնդիր: Նայենք` անհատական զարգացման ծրագրով ի՞նչ է անհրաժեշտ քեզ` քո բնակարանի մոտ վերելակ, հարմարեցված անձնական տրանսպորտ, հարմարեցված աշխատանք, վերջացավ, քո հաշմանդամությունը վերջացավ: Աշխատում ես, վաստակում ես քո գումարը: Այսինքն` փոխանակ ամբողջ կյանքում ֆիքսված գումար վճարելուց, ներդրվում է մի փոքր այլ գումար եւ մեկընդմիշտ լուծում է խնդիրը: Իսկ այսօր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ դիմում են կարգ ստանալու մեծամասամբ թոշակի թույլտվություն ստանալու համար: Հաշմանդամության կարգ ստանալը վերածվել է նպաստ ստանալու աղբյուրի: Ավելի նպատակահարմար է գումարը ներդնել անձին հասարակական կյանքին ներգրավելու խոչընդոտների վերացմանը»:

Կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ «Ամեն ինչ մեզ համար`մեզ հետ» ծրագրի շրջանակներում, Լոռու, Շիրակի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում հարցում է անցկացրել 526 հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Ըստ այդ հարցման արդյունքների, բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)ընթացքում հաշմանդամության խումբ ստանալուց առաջ հարցված հաշմանդամների 88%-ը խնդիրներ չեն ունեցել, իսկ 12%-ը` ունեցել են խնդիրներ` հատկապես 3-րդ խումբ ձեռք բերողները: Ընդհանուր առմամբ, նրանց 47%-ը նշել է, որ իրենցից գումար են ուզել հաշմանդամության խումբ նշանակելու համար, մյուս 35%-ը նշել է, որ իրենց նկատմամբ ցուցաբերել են դժկամ, անմարդկային վերաբերմունք: Հարցվածների 25%-ը կարծիք է հայտնել, որ ԲՍՓ-ի քննությունն ուղղակի անիմաստ քաշքշուկ է, 24%-ը` թոշակ ստանալու թույլտվություն, իսկ 49%-ը` անհրաժեշտություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ ուղղված պետական քաղաքականության ծրագրերի, իրավունքների, արտոնությունների մասին հարցվածերի 48%-ը բոլորովին ծանոթ չէ, մասամբ ծանոթ է հարցվածների 39%-ը, եւ միայն 11%-է ծանոթ եղել:

«Ամեն ինչ մեզ համար`մեզ հետ» ծրագրի հանրային կապերի ղեկավար Լուսինե Սարգսյանի խոսքերով էլ`թեեւ Հայաստանը 2010-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, սակայն ըստ հարցումների պարզվել է, որ դեռեւս լուրջ խնդիր է հաշմանդամների զբաղվածությունը, հասարակական տրանսպորտի մատչելիությունը, մատչելի միջավայրն ու ծառայությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930