Երեկ այս մասին իր երդմնակալման արարողությունից հետո լրագրողներին դժգոհեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Հիմա տեսեք ինչ ստացվեց, ունեինք աշխատավարձի կուտակված պարտքեր. օգոստոսը փակել ենք, սեպտեմբերը արդեն վերջացնում ենք, հիմա ստանալու ենք նաև դոտացիան, փակելու ենք հոկտեմբերը: Ոնց որ թե աշխատավարձը թիվ մեկ խնդիրն է, եթե դու ստանում ես օգնություն` դոտացիա, առաջին հերթին պետք է փակես աշխատավարձը: Մի հատ կուրիոզ բան էր ստացվել. հուլիս ամսին էդ պարտքերի մեջ աշխատավարձ էին բարձրացրել ենթակառուցվածքների, մոտ 35 միլիոնի նորից ճեղքվածք կար էստեղ, բայց ոչինչ կհաղթահարենք, էլի Աստված մեզ հետ է», -ինքն իրեն հույս տվեց Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը 209 միլիոն դրամի աշխատավարձի պարտք ուներ. 3 ամիս շարունակ աշխատավարձ չէր տվել ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներին, այլև վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին:
Նորընտիր քաղաքապետը նաև ակնարկեց, որ նախորդ քաղաքապետի օրոք հարկերը նորմալ չեն հավաքագրվել, օրինակ` գովազդների տեղադրման, ինչպես նաև տրանսպորտի ոլորտից հարկեր չեն մուտքագրվել բյուջե:
Կարդացեք նաև
Մի խոսքով, Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանին այնպես է պարտքախեղդ արել, որ վերջինս ամեն անգամ լրագրողներին տեսնելիս միայն պարտքերից է խոսում, նույնիսկ այդ խորհրդանշական օրը` իր իսկ ինագուրացիային, պարտք բառը մի 10 անգամ կրկնեց:
Գյումրու նորընտիր քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ ներում չի լինելու. աուդիտ է հրավիրելու:
Իսկ ռեվիզորները ամենայն հավանականությամբ Գյումրի կժամանեն նոյեմբերի 23-ին` նորընտիր ավագանու առաջին նիստից հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ