Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը դատավորներին ասել է` ձեր սեւ գործը մինչեւ վերջ արեք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2012 17:13

Այսօր Բաղրամյան 26 հասցում` նախագահի նստավայրի դիմաց, բողոքի ակցիա էր կազմակերպվել 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրվողների հարազատների եւ Արտակ Նազարյանի հարազատների կողմից: Նրանք պահանջում են արդար դատավարություն:

Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ գործով դատավոր Սամվել Մարդանյանը նախորդ դատական նիստին անհիմն մերժեց 3 այնպիսի միջնորդություններ, որոնք լուրջ բացահայտումներ էին անելու, որ Արտակ Նազարյանը ինքնասպան չի եղել, ինչպես որ պաշտոնապես հայտարարվում է. «Դատն ավարտվեց խարդախություններով, բայց պետք է ասեմ, որ մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ գործը չկարողանան կոծկել»:

Մեր այն հարցին էլ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին Հայաստանում չէ, ինչո՞ւ են որոշել հենց այսօր բողոքի ակցիա անել, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախագահը եղած-չեղած` մեկ է: Եղած ժամանակ էլ, ե՞րբ է մի քայլ արել: Իրա արած քայլը միշտ եղել է ի վնաս ժողովրդի: Նախագահը մի հատ շոու արեց, դատախազներին հավաքեց, որ իբր թե պիտի ճիշտ դատավարություն գնա, նախագահի խոսքից հետո, բանից պարզվում է, դատավորի ձեռքերն ավելի բացվեցին: Այսինքն` ո՞նց հասկանանք, նախագահը ժուռնալիստների ներկայությամբ մի բան ասեց, ժուռնալիստների գնալուց հետո ասեց` ձեր սեւ գործը մինչեւ վերջ արեք»:

Մանրամասները` տեսանյությում

Տուժողի իրավահաջորդի` Արտակ Նազարյանի շահերը դատարանում ներկայացնող, փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն դատավարության ամենակարեւոր փուլն է. «Որովհետեւ դատավարության անցած փուլերում մենք գտնում էինք, որ նախաքննության առաջ քաշած ինքնասպանության վարկածը լիովին հերքվել է եւ այժմ մենք ուզում ենք հասնել գործով ճշմարտության բացահայտմանը: Օրինակ բերեմ, դատական բժիշկը, որը կատարել է Արտակ Նազարյանի մարմնի դիահերձումը, նրա մարմնի վրա ֆիքսել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեցել են մահվանից մինչեւ 6 ժամվա վաղեմություն: Այդ ուղղությամբ նախաքննական մարմինը քննություն բացարձակ չի կատարել եւ պարզ չէ՝ որտեղի՞ց են առաջացել այդ մարմնական վնասվածքները, ո՞վ է պատճառել եւ այլն: Նման պայմաններում խոսել այն մասին, որ Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել` մահվանից օրեր առաջ նրա եւ այլ զինծառայողների միջեւ իբր տեղի ունեցած ինչ-ինչ վիճաբանությունների արդյունքում, անհիմն է»:

Մանրամասները տեսանյութում`

Արտակ Նազարյանի քույր՝ Ծովինար Նազարյանի խոսքերով էլ` «Արդարադատության համակարգը դասավորել են այնպես, որ համակարգը ծաղր է դարձել: 8-9 օղակ միասին աշխատել են, որ վկային թաքցնեն: Մենք եկել ենք մեր բողոքն արտահայտելու համակարգային աղտահարման դեմ, որի հետեւանքով արդարադատությունն ուղղակի ծաղր է դարձել Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաեւ եղբորս` Արտակ Նազարյանի գործով:

Վերջին դատական նիստի ժամանակ դատավորը մերժեց քննության առնել միջնորդություններ, որոնք կարող էին լույս սփռել մահվան իրական հանգամանքների վրա: Ակնհայտորեն դատավորը փորձում է գործը դակել մեղադրական եզրակացության շրջանակներում, այնպես, ինչպես զինվորական դատախազությունից հասել է իրեն»:

Մանրամասները` տեսանյութում

Ակցիային ներկա էին նաեւ գործով մեղադրվողների հարազատները, որոնք եւս պնդում են, որ դատավարությունն անարդար է եւ անհիմն մեղադրանքներ են ներկայացված:

Ի դեպ ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին նաեւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները, որոնք նույնպես պահանջում են արդար դատավարություն:

PrevPhoto
NextPhoto

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930