Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը 1000 տպաքանակով հրատարակել է Նախիջեւանի երկլեզու (հայերեն եւ անգլերեն) քարտեզագիրքը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին «Արմատ» ակումբում այսօր հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Ներկայացնելով քարտեզագիրքը՝ նա տեղեկացրեց, որ առաջին մասն ընդգրկում է Նախիջեւանի երկրամասին վերաբերող հնատիպ քարտեզները՝ մշակված գերմանացի, իսպանացի, անգլիացի հեղինակների կողմից. «Նախիջեւանի՝ հայկական պետության մասը կազմելու հանգամանքի շուրջ մենք փաստերի պակաս չունենք, բայց խնդիրը հատկապես նպատակային է դառնում, երբ դա ներկայացնում են այլազգի հեղինակները: Երկրորդ բաժինը ներկայացնում է մեր կողմից կազմված քարտեզները: Հատկապես կարեւոր է ազգաբաշխական քարտեզը, որը կազմվել է 1914թ.-ին Ցարական իշխանության կողմից անցկացրած մարդահամարի տվյալնրի հիման վրա: Այդ ժամանակ երկրամասում ապրում էին հայեր, կովկասյան թաթարներ, որոնք ներկայիս ադրբեջանցիներն են, եւ մահմեդականներ: Ներկայումս Նախիջեւանում հայկական գյուղեր չկան»:
Քարտեզագրքի մյուս քարտեզները ներկայացնում են Նախիջեւանի գրչօջախները, որոնց նշանակալի մասը ոչնչացվել են: Մեկ այլ քարտեզում նշված են երկրամասի հայկական կրթօջախները. «Դրանք երկու տիպի են բաժանվում ՝ վանական եւ ծխական: Կային նաեւ պետական եւ մահմեդական դպրոցներ: Հատկանշական է, որ մահմեդական մի քանի դպրոցներ գտնվել են պետական հովանավորության ներքո՝ ի տարբերություն հայկական դպրոցների: Հայտնի է, որ հայերը մեծ ուշադրություն էին դարձնում կրթությանը»,-ասաց պարոն Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նախիջեւանի քարտեզագրքում ներառված են նաեւ հայկական մշակութային մերօրյա եղեռնին առնչվող փաստերը: «Երկրամասում գոյություն է ունեցել 219 միավոր վանք, եկեղեցի եւ մատուռ. դրանցից ոչ մեկը չի պահպանվել: Փոխարենը՝ հարաբերական կարգով ներկայացրել ենք հայկական եւ մահմեդական հուշարձանները, որպեսզի ադրբեջանցիները չասեն, թե Նախիջեւանը մահմեդական հուշարձանների օրրան է: Այդպիսիք կան, բայց ունեն ընդամենը 100-120 տարվա պատմություն»,-հայտնեց հուշարձանագետը:
Քարտեզագիրքը սահմանափակվում է Ջուղայի պատկերաքանդակ-խաչքարերի լուսանկարով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ