Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավոր. «Էլեկտրաշոկով այրել են մեջքս»

Նոյեմբեր 13,2012 16:51

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 33 խցի կալանավոր Արման Դավթյանը նամակ էր ուղարկել Aravot.am, տեղեկացնելով ՀՀ ոստիկանության Մաշոցի բաժնում իր, ընկերոջ եւ կնոջ նկատմամբ կիրառված բռնությունների մասին:

Ըստ նամակագիր-կալանավորի, ոստիկանները էլեկտրաշոկով այրել են մեջքը, կոտրել ձախ ձեռքի մատները, որպեսզի, հանձն առնի իրեն մեղսագրվելիք գողությունները:

Կալանավորն այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ԱԺ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան հելսինկյան կազմակերպություններին, ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակին:

«Շատ եմ խնդրում իմ այս նամակը տպագրել, որպեսզի մարդիկ իմանան, թե օրենքի պաշտպան ոստիկանները ինչեր են գործում»,- գրում է կալանավորը:

Այս տարվա հունիսի 14-ին առավոտյան, ըստ կալանավորի, «խուժանի նման իմ վարձակալած բնակարան ներխուժեցին մի քանի անձինք, առանց ոստիկանի համազգեստի, առանց փաստաթղթի, առանց ներկայանալու:Խուժանի պես քարշ տվեցին ինձ, կնոջս, ընկերոջս իրենց մեքենան, տանելով Մաշտոցի ոստիկանություն: Բաժնում քրեականի պետի ներկայությամբ, 5-6 օպերներ ինձ դաժանաբար ծեծել են, խոշտանգել, էլեկտրաշոկով այրել են մեջքս, ինչը հաստատվել է դատաբժշկի եզրակացությամբ»:

Կալանավորն ասում է, որ որպեսզի իր կնոջ եւ ընկերոջ նկատմամբ բռնություններ չկիրառվեն, «համաձայնության» է գալիս քրեականի պետի հետ, եւ «ընդունում» է 14 բնակարանների, 2 ավտոմեքենաների գողության դեպքերը:

«Չունենալով որեւէ իրեղեն ապացույց, իմ ընկեր Աշոտին, քրեականի պետը ավտոմեքենայի բարձրախոսեր է տալիս, որ տանի իր տանը պահի, որ հետո խուզարկության ժամանակ հայտնաբերեն:Մեկ օր ընկերոջս եւ կնոջս պահեցին ոստիկանության բաժնում: Առանց գրանցելու, առանց բացատրության: Մեկուսարանում հայտարարեցի հացադուլ, դիմում-բողոք գրելով ՀՀ գլխավոր դատախազին»,- գրում է կալանավորը:

Ըստ վերջինի, մինչ օրս որեւէ պատասխան պատկան մարմիններից ինքը չի ստացել:

Կալանավորն ունի հանրային պաշտպան, եւ նրան իրավական օգնություն է ցույց տալիս նաեւ իրավապաշտպան կազմակերպություներից մեկի իրավաբանը:

Նա խնդրում է հրապարակայնացնել իր հետ կատարվածը, այլապես սպառնում է ինքնասպան լինել.«Որոշումս հստակ է, անփոփոխ ու անկեղծ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930