Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան օրերի խրոնիկա կամ «ցեղասպանություն, անկախություն, տարեդարձ»

Նոյեմբեր 13,2012 16:23

Չորս տարի առաջ երբեք չէի մտածի, թե մի օր գուցե ստացվի այնպես, որ կապրեմ Մոսկվայում: Ինչևէ, փաստը մնում է  իրականություն: Հայրենիքից մի քանի հազար կիլոմետր հեռու գտնվելով, թերևս, մի քիչ ավելի ծայրահեղական ու անհանդուրժող  եմ դարձել ու  վերջին շրջանի իմ շփումները հայ համայնքի  ու մի քանի մոսկովյան հայկական կազմակերպությունների հետ, էլ ավելի ուժեղացրեցին իմ անհանդուրժողականությունն ու ուրվագծեցին դրա ուղղությունը: Նախ, սկսենք նրանից, որ «հայկական կազմակերպությունները Մոսկվայում» արտահայտությունն ինքնին ծիծաղելի է և նման է օքսիմորոն լեզվաբանական երևույթին: Հանրամատչելի լեզվով ասած` էղած չեղած – նույն հաշիվն ա:

Ամենամեծ «հիացմունքն» են առաջացնում այն «կազմակերպությունների» ղեկավարները, ովքեր նույնիսկ հայերեն չեն կարողանում երկու բառ իրար կապել ու իրենց ընտանիքներում նույնիսկ ռուսերեն են խոսում, բայց գիտեք ցավալին որն է՞: Ախր դրանց խոսացած ռուսերենն էլ ռուսերեն չի… Վերջերս նման մի հասարակական ապուշ, Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ, շատ պաթետիկ կերպով հավաստիացնում էր, որ իրենց կազմակերպությունում ու ընդհանրապես համայնքում ամեն ինչ շատ հիանալի, է և իրենք նախարարից ուզում են ընդամենը  մեկ բան,  որ վերջինս ողջույններ փոխանցի հանրապետության նախագահին… Հա բա ինչ կանեն` բան ու գործերը էս ռեստորանից էն ռեստորան թառելն ա:

Էդ կազմակերպությունների գործունեությունը ամբողջ տարվա ընթացքում պտտվում է մի քանի թեմաների շրջանակներում. ցեղասպանություն, անկախություն, տարեդարձ: Այսինքն, ամբողջ տարին, ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուրիշ մարդկանց մեյլեր  են գրում (երևի իրանց ոչ ոք չի ասել, որ էդ պուճուր, քառակուսի սարքերով կարելի է նաև զանգել), փող են հավաքում, հետո վարձում են քաղաքի ամենաէժան դահլիճներից մեկը, հրավիրում են ինչ-որ անհասկանալի կերպարների  և ուշադրություն` երեկոյի կուլմինացիան` անպայման նեղանում են իրարից ու բաժանվում, մինչև` հաջորդ միջոցառումը…Երևի մի օր Մոսկվայի ամենանեղացկոտ հայերի ռեյտինգ պատրաստեմ` բայց վախենում եմ` նեղանան:

Ի դեպ, գաղափարախոսության ու քարոզչության տեսանկյունից, իրականում կարևորություն ունեցող, ասենք, եղեռնի հիշատակին նվիրված միջոցառումները չեն լուսաբանվում  ռուսական ԶԼՄ-ների կողմից, քանի որ ոչ ոք չի աշխատում էդ ուղղությամբ: Էդ ի՞նչ կարևոր է որ: Կարևորը, որ «պտիչկա» դրվեց, թե միջոցառում կազմակերպեցինք:  Իրենք ասում են,  իրենք լսում ամեն տարի կրկնվող նույն նախադասությունները ու միջազգային հանրությանը ուղղված էդ բոցաշունչ կոչերը` էդպես էլ անհաղորդ  անցնում են միջազգային հանրության ականջների կողքով, քանի որ միջոցառումը լուսաբանելու են հրավիրվում  միայն  հայկական ալիքների կիսաշունչ թղթակցական կետերի ներկայացուցիչները, ովքեր էլ մի կերպ, 2-3 օր հետո «նորություն» են ուղարկում Հայաստան:

Մի առանձին թեմա էլ էս թղթակցական կետերն ու  ընդհանրապես ռուսահայ «սուղ» լրատվամիջոցներն են, որոնք  փոխանակ  միահամուռ կերպով մեկ ընդհանուր գործ կատարեն, եռանդագին զբաղված են  իրար միս ուտելով, յանըմ թե մրցակցության մեջ են: Իսկ դրանց մասին հաջորդիվ…

Մարատ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930