Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Ո՞նց կարող է պատգամավորը ստանալ ավելի պակաս աշխատավարձ, քան ԿԲ հավաքարարը, ձե՞ռ եք առնում ձեզ»

Նոյեմբեր 13,2012 16:20

ԱԺ նիստում ՀՅԴ-ն ներկայացրեց նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց առաջարկն ընդունելու պարագայում՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 45 հազար դրամ եւ 16 մլրդ դրամի ծախս է:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրեց ներկայացնել, թե վերջին 10 տարիների ընթացքում որքանով է աճել նվազագույն աշխատավարձի չափը: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ 2003-ին նվազագույն աշխատավարձը 5000 դրամ էր, 2004-ին կտրուկ աճեց եւ դարձավ 13000 դրամ, այնուհետեւ՝ 18 հազար դրամ, 25 հազար դրամ եւ 30 հազար դրամ: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը բացատրեց, որ գումար չկա:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձեց. «Չենք ուզում ավելորդ խոստումներ տալ, քանի որ այդ փողը չկա: Մարդիկ առաջարկում են վերաբաշխել: Եթե նույնիսկ փողը հնարավոր չէ ավելացնել, եկեք վերաբաշխեք: Վալյուտային ֆոնդի վերջին գնահատականը տեսեք, ըստ որի մարդիկ մի քիչ ավելի վատ կապրեն, քան 2007-ին»: Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց, որ վերաբաշխում չեն կարող անել. «Այս վերաբաշխումն այս կերպով չի կարող աշխատել»:

Զարուհի Փոստանջյանը Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց. «Խորհուրդ կտամ, որ օգտվեք ոչ թե Վիքիպեդիայից, այլ՝ կայքէջերը նայեք այլ պետությունների: Ես հիմա մատնանշեմ ՀՀ Սահմանադրությունը, որ մայր օրենքն է՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատության իրավունք, յուրաքանչյուր ոք ունի նվազագույն աշխատավարձից ոչ ցածր աշխատավարձի իրավունք»: Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորին խորհրդի համար, բայց վստահեցրեց, որ այն պետք չէ. «Ես դիտարկում եմ, որպես կանոն, բազմաթիվ աղբյուրներ: Ինչ վերաբերում է Սահմանադրության պահանջին, գոյություն ունեցող օրենքը չի խաթարում այդ պահանջը»:

Հրանտ Բագրատյանը շատ դժգոհ էր կառավարության բացատրություններից. «Եվրոպական երկրներում նվազագույն աշխատավարձը կազմում է միջին աշխատավարձի 40 տոկոսը, եթե դուք վկայակոչում եք եվրոպական երկրները: Դուք ասում եք՝ ունեք 120 հազար դրամ միջին աշխատավարձ: Այդ դեպքում 50 հազար դրամ պարտավոր եք տալ: Եղբայր, մտցրեք պրոգրեսիվ եկամտահարկ: Ո՞նց կարող է պատգամավորը ստանալ ավելի պակաս աշխատավարձ, քան Կենտրոնական բանկի հավաքարարը: Նույն որակի՞ եք գնահատում աշխատանքը: Ձե՞ռ եք առնում ձեզ: Փոխեք օրենքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930