«Ստեփանակերտի օդանավակայանը վաղ թե ուշ շահագործվելու է, այլ խնդիր է, թե երբ: Դրանում դույզն-ինչ կասկած չունեմ», -ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի այն հարցին, թե երբ Արցախի օդանավակայանի շահագործման հարցը շահարկում է ադրբեջանական կողմը, հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի այն հայտարարությունը, թե օդանավակայանի բացելու ծրագիրը «հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով»:
Պարոն Ջամալյանը դեսպանի հայտարարությունը որակեց «ադրբեջանահաճո» և մանրամասնեց. «Հայաստանի հետ Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, բայց զուգահեռաբար ՌԴ-ն շահագրգռված է չկորցնել Ադրբեջանին՝ իբրև գործընկեր: Իհարկե, հարաբերությունների մակարդակը որակապես այլ է Ադրբեջանի հետ, բայց Ադրբեջանին նույն կերպ ՌԴ-ն փորձում է հնարավորինս իր ազդեցության ոլորտում պահել: Այստեղ դեսպանի հայտարարության մեջ տեսնում եմ բարդ մանյովրի փորձ, երկու հակամարտող կողմերի միջև դաշնակցային հարաբերություններ ունենալու մակարդակը պահելու գերխնդիր, որը գուցե այդքան էլ հաջող չի ստացվել: Բայց այնուամենայնիվ ես Ադրբեջանում ՌԴ դեսպանի հայտարարությունը հակված չէի լինի համարել՝ իբրև ռուսական կողմի վերջնական պաշտոնական դիրքորոշում: Խոսքը գուցե ադրբեջանական իշխանություններին ուղղված ժեշտ է, բայց ՌԴ քաղաքականությունը ոչ թե Ադբեջանում ՌԴ դեսպանն է որոշողը, այլ նրա վերադասները: Ռուսական կողմը թերևս ադրբեջանահաճո հայտարարություն է անում բուն Ադրբեջանում, որը չեմ կարծում, որ շրջադարձային փոփոխություն մտցնի օդանավակայանի շահագործման հեռանկարում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
պետք է աշխատել -ինչ որ ձեվով- օգտագործել օդանավակայանը . չպետքէ ենթարկվել թշնամու ճնշումներին կամ էլ նրա բարեկամների մանեվների փորձերին.