Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Թադևոսյանի ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2012 15:07

Նոյեմբերի 2-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր երիտասարդ գեղանկարիչ Վահագն Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված ստեղծագործություններն աչքի են զարնվում մեղմ ու սպեցիֆիկ համադրություններով, որոնց միջոցով արտազատվում է ներցուցահանդեսային իդիլիկ ու հանգիստ մի աուրա, և դիտորդը հարմարավետ կերպով դիտում, զննում , և այդուհանդերձ, հիանում է յուրաքանչյուր աշխատանքով:

Ցուցասրահում հիմնականում ստեղծագործական կոմպոզիցիաներ են` բազմաբույլ ու անսահման երևակայական թեմատիկաներով: Յուրատիպ կոմպոզիցիոն մեկնություն ունի «Սայաթ-Նովա» (2012) կտավը: Նվագող կերպարի շարժումն օժտված է սյուր բնականությամբ, պլաստիկայով: Նրա ձուլումը երաժշտական գործիքի հետ ստեղծում է հոգևոր կապը մատերիայի հետ: Կապույտի ու սպիտակի կտրուկ համադրումը, գունային լակոնիզմն ու համառոտակիությունը, աշխատանքը դարձրել են ակնահաճո:

Նմանատիպ գունային համադրությունների ցիկլ ենք նկատում նաև «Սբ Գևորգ» (2012) , «Թագուհի» (2012) , «Նատյուրմորտ» (2012), «Ձկնավաճառը» (2012) աշխատանքներում, որոնք թեև տարաժանր են, յուրատեսակ մոտեցումներով ու կոմպոզիցիոն սիստեմներով, սակայն ընդհանրական ու առանցքային է այստեղ գունային կոլորիտը: Կապույտի էմպիրան կայացած է, ունի իր կայուն դերն ու տեղը յուրաքանչյուր աշխատանքում:

Լազուր կապույտների նրբերանգային տատանումները , որոնք տարանջատված են լույս-կիսաստվեր- ստվեր հարաբերակցությամբ, դիպուկ համակցվել են սպիտակների ու կաթներանգների հետ «Նատյուրմորտ»(2012) աշխատանքում: Մրգերով ու դիմապատկերներով այս նատյուրմորտը յուրօրինակ է: Մետաֆիզիկայի հայեցողական ընկալունակության առկայությունն այստեղ, կարծես առարկաներին ներշնչի արտաքին անկախություն` զուրկ պայմանավորվածություններից, հակասություններից, փոփոխումից, նաև` զարգացումից: Յուրաքանչյուր դետալի այս ինքնուրույնությունը , թերևս, արդարացված է և լիարժեք, պատկերներն ամբողջական են, լրացված ու գերռեալիստական:

Էքսպոզիցիայում իր ուրույն տեղն ունի «Թագուհի» (2012) կտավը: Մաքրության ու անարատության սիմվոլիկ գույները երկխոսության մեջ են մտել թագուհու ջինջ հայացքի հետ: Վերածննդյան մեղմ սֆումատոյի հնչյուններ են լսվում բիբերի հորձանուտներից: Նա` իր ատրիբուտներով , գիպսե քանդակային փափկություն ու նրբություն ունի , իսկ գեղանկարչական ֆոնը, համադրվելով այս անթրթիռ հայացքին, ստեղծել է ինքնահատուկ մոտեցում:

Գունային կոլորիտը հաճելիորեն փոփոխվում է հեղինակի մյուս աշխատանքներում` «Երկինք» (2012), «Անվերնագիր» (2009), «Վերջինը» (2009), «Սպիտակ երկինք» (2012), «Հեքիաթ» (2010), «Դեղձուն ծամ» (2011): Այստեղ սպիտակի ու կապույտի ընկերակցությանն են միացել տաք գույների մի խումբ` կարմիրներ, նարնջագույներ, վարդագույներ, բոսորագույներ, նռնագույներ…, որոնք հարստացրել են կոլորիտային ամբողջականությունները, տրամադրությունները փոփոխությունների ենթարկել: Նրանք կարծես գերկարևոր ու դոմինանտ են դարձրել տվյալ գույնը կրող սուբյեկտին: Կանաչավունները, մոխրագույներն երբեմն` դեղինները ունեն ավելի կրավորական ու զուսպ դիրքորոշում. նրանք մեղմ ու համեստ կեցվածքով իրենց օգնությունն են առաջարկում:

Ավելի գեղանկարչական ու հյութեղ են շարքային մտածողությամբ ստեղծված «Ձմերուկ վաճառողը», «Խնձոր վաճառողը», «Թեյ վաճառողը» , որտեղ գունային կտրուկ ու խիզախ համադրումներ են: «Շորժա» բնանկարներում ավելի ռեալիստական նկրտումներ ենք նկատում, սակայն ձեռագրային ընդհանրացումներն ու նկարչի գունային ու կոմպոզիցիոն մտածողության հիմնական առանցքն անփոփոխ է:

Ցուցահանդեսն ամփոփվում է գրաֆիկական աշխատանքների ներկայացմամբ, որոնց մի մասն ունեն «Մերկ» վերնագրերը , իսկ մյուս հատվածում այլ գրաֆիկական գործեր են ` լակոնիկ ու առանձնակի ապլոմբով կատարված: «Մերկ» (2011) աշխատանքում ավան պլանի պառկած աղջիկը իմպոզանտ է, հրապուրիչ ու առինքնող: Այստեղ բնորդի ներքին հանգստությունն է դոմինանտ, նա ազատ է, խաղաղ է, երանավետ հանգիստ է ու նիրվանա…Այն նույն խաղաղությունն ու անդորրն է , որ համակում է դիտողին ու յուրաքանչյուր այցելուին` ցուցահանդես մտնելուն պես: Այն հոգևոր հանգիստը, ուղեղի սնուցումը, գեղեցիկն ընկալելու ու վայելելու մթնոլորտը , որ իշխում է Վահագն Թադևոսյանի յուրատիպ ու հետաքրքիր ցուցահանդեսում:

Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արվեստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930