«Ժառանգություն» կուսակցության անդամ Հայկ Ղազարյանը հայտնի էր Արաբկիր համայնքում ապօրինի կրպակների դեմ դատական գործընթացներում ներգրավված անձ: Նրա բազմաթիվ առաջարկությունները կապված էին նաեւ այլընտրանքային զինվորական ծառայության հետ:
Հայկը հայտնի գիտնական Լեւոն Ղազարյանի որդին է:
Երեկ նա հեռացավ Հայաստանից, մինչ այդ կուսակցության գրասենյակում թողնելով իր հետեւյալ դիմումը. «Կուսակցության ստեղծման առաջին օրվանից հանդիսանում եմ կուսակցության անդամ ու ակտիվ մասնակցել եմ նրա աշխատանքներին, բազմաթիվ անգամ պայքարել եմ քաղաքապետարանի կողմից անօրինական կառուցապատումների դեմ՝ նշելով սխալները, որոնք կատարում է կուսակցությունը։ Մնալով մենակ՝ երկակի ստանդարտներով առաջնորդվող կուսակցության ղեկավարների դեմ, որոնք չունեն սկզբունքներ, այդ մարդկանցից հիասթափվեցի եւ հեռանում եմ երկրից:
Այն, ինչ չկարողացավ անել ՀՀՇ-ն, իր վատ քաղաքականությամբ արեց «Ժառանգությունը»:
Կարդացեք նաև
Այն իղձերն ու մտադրությունները, որոնց շուրջ համախմբվել էր կուսակցությունը՝ դավաճանվեց։ Ասել եմ ու ասում եմ, որ վարչությունը դարձավ թյուրիմացություն, իսկ դեպուտատները՝ միմոսներ։
Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ ցանկացած բառի համար, եւ եթե կա մարդ, որը պատրաստ է ապացուցել հակառակը, պատրաստ եմ փաստերով ապացուցել իմ ճշմարտությունը։
Ոչինչ չանելով՝ հինգ տարի շարունակում են ղեկավարել կուսակցությունը։
Ես երբեք ձեզ չեմ դավաճանել, բայց ինձ դավաճանված եմ զգում»:
Մեզ հետ զրույցի ժամանակ Հայկ Ղազարյանն ասաց, որ չուներ աշխատանք, չուներ ինքնադրսեւորվելու հնարավորություններ, եւ որ իր հիասթափությունը կատարվածից երկար ժամանակ կպահանջի՝ ապաքինվելու համար:
«Ժառանգությունից» այս դիմումի առնչությամբ մեր հարցին ի պատասխան ասացին, որ այն անակնկալ էր իրենց համար, քանի որ իր բարձրաձայնած հարցերը մշտապես եղել են իրենց ուշադրության կենտրոնում՝ այդ թվում, ապօրինի կրպակների շինարարության հարցը. «Եվ անհասկանալի է, թե ուրիշ ինչ այլ նկատառումներ ու պահանջներ է ունեցել, որոնք չեն բավարարվել կուսակցության կողմից: Ամեն դեպքում, ցանկացած կուսակցություն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ, առավել եւս՝ ընդդիմադիր կուսակցությունը չունի որեւէ ռեսուրս նման խնդիրներ լուծելու համար: «Ժառանգության» բազմաթիվ անդամներ այժմ էլ չունեն աշխատանք, սակայն դա նրանց համար պատճառ չի դառնում ոչ նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելու կուսակցության նկատմամբ, եւ ոչ էլ առավել եւս՝ արտագաղթելու»: