Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի լավ է զուգարան գնալու ցանկությունը տուրիստը զսպի, բայց` չթալանվի

Նոյեմբեր 13,2012 14:45

Ավիատոմսերի բարձր գներ, տուրիստական վայրերում աղբամանների ու զուգարանների բացակայություն, տաքսիստների կողմից «կրակած» սակագներ: Սրանք այն դժգոհություններն են, որ մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին դժգոհությունների առիթ են տալիս: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում

տեղի ունեցած ասուլիսում էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը  վստահեցրեց, որ դրանք լուծվող հարցեր են եւ ընդամենը ժամանակ են պահանջում, փոխարենը հիշեցրեց, որ մեր երկիրը տուրիստների համար շատ ավելի ապահով է, քան տասնյակ զարգացած երկրներ. «Այսօր տուրիստական հայտնի երկրներում ասում են այս թաղ չգնաք, այն թաղ չգնաք, դա մեր քաղաքի ամենագրավիչ վայրն է, բայց այդտեղ արաբներ կան, այս ժամից հետո դուրս չգաք, այստեղ ալժիրցիներ կան եւ այլն: Ավելի լավ է մի քիչ անհարմարություններ լինի, բայց հոգեպես դու շատ ապահով զգաս քեզ այդ երկրում: Եթե ժամանակի մեջ նայենք, աճի տեմպերն աննախադեպ է մեր երկրում` օդանավակայանը, ճանապարհները, ինֆրակառուցվածքները, իսկ ի՞նչ էինք ժառանգել խորհրդային տարիներից ու պատերազմից»:

Ավիատոմսերի գները զսպելու համար պարոն Պետրոսյանը գտնում է, որ մրցակցային դաշտ պետք է ստեղծել եւ «Հայաստանի երկինքը այլ ավիաընկերությունների համար էլ բացել»: Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարած փոփոխությունից հետո պետությունը գազալցակայանների եւ բենզալցակայանների սեփականատերերին պարտադրել է օբյեկտի շրջակայքում հանրային զուգարաններ ունենալ:

Փոխնախարարն անդրադառնալով օրերս աղմուկ բարձրացրած պատմական վայրերից հուշարձանները մայրաքաղաք տեղափոխելու խնդրին, ասաց, որ այդ նմուշները հավերժ չեն մնալու Երեանում եւ այդ նախաձեռնությունը որեւէ  բացասական անդրադարձ չի ունենալու հայկական մշակութային ժառանգության պահպանության վրա. «Դրանք բերվել են որոշակի ծրագրի շրջանակներում, կխնամվեն, կվերականգնվեն, կվերադարձվեն հետ: Կան երկրներ, որ դրանք տանում են, ոչ թե իրենց երկրի բուն թանգարան, այլ տանում են այնտեղ, որտեղ շատ արժեք ունեցող էքսպոնատներ կան եւ ամբողջ աշխարհում պտտվում են դրանք, երկիր ներկայացնելու համար դու պիտի կարողանաս այդ ցուցանմուշը դարձնես ավելի ճկուն եւ մոբիլ»:

Տուրիզմի ոլորտի պատասխանատուն նաեւ փաստեց, որ զբոսաշրջության զարգացման հիմնական բանալին պետության եւ մասնավոր համագործակցության էֆեկտիվությունն է. «Այդպիսի շաբաթ չկա, որ մասնավոր հատվածի հետ քննարկումներ չունենանք, թե իրենց բիզնեսին ինչն է խոչընդոտում` սկսած հարկային օրենսդրությունից, վերջացրած աղբամանների, սանհանգույցների հարցերով»:
Պարոն Պետրոսյանի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկիր այցելած տուրիստների թիվը 9,4 %-ով աճել է: Հայաստան է այցելել 603 հազար զբոսաշրջիկ: Այցելություններ ունենք անգամ Բրազիլիայից, Ուրուգվայից, Սինգապուրից, Արգենտինայից, Մալազիայից: Ներգնա տուրիզմի մասով նույնպես աճ է գրանցվել: Հարցին, թե արդյոք պետության ներդրած սոցփաթեթներով (պետական ծառայողները դրանցով կարող են մեր երկրի ներսում եւ ԼՂՀ-ում հանգստանալ) է պայմանավորված ներգնա տուրիզմի աճը, փոխնախարարն ասաց` այո:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930