Այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե, այնուամենայնիվ, ինչու այսօր էլ չի եկել վարչապետը: Հիշեցնենք, որ երեկ էլ այդ հարցը բարձրացվել էր: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ «Գուցե հրաժարական է տվել եւ գաղտնի՞ եք պահում, որովհետեւ չի եղել մի դեպք, երբ վարչապետը բյուջեն չներկայացնի խորհրդարանին»: Վաչե Գաբրիելյանը վստահեցրեց, որ վարչապետը ողջ-առողջ է եւ շարունակում է պաշտոնավարել:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց, թե ինչու չի եկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ պարզաբանեց, որ նա վատառողջ է, հետեւաբար բացակայությունը հարգելի է:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարց ուղղեց Վաչե Գաբրիելյանին, թե ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի դատավորների աշխատավարձերը նվազեն. «Դատավորները ՀՀ-ում աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում, եւ դրա արդյունքում մենք ունենք մի դատական համակարգ, որտեղ դատավորները վճիռ կայացնում են՝ առանց նույնիսկ ամբաստանյալներին վերջին խոսքի հնարավորություն տալու: Ես ընդամենը երեկվա իրադարձությունների մասին եմ խոսում, երբ առանց պաշտպանների, փաստաբանների միջնորդությունները լսելու: Ինչքա՞ն միջոց եք պատրաստ վճարելու եվրադատարաններին»:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Բյուջեում եվրադատարանների համար միջոցներ կանխատեսելը տրամաբանական չէ, որովհետեւ երբեւէ որեւէ վճիռ չի կայացվում այն տրամաբանությամբ, որ դա սխալ է լինելու եւ դրա համար պետք է վճարել: Ես չեմ կարծում, որ կգտնեք որեւէ երկիր կամ կառավարություն, որ նմանօրինակ բյուջեի ծրագրավորում իրականացնի: Եթե լինում են վճիռներ, որոնք ինչ-ինչ պատճառներով սխալ են, ապա այդ վճիռների հատուցման համար կարող են ՀՀ-ում էլ բողոքարկել եւ սխալ արդյունքները ճշգրտվել, դրանք վճարվում են պահուստային ֆոնդից: Իսկ իրավական պրոցեսների վերաբերյալ ձեր գնահատականները, կարծում եմ, չեն համապատասխանում իրականությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ