Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե պոռնոգրաֆիա քարոզեք»

Նոյեմբեր 13,2012 13:48

Լիբանանահայ ասմունքող Հակոբ Գույումճյանը հեգնում է հայաստանյան TV-ներին

Դժվար է վերջնական պատասխան տալ. արդյոք ասմունքը առանձի՞ն ժանր է, թե՞ լրացնում է դերասանական արվեստը։ Փաստն այն է, որ ասմունքի միջոցով ծանոթանում ենք գրականության նմուշներին ու այն որպես էստրադային ժանր վաղուց մտել է մեր իրականություն՝ ձեւավորելով նույնիսկ սեփական դպրոց։ Հիշենք Սուրեն Քոչարյանին, Թամար Դեմուրյանին, Հրաչուհի Ջինանյանին, Սիրվարդ Մեսրոպյանին, Սուսաննա Գաբրիելյանին, մեր ժամանակակիցներ՝ Սիլվա Յուզբաշյանին, Վոլոդյա Աբաջյանին, որոնք զտարյուն ասմունքողներ են։ Քիչ չեն թատրոնի այն արտիստները, ովքեր ասմունքը դիտարկում են դերասանական արվեստի ժանր։ Մի փաստ էլ՝ արեւմտյան էստրադայում գրեթե չենք հանդիպում ասմունքողների, ուստի կարելի է հետեւություն անել, որ ասմունքը ԽՍՀՄ-ի ծնունդ է։

«Առավոտը» հանդիպեց Սփյուռքում ճանաչված ասմունքող, լիբանանահայ Հակոբ Գույումճյանին։ Մեր զրուցակիցը հայտնեց, թե բեմում է դեռեւս 1967-ից՝ իբրեւ «Հայհամերգի» մենակատար։ Մանրամասնեց, որ 60-ականներին հայրենիքում ճարտարապետական բարձրագույն կրթություն է ստացել, հետո նկատել են իբրեւ ասմունքող ու վստահել բեմը։ Ուսման տարիներն ավարտելուն պես նա վերադարձել է ծննդավայր եւ միայն 1978-ին Վարդգես Պետրոսյանի հրավերով առաջին ու վերջին անգամ եկել է Երեւան, ունեցել մենահամերգ։ Պարոն Գույումճյանն ասաց, որ իբրեւ ճարտարապետ Լիբանանում եւ Արեւմուտքում իր նախագծերով մի շարք շինություններ են կառուցվել, իսկ 90-ականներին առաջարկ է ստացել Արցախում հյուրանոցային համալիր նախագծել: Վերջինս այդպես էլ ավարտին չի հասցրել։ Հարցապնդմանը՝ ինչո՞ւ հայրենիքում ճարտարապետական եւ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի եկել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ, Արցախում նախագծվածը պետք է փոքրիկ հյուրանոց լիներ բարձրաստիճան զինվորականների խրախճանքների համար, ինչի մասին տեղյակ էր նաեւ Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Նախագիծը կյանքի չկոչվեց, ու ես մեծ հիասթափություն ապրեցի…Ի դեպ, ես շուրջ 40 տարի ասմունքին զուգահեռ ճարտարապետական նախագծեր եմ իրականացրել, որոնց 80%-ը կյանքի է կոչվել գաղթօջախներում ու արաբական երկրներում: Ինչ վերաբերում է 90-ականներին, այդ տարիներին հայաստանցի ճարտարապետներն էին հայաստանում անգործ, ես ինչպե՞ս աշխատեի…»։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 14-ին կկայանա Հակոբ Գույումճյանի մենահամերգը։ Ասմունքողի խոսքերով՝ իր նպատակն է ուշադրություն հրավիրել այս ժանրի վրա, որի նվիրյալներին վերջին շրջանում կարելի է մատների վրա հաշվել. «Ծրագրում ընդգրկված հայ գրողների երկերով ցանկությունս է «մեսիջ» հղել հայրենակիցներիս, քանի որ վերջին շրջանում մարդը կորցնում է մարդ լինելու գաղափարը…»։ Արտիստը Երեւանում գտնվելու այս օրերին նեղսրտած է։ Հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հայաստանյան TV-ները չեն անդրադառնում ասմունքի ժանրին, ու ստացել պատասխան՝ ասմունքը «ռեյտինգ» չունի Հայաստանում։ «Ուզում եմ խոսքս ուղղել նման կառավարիչներին՝ օրինակ, պոռնոգրաֆիան շահութաբեր բիզնես է, դե այդ տրամաբանությամբ՝ 24 ժամ թող ցուցադրեք այդպիսի հաղորդումներ ու ֆիլմեր»,- հեգնում է Գույումճյանը։

Ասմունքի ժանրում արտիստը հանդես է գալիս «անզեն»՝ իր բնական տեսքով ու տպավորիչ խոսքով։ Նա ներկայացնելու է Չարենց, Սեւակ, Թեքեյան, Դավոյան, Սահյան, Դավթյան, Կապուտիկյան եւ Սայաթ-Նովա։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930