Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք տալու հնարավորություն տվեք

Նոյեմբեր 13,2012 13:46

Զինծառայության օրենքում փոփոխության առաջարկություն

Առաջարկում եմ զինվորական ծառայությանն այլընտրանք ընձեռելու հնարավորություն տալ՝ բանակին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու եղանակով, որը կօգնի բանակի պրոֆեսիոնալ հատվածի կայացմանը: Սակայն դրա համար մենք պետք է հայկական բանակը դիտարկենք ոչ թե որպես մի կառույց, որից բոլորը սարսափում են եւ խուսափում, այլ այնտեղ ծառայելը պետք է լինի ցանկալի եւ պատվաբեր: Եվ այդ դեպքում, եթե լինեն մարդիկ, իսկ նրանք վստահաբար կլինեն տարբեր պատճառներով, որոնք չեն ցանկանա ծառայել, ապա նրանք պարտավորված կլինեն օժանդակեն բանակին ֆինանսապես:

Փաստորեն, մենք բաժանում ենք զինծառայողներին երկու հիմնական խմբի՝ պրոֆեսիոնալ եւ զորակոչով ծառայողների:

Եթե ապագա զինծառայողը ցանկություն ունի ազատվելու բանակից, նա պարտավորվում է «Բանակի աջակցման ֆոնդին» վճարել պրոֆեսիոնալ զինծառայողի միջին աշխատավարձի 24 -ապատիկը, որը երկու տարվա ընթացքում մեկ զինվորի վրա ծախսվող գումարն է: Այդ վճարումը կատարելու բացի անձնական մուծումից, կարող են եւ այլ մեխանիզմներ գործել: Օրինակ. եթե զորակոչի ենթակա անձը աշխատում է մի հիմնարկում, որտեղ նա պահանջված մասնագետ է, ապա գործատուն իր ցանկությամբ կարող է ունենալ հնարավորություն կատարելու այդ վճարումը՝ իր արժեքավոր աշխատողից երկու տարով չզրկվելու համար, կամ՝ եթե արվեստի կամ գիտության բնագավառի ներկայացուցիչ է, ապա նրա փոխարեն այդ վճարումը կարող է անել որեւէ հովանավոր, որը գնահատում է նրա տաղանդը:

Որպեսզի այս առաջարկությունը հիմնավորվի նաեւ վիճակագրական փաստերով, պետք է ունենալ տվյալներ, թե 2000թ.-ից մինչ այսօր սովորելու եւ գիտությամբ զբաղվելու նպատակով քանի հոգի է ազատվել զինծառայությունից: Դա որոշակի պատկերացում կտա մեզ նաեւ բանակում գոյություն ունեցող կոռուպցիոն հնարավորությունների մասին: Ինչպես նաեւ անհրաժեշտ է ուսումնասիրություն կատարել, թե բանակում ծառայելուց հետո քանիսն են շարունակել ուսումը, քանիսն են աշխատել իրենց մասնագիտությամբ եւ այլն:

Առաջարկության

օգտակարությունը

Մեր առաջարկությունը կնպաստի պրոֆեսիոնալ բանակի ձեւավորմանը, որը նշանակում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում:

Կուժեղացնի սահմանի պրոֆեսիոնալ պաշտպանությունը:

Կօժանդակի զորակոչով ծառայության որակի բարձրացմանը, այնտեղից հեռացնելով նրանց, ովքեր կամ ֆիզիկապես, կամ հոգեբանորեն ծառայության համար բավարար պիտանի չեն:

Կնպաստի գիտության եւ արվեստի զարգացմանը, որովհետեւ երկու տարի ընդհատումը այդ ասպարեզներում հաճախ լինում է ճակատագրական:

Զգալիորեն կնվազեցնի կաշառակերության հնարավորությունները բանակում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում, քանի որ այլեւս կվերանա բանակից ազատվելու համար տրվող կաշառքը: Այն կփոխարինվի «Բանակի աջակցման հիմնադրամին» օրինական փոխանցումով:

Կօժանդակի սահմանամերձ գյուղերի բնակեցմանը եւ ուժեղացմանը, քանի որ ամեն մի պրոֆեսիոնալի մուտքը սահման՝ այնտեղ իր հետ կտանի իր ընտանիքը եւ նրանց սպասարկող անձնակազմը:

Միաժամանակ չափազանց կարեւոր եմ համարում մեր ազգային բանակում գիտակից կարգապահության հաստատումը, հարգանքի մթնոլորտը, ծառայողների զբաղվածությունը եւ այդ ամենի արդյունքում բանակի հեղինակության եւ վարկանիշի բարձրացումը: Վստահ եմ, որ առաջարկված փոփոխությունը կօգնի այդ ամենի իրագործմանը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930